Հոդված 11.14. Փաստահավաք հանձնաժողովի անդամի վարքագծի և էթիկայի կանոնները
Հոդված 11.14. Փաստահավաք հանձնաժողովի անդամի վարքագծի և էթիկայի կանոնները
1. Փաստահավաք հանձնաժողովի անդամը ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում պարտավոր է՝
1) զերծ մնալ Փաստահավաք հանձնաժողովի անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց.
2) մասնակցել Փաստահավաք հանձնաժողովի աշխատանքներին, բարեխղճորեն և լիարժեք կատարել իր պարտականությունները.
3) դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն.
4) թույլ չտալ շահերի բախում, բացառել ընտանեկան, հասարակական կամ այլ բնույթի հարաբերությունների՝ իր լիազորությունների իրականացման վրա որևէ ազդեցություն.
5) ձեռնպահ մնալ Փաստահավաք հանձնաժողովի գործունեությունը և զեկույցները հրապարակայնորեն կասկածի տակ առնելուց, բացառությամբ Փաստահավաք հանձնաժողովի որոշումների և զեկույցների կապակցությամբ հատուկ կարծիք ներկայացնելու դեպքերի.
6) իր լիազորությունները և, որպես Փաստահավաք հանձնաժողովի անդամ, իր իրավունքներն իրականացնելու կապակցությամբ իր գործունեությանը միջամտելու կամ այլ ներգործության վերաբերյալ անհապաղ հայտնել Փաստահավաք հանձնաժողովի նախագահին:
2. Սույն գլխի իմաստով՝ շահերի բախումն իրավիճակ է, երբ Փաստահավաք հանձնաժողովի անդամի մասնավոր շահերն ազդում են կամ կարող են ազդել վերջինիս՝ սույն օրենքով սահմանված լիազորությունների անաչառ և օբյեկտիվ կատարման վրա:
3. Փաստահավաք հանձնաժողովը սահմանում է Փաստահավաք հանձնաժողովի անդամի էթիկայի կանոնները: Փաստահավաք հանձնաժողովի անդամի էթիկայի կանոնները Փաստահավաք հանձնաժողովի անդամի անձնական և վարքագծային սահմանափակումներ են, որոնք նա ընդունում է գիտակցաբար և ինքնակամ՝ նպատակ ունենալով բարձր պահել Փաստահավաք հանձնաժողովի անդամի և Փաստահավաք հանձնաժողովի հեղինակությունը, ապահովել իր արդարամտության, բարեկրթության և հավասարակշռվածության հասարակական ընկալումը, նպաստել Փաստահավաք հանձնաժողովի գործունության չեզոքության և օբյեկտիվության սկզբունքների ապահովմանը:
4. Փաստահավաք հանձնաժողովի անդամի կողմից սույն հոդվածով սահմանված վարքագծի կանոնները խախտելը առաջացնում է կարգապահական պատասխանատվություն:
5. Փաստահավաք հանձնաժողովի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննում է Հանրային խորհուրդը՝ Փաստահավաք հանձնաժողովի նախագահի կամ առնվազն երեք անդամի միջնորդության հիման վրա:
6. Փաստահավաք հանձնաժողովի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումն ընդունվում է Հանրային խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
7. Փաստահավաք հանձնաժողովի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննելու արդյունքում Հանրային խորհուրդը կարող է նրա նկատմամբ կիրառել կարգապահական տույժերի հետևյալ տեսակներից մեկը.
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցում:
8. Էական կարգապահական խախտում է համարվում երկու նկատողություն կամ մեկ խիստ նկատողություն ունեցող Փաստահավաք հանձնաժողովի անդամի կողմից կարգապահական խախտում կատարելը: