Անցնել բովանդակությանը
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 101

գործել է մինչև 2021-07-15Բացել ARLIS-ում

Հոդված 101

VIII բաժնին առնչվող անցումային դրույթներ

1. Նախքան Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգիրքն ուժի մեջ մտնելը՝ Միությունում մաքսային կարգավորումն իրականացվում է «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագրին և անդամ պետությունների՝ մաքսային իրավահարաբերությունները կարգավորող այլ միջազգային պայմանագրերին համապատասխան, որոնք կնքվել են Մաքսային միության և միասնական տնտեսական տարածքի իրավապայմանագրային բազայի ձևավորման շրջանակներում և որոնք, սույն Պայմանագրի 99-րդ հոդվածին համապատասխան, կազմում են Միության իրավունքի մաս՝ հաշվի առնելով սույն հոդվածի դրույթները։

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված միջազգային պայմանագրերի կիրառման նպատակներով դրանցում օգտագործված հասկացություններն ունեն հետևյալ իմաստը՝

Մաքսային միության անդամ պետություններ՝ անդամ պետություններ՝ սույն Պայմանագրով սահմանված իմաստով,

Մաքսային միության միասնական մաքսային տարածք (Մաքսային միության մաքսային տարածք)՝ Միության մաքսային տարածք,

Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկ (Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ)՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ,

Մաքսային միության միասնական մաքսային սակագին՝ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագին,

Մաքսային միության հանձնաժողով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողով,

Մաքսային միության անդամ պետությունների կողմից կնքվող միջազգային պայմանագրեր՝ Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրեր, այդ թվում՝ անդամ պետությունների կողմից կնքվող միջազգային պայմանագրեր, որոնք, սույն Պայմանագրի 99-րդ հոդվածին համապատասխան, կազմում եմ Միության իրավունքի մասը,

Մաքսային միության մաքսային սահման (մաքսային սահման)՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահման,

Մաքսային միության ապրանք՝ Եվրասիական տնտեսական միության ապրանք։

3. Սույն հոդվածի 1-ին կետում նշված միջազգային պայմանագրերի կիրառման նպատակներով ոչ սակագնային կարգավորման միջոցները (այդ թվում՝ ընդհանուր բացառությունների, արտաքին ֆինանսական վիճակի պաշտպանության և վճարային հաշվեկշռի հավասարակշռության միակողմանիորեն ապահովման նպատակներով ներմուծվող միջոցները), տեխնիկական կանոնակարգման միջոցները, արտահանման վերահսկողության միջոցներն ու ռազմական նշանակության արտադրանքի նկատմամբ կիրառվող միջոցները, ինչպես նաև սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումներն ու ճառագայթային անվտանգության պահանջները համարվում են Միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների նկատմամբ կիրառվող արգելքներ և սահմանափակումներ։

Ընդ որում, ոչ սակագնային կարգավորման միջոցների, այդ թվում՝ ընդհանուր բացառությունների, արտաքին ֆինանսական վիճակի պաշտպանության և վճարային հաշվեկշռի հավասարակշռության միակողմանիորեն ապահովման նպատակներով ներմուծվող միջոցներին են դասվում սույն Պայմանագրի 46-րդ և 47-րդ հոդվածներով սահմանված միջոցները։

Սույն հոդվածի 1-ին կետում նշված միջազգային պայմանագրերի դրույթները չեն կիրառվում՝ բացառությամբ Մաքսային միության մաքսային օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի, որոնք վերաբերում են արգելքներ և սահմանափակումներ սահմանելուն և կիրառելուն (չկիրառելուն)։

Միության մաքսային սահմանով ապրանքների, այդ թվում՝ անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման դեպքում և (կամ) ապրանքները մաքսային ընթացակարգերով ձևակերպելիս արգելքների ու սահմանափակումների պահպանումը հաստատվում է Հանձնաժողովի կողմից սահմանված դեպքերում և կարգով կամ անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերով՝ սույն Պայմանագրին համապատասխան կամ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան սահմանված դեպքերում և կարգով արգելքների ու սահմանափակումների պահպանումը հաստատող փաստաթղթեր և (կամ) տեղեկություններ ներկայացնելու միջոցով։

Միության մաքսային սահմանով ապրանքներ տեղափոխելիս անասնաբուժասանիտարական, կարանտինային բուսասանիտարական, սանիտարահամաճարակային, ճառագայթային և պետական հսկողության (վերահսկողության) մյուս եղանակներն իրականացվում և ձևակերպվում են՝ սույն Պայմանագրին կամ Պայմանագրին համապատասխան ընդունված՝ Հանձնաժողովի ակտերին կամ անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերին կամ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

4. Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկը վարելու մասով Մաքսային միության մաքսային օրենսգրքի 51-րդ հոդվածը կիրառվում է՝ հաշվի առնելով սույն Պայմանագրի 45-րդ հոդվածի դրույթները։

5. Մաքսային միության մաքսային օրենսգրքի 7-րդ գլուխը կիրառվում է՝ հաշվի առնելով սույն Պայմանագրի 37-րդ հոդվածի դրույթները:

6. Մաքսային միության մաքսային օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ կետը չի կիրառվում:

Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը սահմանվում են սույն Պայմանագրի դրույթներին համապատասխան և գանձվում են Մաքսային միության մաքսային օրենսգրքով նախատեսված կարգով ներմուծման մաքսատուրք գանձելու նպատակով՝ հաշվի առնելով սույն Պայմանագրի 48-րդ և 49-րդ հոդվածների դրույթները, ինչպես նաև հաշվի առնելով հետևյալը՝

հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը ենթակա են վճարման ապրանքները մաքսային ընթացակարգերով ձևակերպելիս, որոնց պայմաններով, սույն հոդվածի 1-ին կետում նշված միջազգային պայմանագրերին համապատասխան, սահմանափակումներ են նախատեսվում հատուկ պաշտպանական, հակագնագցման, փոխհատուցման միջոցներ կիրառելիս,

հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկը, այդ տուրքերի վճարման պարտավորությունների առաջացումը և դադարումը, դրանց վճարման կարգի և ժամկետների սահմանումն իրականացվում է Մաքսային միության մաքսային օրենսգրքով ներմուծման մաքսատուրքերի համար նախատեսված կարգով՝ հաշվի առնելով սույն Պայմանագրով սահմանված առանձնահատկությունները:

«Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման (հակադեմփինգային) և փոխհատուցման միջոցների կիրառման մասին» արձանագրության 104-րդ և 169-րդ կետերին համապատասխան (սույն Պայմանագրի 8-րդ հավելված) հակագնագցման կամ փոխհատուցման տուրքեր կիրառելիս հակագնագցման, փոխհատուցման տուրքերը ենթակա են վճարման «Հակագնագցման կամ փոխհատուցման տուրքերի կիրառման մասին» Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 30 աշխատանքային օրվանից ոչ ուշ, ինչպես նաև հաշվեգրման ու բաշխման՝ նշված Արձանագրության հավելվածով սահմանված կարգով։

Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման ժամկետների փոփոխություն՝ վճարումը երկարաձգելու կամ տարաժամկետ կատարելու ձևով, չի թույլատրվում:

Սահմանված ժամկետներում հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը չվճարելու կամ ոչ ամբողջությամբ վճարելու դեպքում դրանց գանձումն իրականացվում է այն անդամ պետության՝ ներմուծման մաքսատուրքերի գանձման համար օրենսդրությամբ նախատեսված կարգով, որի մաքսային մարմինն իրականացնում է մաքսատուրքերի, հարկերի գանձում՝ տույժերի հավելագրմամբ։ Ընդ որում, տույժերի հաշվարկման, վճարման, գանձման և վերադարձման կարգը նույնանման է այն կարգին, որը սահմանված է ներմուծման մաքսատուրքերը չվճարելու կամ ոչ ամբողջությամբ վճարելու հետ կապված վճարվող, գանձվող տույժերի համար:

Սույն կետի դրույթները տարածվում են նախնական հատուկ, նախնական հակագնագցման, նախնական փոխհատուցման տուրքերի հաշվարկման, վճարման և գանձման վրա:

7. Սակագնային արտոնությունների մասով Մաքսային միության մաքսային օրենսգրքի 74-րդ հոդվածը կիրառվում է՝ հաշվի առնելով սույն Պայմանագրի 43-րդ հոդվածի դրույթները:

8. Մաքսային միության մաքսային օրենսգրքի 77-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ մասը չի կիրառվում։

Արտահանման մաքսատուրքերի հաշվարկման նպատակով կիրառվում են այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված դրույքաչափերը, որի տարածքում ապրանքները ձևակերպվում են մաքսային ընթացակարգով, կամ որի տարածքում հայտնաբերվել է Միության մաքսային սահմանով ապրանքների անօրինական տեղափոխման փաստ, եթե այլ բան սահմանված չէ Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերով և (կամ) անդամ պետությունների միջև կնքվող երկկողմ միջազգային պայմանագրերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։