Անցնել բովանդակությանը

Հոդված 65

գործել է մինչև 2023-04-03Բացել ARLIS-ում

Հոդված 65

Նպատակները և կարգավորման առարկան, կիրառության ոլորտը

1. Սույն բաժնի նպատակը ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման ազատության ապահովումն է Միության շրջանակներում՝ սույն բաժնի պայմաններին և սույն Պայմանագրի 16-րդ հավելվածին համապատասխան։

Անդամ պետություններում ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման կարգավորման իրավական հիմքերը սահմանվում են սույն Պայմանագրի 16-րդ հավելվածով։

2. Սույն բաժնի դրույթները կիրառվում են անդամ պետությունների կողմից իրականացվող այն միջոցների նկատմամբ, որոնք առնչվում են ծառայությունների մատուցմանն ու ստացմանը, հիմնադրմանը, գործունեությանը և ներդրումների իրականացմանը։

Սույն բաժնի դրույթները չեն կիրառվում՝

սույն Պայմանագրի XXII բաժնով կարգավորվող պետական (մունիցիպալ) գնումների նկատմամբ,

պետական իշխանության գործառույթների կատարման նպատակով մատակարարվող ծառայությունների և իրականացվող գործունեության նկատմամբ։

3. Սույն Պայմանագրի XVI, XIX, XX և XXI բաժիններում ընդգրկվող ծառայությունները համապատասխանաբար կարգավորվում են այդ բաժինների դրույթներով։ Սույն բաժնի դրույթները գործում են նշված բաժիններին չհակասող մասով։

4. Էլեկտրակապի ծառայությունների առևտրի մասով առաջացող իրավահարաբերությունների առանձնահատկությունները սահմանվում են «Էլեկտրակապի ծառայությունների առևտրի» կարգին համապատասխան (սույն Պայմանագրի 16-րդ հավելվածի 1-ին հավելված):

5. Ֆիզիկական անձանց մուտքի, ելքի, ժամանման և աշխատանքային գործունեության առանձնահատկությունները կարգավորվում են սույն Պայմանագրի XXVI բաժնով՝ սույն բաժնին չհակասող մասով։

6. Սույն բաժնում ոչինչ չպետք է մեկնաբանվի որպես՝

1) ցանկացած անդամ պետությանն ուղղված՝ այնպիսի տեղեկություններ տրամադրելու պահանջ, որոնց բացահայտումն անդամ պետությունը դիտարկում է որպես իր անվտանգության կարևորագույն շահերին հակասող.

2) խոչընդոտ ցանկացած անդամ պետության համար ցանկացած գործողություններ ձեռնարկելու հարցում, որոնք անդամ պետությունն անհրաժեշտ է համարում իր անվտանգության կարևորագույն շահերը պաշտպանելու համար օրենսդրական ակտի ընդունման միջոցով, այդ թվում՝

ուղղակիորեն կամ անուղղակիորեն ռազմական հաստատությանը մատակարարելու նպատակով իրականացվող ծառայությունների մատակարարմանն առնչվող,

տրոհվող կամ ջերմամիջուկային նյութերին կամ այն նյութերին առնչվող, որոնցից դրանք ստացվել են,

պատերազմի ժամանակ կամ միջազգային հարաբերություններում այլ արտակարգ իրավիճակներում ընդունված.

3) խոչընդոտ ցանկացած անդամ պետության համար՝ միջազգային անվտանգության և խաղաղության պահպանման նպատակով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանը համապատասխան իր պարտավորությունները կատարելու համար ցանկացած գործողություն ձեռնարկելու հարցում։

7. Սույն բաժնի դրույթները չեն խոչընդոտում անդամ պետությանը ձեռնարկելու կամ կիրառելու այնպիսի միջոցներ, որոնք`

1) անհրաժեշտ են հասարակության բարոյականության կամ հասարակական կարգի պահպանության համար։ Հասարակական կարգի նկատառումներով բացառությունները կարող են կիրառվել միայն, եթե հասարակության արմատական շահերի դեմ ուղղված իրական և բավականին լուրջ վտանգ է ստեղծվում.

2) անհրաժեշտ են մարդկանց, կենդանիների կամ բույսերի կյանքի կամ առողջության պաշտպանության համար.

3) անհրաժեշտ են անդամ պետությունների՝ սույն բաժնի դրույթներին չհակասող օրենսդրության պահպանման համար` ներառյալ այն միջոցները, որոնք վերաբերում են՝

մոլորության մեջ գցող և անբարեխիղճ գործելակերպի կամ քաղաքացիաիրավական պայմանագրերը չկատարելու հետևանքների կանխարգելմանը,

առանձին անձանց մասնավոր կյանքին միջամտելուց պաշտպանությանը անձնական բնույթի տեղեկություններ մշակելիս ու տարածելիս և անձնական կյանքի ու հաշիվների մասին տեղեկությունների գաղտնիության պաշտպանությանը,

անվտանգությանը.

4) անհամատեղելի են սույն Պայմանագրի 16-րդ հավելվածի 21-րդ և 24-րդ կետերի հետ` պայմանով, որ փաստացի տրամադրվող ռեժիմի տարբերությունը պայմանավորված է ուղղակի հարկերով արդար կամ արդյունավետ հարկումը և ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության մասով այլ անդամ պետության կամ երրորդ պետությունների անձանցից դրանց գանձումն ապահովելու ձգտումով, և այդպիսի միջոցները չպետք է հակասեն անդամ պետությունների միջազգային պայմանագրերի դրույթներին.

5) անհամատեղելի են սույն Պայմանագրի 16-րդ հավելվածի 27-րդ և 29-րդ կետերի հետ` պայմանով, որ ռեժիմի մասով տարբերությունը հարկման, այդ թվում՝ կրկնակի հարկումից խուսափելու հարցերին առնչվող այն համաձայնագրի արդյունքն է, որի մասնակիցն է համապատասխան անդամ պետությունը։

8. Սույն հոդվածի 7-րդ կետով նախատեսված միջոցների ձեռնարկումը չպետք է հանգեցնի անդամ պետությունների միջև կամայական կամ չարդարացված խտրականության կամ ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման գործում քողարկված սահմանափակումների։

9. Եթե անդամ պետությունը ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասով երրորդ պետության նկատմամբ պահպանում է սահմանափակումներ կամ արգելքներ, ապա սույն բաժնում ոչինչ չպետք է մեկնաբանվի որպես պարտավորեցնող այդ անդամ պետությանը՝ մյուս անդամ պետության անձանց վրա տարածելու սույն բաժնի դրույթները, եթե այդիպիսի անձը պատկանում կամ վերահսկվում է նշված երրորդ պետության անձի կողմից, իսկ սույն բաժնի դրույթների տարածումը կհանգեցնի նշված արգելքների և սահմանափակումների շրջանցմանը կամ խախտմանը։

10. Անդամ պետությունը կարող է ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասով սույն բաժնին համապատասխան ստանձնած իր պարտավորությունները չտարածել մյուս անդամ պետության անձի վրա, եթե ապացուցվի, որ մյուս անդամ պետության այդպիսի անձը էական գործնական գործառնություններ չի իրականացնում այդ մյուս անդամ պետության տարածքում և պատկանում կամ վերահսկվում է առաջին անդամ պետության անձի կամ երրորդ պետության անձի կողմից։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։