Հոդված 53
Հոդված 53
Արտադրանքի շրջանառությունն ու Միության տեխնիկական կանոնակարգերի գործողությունը
1. Միության տարածքում շրջանառության մեջ դրվող արտադրանքը պետք է անվտանգ լինի։
Այն արտադրանքի անվտանգության ապահովման և շրջանառության կանոններն ու կարգը, որին ներկայացվող պահանջները սահմանված չեն Միության տեխնիկական կանոնակարգերով, սահմանվում են Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրով։
2. Այն արտադրանքը, որի մասով ուժի մեջ է մտել Միության տեխնիկական կանոնակարգ (Միության տեխնիկական կանոնակարգեր), Միության տարածքում շրջանառության մեջ է դրվում՝ պայմանով, որ այն անցել է Միության տեխնիկական կանոնակարգով (Միության տեխնիկական կանոնակարգերով) սահմանված համապատասխանության գնահատման անհրաժեշտ ընթացակարգերը։
Անդամ պետություններն իրենց տարածքում ապահովում են Միության տեխնիկական կանոնակարգի (Միության տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին համապատասխանող արտադրանքի շրջանառությունը՝ առանց ներկայացնելու Միության տեխնիկական կանոնակարգում ներառված՝ այդ արտադրանքին ներկայացվող պահանջներից բացի լրացուցիչ պահանջներ և առանց իրականացնելու համապատասխանության գնահատման լրացուցիչ ընթացակարգեր։
Սույն կետի երկրորդ պարբերության դրույթները չեն տարածվում սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների իրականացման վրա։
3. Միության տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից անդամ պետությունների տարածքներում արտադրանքին, կամ արտադրանքին և դրան ներկայացվող պահանջների հետ կապված՝ նախագծման (ներառյալ հետազննման), արտադրության, շինարարության, մոնտաժի, կարգաբերման, շահագործման, պահման, փոխադրման, իրացման և ուտիլիզացման գործընթացներին ներկայացվող համապատասխան պարտադիր պահանջները, որոնք սահմանված են անդամ պետությունների օրենսդրությամբ կամ Հանձնաժողովի ակտերով, գործում են միայն անցումային դրույթներով սահմանված մասով, և Միության տեխնիկական կանոնակարգով և (կամ) Հանձնաժողովի ակտով սահմանված անցումային դրույթների գործողության ավարտի ամսաթվից չեն տարածվում արտադրանքը շրջանառության մեջ դնելու, տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանությունը գնահատելու, Միության տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողության (վերահսկողության) վրա։
Սույն կետի առաջին պարբերության դրույթները չեն տարածվում սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների իրականացման վրա։
Արտադրանքին կամ արտադրանքին և դրան ներկայացվող պահանջներին առնչվող՝ նախագծման (ներառյալ հետազննման), արտադրության, շինարարության, մոնտաժի, կարգաբերման, շահագործման, պահման, փոխադրման, իրացման և ուտիլիզացման գործընթացներին ներկայացվող՝ մինչև Միության տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելը Հանձնաժողովի ակտերով սահմանված պարտադիր պահանջներն ընդգրկվում են Միության տեխնիկական կանոնակարգերում։
4. Միության տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողությունն (վերահսկողությունն) իրականացվում է անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով։
Միության տեխնիկական կանոնակարգերի պահպանման նկատմամբ պետական հսկողության (վերահսկողության) ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման սկզբունքներն ու մոտեցումները սահմանվում են Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրով։
5. Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջները չպահպանելու, ինչպես նաև Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման ընթացակարգերը խախտելու համար պատասխանատվությունը սահմանվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։