Հոդված 58
Հոդված 58
Անասնաբուժասանիտարական միջոցառումների իրականացումը
1. Անասնաբուժասանիտարական միջոցառումներն իրականացվում են Միության մաքսային տարածք ներմուծվող և Միության մաքսային տարածքով տեղափոխվող ապրանքների (այդ թվում՝ անձնական օգտագործման ապրանքների) նկատմամբ, որոնք ներառված են անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների՝ Հանձնաժողովի կողմից հաստատվող միասնական ցանկում, ինչպես նաև անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա օբյեկտների նկատմամբ։
2. Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների և օբյեկտների նկատմամբ կիրառվում են Հանձնաժողովի կողմից հաստատվող միասնական անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) պահանջներ։
3. Կենդանիների, այդ թվում՝ մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների հարուցիչների և միասնական անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) պահանջներին չհամապատասխանող ապրանքներ ներմուծելու և տարածումը կանխարգելելու նպատակով անասնաբուժական հսկողություն (վերահսկողություն) է իրականացվում անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա` հսկողության վերցված ապրանքների, այդ թվում՝ անձնական օգտագործման ապրանքների, ինչպես նաև Հանձնաժողովի ակտերին համապատասխան անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա օբյեկտների նկատմամբ։
Անդամ պետությունների՝ կենդանիների հատուկ վտանգավոր, կարանտինային և զոոնոզ հիվանդությունների կանխարգելմանը, ախտորոշմանը, օջախների տեղայնացմանն ու վերացմանն ուղղված փոխգործակցությունն իրականացվում է Հանձնաժողովի կողմից հաստատվող կարգով։
4. Միության մաքսային տարածքով՝ անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա՝ հսկողության վերցված ապրանքների տեղափոխման ժամանակ անասնաբուժության ոլորտում լիազորված մարմիններն անասնաբուժական հսկողություն (վերահսկողություն) են իրականացնում անդամ պետությունների պետական սահմաններով անցման կետերում կամ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված այլ վայրերում, որոնք անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, սարքավորվում և ապահովվում են անասնաբուժական հսկողության (վերահսկողության) միջոցներով։
5. Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա՝ հսկողության վերցված ապրանքների յուրաքանչյուր խմբաքանակ Միության մաքսային տարածք է ներմուծվում Հանձնաժողովի կողմից հաստատվող միասնական անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) պահանջներին համապատասխան՝ պայմանով, որ առկա լինի անասնաբուժության ոլորտում այն անդամ պետության լիազորված մարմնի կողմից տրված թույլտվությունը, որի տարածք են ներմուծվում նշված ապրանքները, և (կամ) անասնաբուժական սերտիֆիկատը, որը տրամադրվում է նշված ապրանքն ուղարկող պետության իրավասու մարմնի կողմից։
6. Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա՝ հսկողության վերցված ապրանքները որևէ անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք են փոխադրվում միասնական անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) պահանջներին համապատասխան։ Նշված ապրանքներն ուղեկցվում են անասնաբուժական սերտիֆիկատով, եթե այլ բան սահմանված չէ Հանձնաժողովի կողմից։
Անդամ պետությունները փոխադարձաբար ճանաչում են անասնաբուժության ոլորտում լիազորված մարմինների կողմից տրամադրվող՝ Հանձնաժողովի կողմից հաստատվող միասնական ձևի անասնաբուժական սերտիֆիկատները։
7. Երրորդ երկրներում անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա՝ հսկողության վերցված ապրանքների արտադրության, վերամշակման, տրանսպորտային փոխադրման և (կամ) պահպանման դեպքում դրանց անվտանգության ապահովման հիմնական սկզբունքը վերահսկման արտասահմանյան պաշտոնական համակարգի աուդիտի անցկացումն է։
Անասնաբուժության ոլորտում լիազորված մարմիններն անցկացնում են անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա օբյեկտների վերահսկողության և ստուգման (տեսչական ստուգման) արտասահմանյան պաշտոնական համակարգերի աուդիտ՝ Հանձնաժողովի ակտերին համապատասխան։
8. Անդամ պետություններն իրավունք ունեն մշակելու և ներմուծելու ժամանակավոր անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) պահանջներ և միջոցառումներ՝ երրորդ երկրների կամ անդամ պետությունների տարածքներում կենդանահամաճարակային իրավիճակի վատթարացման մասին համապատասխան միջազգային կազմակերպություններից, անդամ պետություններից, ինչպես նաև երրորդ երկրներից պաշտոնական տեղեկություններ ստանալու դեպքում։
Նշված տեղեկությունների առկայության դեպքում, սակայն բավականաչափ գիտական հիմնավորվածության բացակայության կամ անհրաժեշտ ժամկետներում այն ներկայացնելու անհնարինության դեպքում անդամ պետությունները կարող են ձեռնարկել անհետաձգելի անասնաբուժասանիտարական միջոցառումներ։