Անցնել բովանդակությանը

Հոդված 95

գործել է մինչև 2019-03-12Բացել ARLIS-ում

Հոդված 95

Համաձայնեցված (համակարգված) ագրոարդյունաբերական քաղաքականության հիմնական ուղղությունները և գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցության միջոցները

1. Համաձայնեցված (համակարգված) ագրոարդյունաբերական քաղաքականության խնդիրների լուծումը ենթադրում է միջպետական փոխգործակցության մեխանիզմների կիրառում հետևյալ հիմնական ուղղություններով`

1) ագրոարդյունաբերական համալիրում կանխատեսումների իրականացում,

2) գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցություն,

3) ընդհանուր ագրարային շուկայի կարգավորում,

4) արտադրանքի արտադրության և շրջանառության ոլորտում միասնական պահանջների մշակում,

5) գյուղատնտեսական արտադրանքի և պարենի արտահանման զարգացում,

6) ագրոարդյունաբերական համալիրի գիտական ու նորարարական գործունեության զարգացում,

7) ագրոարդյունաբերական համալիրի ինտեգրացված տեղեկատվական ապահովում։

2. Համաձայնեցված (համակարգված) ագրոարդյունաբերական քաղաքականության շրջանակներում միջոցների իրականացման նպատակով տարին մեկ անգամից ոչ պակաս անդամ պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվում են Հանձնաժողովի կողմից կազմակերպվող կանոնավոր խորհրդակցություններ, այդ թվում՝ «զգայուն» գյուղատնտեսական ապրանքների վերաբերյալ։ Խորհրդակցությունների արդյունքների հիման վրա սույն հոդվածի 1-ին կետով սահմանված հիմնական ուղղությունների շրջանակներում մշակվում են համաձայնեցված (համակարգված) ագրոարդյունաբերական քաղաքականության իրականացման հետ կապված առաջարկություններ։

3. Համաձայնեցված (համակարգված) ագրոարդյունաբերական քաղաքականությունն իրականացնելիս անդամ պետությունները հաշվի են առնում գյուղատնտեսության ոլորտի գործունեության առանձնահատուկ բնույթը, որը պայմանավորված է ոչ միայն ճյուղի արդյունաբերական, տնտեսական, այլ նաև դրա սոցիալական նշանակությամբ, անդամ պետությունների տարածաշրջանների ու տարածքների միջև կառուցվածքային ու բնակլիմայական պայմանների տարբերություններով։

4. Ինտեգրացիոն փոխգործակցության այլ ոլորտներում, այդ թվում՝ գյուղատնտեսական արտադրանքի և պարենի նկատմամբ սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) միջոցառումների ապահովման ոլորտում քաղաքականությունն իրականացվում է՝ հաշվի առնելով համաձայնեցված (համակարգված) քաղաքականության ագրոարդյունաբերական նպատակները, խնդիրներն ու ուղղությունները։

5. Միության շրջանակներում գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցությունն իրականացվում է սույն Պայմանագրի 29-րդ հավելվածով սահմանված մոտեցումներին համապատասխան։

6. Սույն հոդվածի և սույն Պայմանագրի 29-րդ հավելվածի հետ կապված վեճերը կարգավորվում են, առաջին հերթին, Հանձնաժողովի մասնակցությամբ անցկացվող բանակցությունների ու խորհրդակցությունների միջոցով։ Եթե վեճը խորհրդակցությունների ու բանակցությունների միջոցով չի կարգավորվում դրանց անցկացման վերաբերյալ՝ վեճն սկսած անդամ պետության կողմից որպես պատասխանող պետությանը հասցեագրված պաշտոնական գրավոր դիմումը ներկայացնելու օրվանից հետո 60 օրացուցային օրվա ընթացքում, ապա հայցվոր պետությունն իրավունք ունի այդ վեճը հանձնելու Միության դատարանի քննությանը։

Բանակցություններ և խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ պաշտոնական գրավոր դիմում ներկայացնելու դեպքում հայցվոր անդամ պետությունն այդպիսի դիմումը ներկայացնելու օրվանից 10 օրացուցային օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է Հանձնաժողովին։

7. Համաձայնեցված (համակարգված) ագրոարդյունաբերական քաղաքականության իրականացման համար Հանձնաժողովը`

1) անդամ պետությունների հետ, վերապահված լիազորությունների շրջանակներում, մշակում, համակարգում և իրականացնում է համաձայնեցված (համակարգված) ագրոարդյունաբերական քաղաքականության հիմնական ուղղությունները,

2) համակարգում է անդամ պետությունների կողմից՝ ագրոարդյունաբերական համալիրի զարգացման, գյուղատնտեսական արտադրանքի և պարենի պահանջարկի ու առաջարկի վերաբերյալ համատեղ կանխատեսումներ պատրաստելու ժամանակ իրականացվող գործունեությունը,

3) համակարգում է անդամ պետությունների կողմից ագրոարդյունաբերական համալիրի և դրա առանձին ճյուղերի զարգացման ծրագրերը միմյանց տրամադրելու գործընթացը,

4) դիտանցում է անդամ պետությունների ագրոարդյունաբերական համալիրների զարգացման, անդամ պետությունների կողմից ագրոարդյունաբերական համալիրների պետական կարգավորման միջոցների, այդ թվում՝ գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցության միջոցների կիրառումը,

5) անցկացնում է արտադրվող արտադրանքի գնի դիտարկում և մրցունակության վերլուծություն՝ ըստ անդամ պետությունների կողմից համաձայնեցված անվանացանկի,

6) աջակցում է ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում անդամ պետությունների օրենսդրության, այդ թվում՝ գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցության ոլորտում օրենսդրության ներդաշնակեցմանը, ինչպես նաև գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցության ոլորտում պարտավորությունների պահպանման հետ կապված վեճերի կարգավորման հարցերով խորհրդակցությունների և բանակցությունների կազմակերպմանը,

7) իրականացնում է գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցության ոլորտում անդամ պետությունների օրենսդրության դիտանցում և համեմատական-իրավական վերլուծություն՝ Միության շրջանակներում ստանձնված պարտավորություններին դրա համապատասխանության մասով,

8) պատրաստում և անդամ պետություններին է տրամադրում ագրոարդյունաբերության համալիրի և անդամ պետություններում գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցության ոլորտում պետական քաղաքականության վերաբերյալ համառոտ ակնարկներ, այդ թվում՝ գյուղատնտեսական աջակցության արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկություններ,

9) աջակցություն է ցուցաբերում անդամ պետություններին գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցության ծավալների հաշվարկման հետ կապված հարցերում,

10) անդամ պետությունների հետ մշակում է ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում արտահանման ներուժի զարգացմանն ուղղված համաձայնեցված գործողությունների իրականացման վերաբերյալ առաջարկություններ,

11) համակարգում է ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում անդամ պետությունների կողմից համատեղ գիտանորարարական գործունեության իրականացման ժամանակ, այդ թվում՝ անդամ պետությունների կողմից միջպետական ծրագրերի իրագործման շրջանակներում կատարվող գործողությունները,

12) համակարգում է անդամ պետությունների կողմից` տոհմային կենդանիներից ստացվող արտադրանքի ներմուծման, արտահանման և Միության մաքսային տարածքով տեղափոխման պայմանների, տոհմային կենդանիների տոհմային արժեքի սահմանման մեթոդների, ինչպես նաև տոհմային վկայականների (հավաստագրերի, անձնագրերի) ձևերի հետ կապված միասնականացված պահանջների մշակման և կատարման գործընթացը,

13) համակարգում է գյուղատնտեսական բույսերի սորտափորձարկման և սերմնաբուծության, ինչպես նաև անդամ պետությունների կողմից՝ սերմերի սորտային ու ցանքային որակը հաստատող փաստաթղթերի փոխադարձ ճանաչման ոլորտում միասնականացված պահանջների մշակման և կատարման գործընթացը,

14) աջակցություն է ցուցաբերում համաձայնեցված (համակարգված) ագրոարդյունաբերական քաղաքականության հիմնական ուղղությունների շրջանակներում հավասար մրցակցային պայմանների ապահովման հարցում։

Բաժին XXVI

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՄԻԳՐԱՑԻԱՆ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։