Հոդված 6
Հոդված 6
1. Մաքսատուրք վճարողին ընձեռվում է մաքսատուրքերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորություն, եթե առկա է հետևյալ հիմքերից մեկը՝
1) տարերային աղետի, տեխնոլոգիական աղետի կամ անհաղթահարելի ուժի այլ հանգամանքների հետևանքով անձին վնաս պատճառելու դեպքում,
2) մաքսատուրք վճարողին դաշնային (հանրապետական) բյուջեից ֆինանսավորումը կամ այդ անձի կողմից կատարված պետական պատվերի համար վարձատրությունն ուշացնելու դեպքում,
3) արագ փչացող ապրանքներ ներմուծելու դեպքում,
4) այն միջազգային պայմանագրերի շրջանակներում մատակարարումներ իրականացնելու դեպքում, որոնց կողմերից մեկը Մաքսային միության անդամ պետությունն է, եթե Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված չէ, որ սույն հանգամանքը մաքսատուրքերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորություն ընձեռելու համար հիմք չէ,
5) Մաքսային միության հանձնաժողովի կողմից հաստատված՝ ներմուծվող օտարերկրյա օդանավերի և դրանց լրամասերի առանձին տեսակների ցանկում ներառված այն ապրանքների ներմուծման դեպքում, որոնց մասով կարող է ընձեռվել մաքսատուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորություն,
6) գյուղատնտեսական գործունեություն կամ նշված կազմակերպությունների համար մատակարարումներ իրականացնող կազմակերպությունների կողմից տնկանյութի կամ սերմանյութի, բույսերի պաշտպանության միջոցների, Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8424 81, 8433 51, 8433 59 ենթադիրքերում ընդգրկված գյուղատնտեսական տեխնիկայի, կենդանիների կերակրման համար նախատեսված ապրանքների ներմուծման դեպքում՝ բացառությամբ կատուների, շների և դեկորատիվ թռչունների,
7) ապրանքների, այդ թվում՝ հումքի, նյութերի, տեխնոլոգիական սարքավորումների, դրանց կոմպլեկտավորող տարրերի և պահեստամասերի ներմուծման դեպքում` արդյունաբերական վերամշակման ընթացքում դրանք օգտագործելու համար:
Սույն կետի առաջին մասի 7-րդ ենթակետում նշված ապրանքների ցանկը կարող է սահմանվել Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ:
Սույն Համաձայնագրի նպատակների համար «արդյունաբերական վերամշակում» նշանակում է արտադրության մեջ ապրանքների օգտագործումը նոր ապրանքներ ստանալու համար, որոնց ծածկագիրը, Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի համաձայն, ցանկացած առաջին չորս նիշերի մակարդակով տարբերվում է արդյունաբերական վերամշակման համար ներմուծվող ապրանքների ծածկագրից:
2. Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ կարող են սահմանվել Մաքսային միության անդամ պետության այն մարմինները, որոնք իրավասու են հաստատելու սույն հոդվածի 1-ին կետում նշված հիմքերը:
3. Մաքսային միության հանձնաժողովի կողմից կարող են մաքսատուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորություն ընձեռելու համար սահմանվել այլ հիմքեր կամ կասեցվել սույն հոդվածի 1-ին կետում նշված՝ մաքսատուրքերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորություն ընձեռելու համար առկա հիմքեր: