Հոդված 94
Հոդված 94
Համաձայնեցված (համակարգված) ագրոարդյունաբերական քաղաքականության նպատակներն ու խնդիրները
1. Ագրոարդյունաբերական համալիրը և գյուղական տարածքներն ի նպաստ յուրաքանչյուր անդամ պետության և ընդհանրապես Միության բնակչության շահերի զարգացնելու, ինչպես նաև Միության շրջանակներում տնտեսական ինտեգրումն ապահովելու նպատակներով իրականացվում է համաձայնեցված (համակարգված) ագրոարդյունաբերական քաղաքականություն, ինչը ենթադրում է նաև սույն Պայմանագրով և ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում Միության շրջանակներում կնքվող միջազգային այլ պայմանագրերով նախատեսված կարգավորման մեխանիզմների կիրառում, անդամ պետությունների կողմից միմյանց և Հանձնաժողովին այն «զգայուն» գյուղատնտեսական ապրանքներից յուրաքանչյուրի արտադրության զարգացման պլանների (ծրագրերի) տրամադրում, որոնց ցանկը կազմվում է անդամ պետությունների առաջարկություների հիման վրա և հաստատվում է Հանձնաժողովի խորհրդի կողմից։
2. Համաձայնեցված (համակարգված) ագրոարդյունաբերական քաղաքականության հիմնական նպատակը մրցունակ գյուղատնտեսական արտադրանքի և պարենի արտադրության ծավալների օպտիմալացման համար անդամ պետությունների ռեսուրսային ներուժի արդյունավետ իրացումը, ընդհանուր ագրարային շուկայի կարիքների բավարարումը, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի արտահանման ավելացումն է։
3. Համաձայնեցված (համակարգված) ագրոարդյունաբերական քաղաքականության իրականացմամբ ապահովվում է հետևյալ խնդիրների լուծումը՝
1) գյուղատնտեսական արտադրանքի և պարենի արտադրության ու շուկաների հավասարակշռված զարգացում,
2) անդամ պետությունների սուբյեկտների միջև արդար մրցակցության, այդ թվում՝ ագրարային շուկայի հասանելիության հավասար պայմանների ապահովում,
3) գյուղատնտեսական արտադրանքի և պարենի շրջանառության հետ կապված պահանջների միասնականացում,
4) ներքին և արտաքին շուկաներում անդամ պետությունների արտադրողների շահերի պաշտպանություն։