Հոդված 3
Հոդված 3.
Օրենքի 21-րդ հոդվածում՝
1) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ձերբակալված կամ կալանավորված անձը ենթարկվում է բժշկական զննության՝
1) ձերբակալվածներին պահելու վայր կամ կալանավորվածներին պահելու վայր ընդունվելիս.
2) ձերբակալված կամ կալանավորված անձի առողջական վիճակի վերաբերյալ գանգատի դեպքում.
3) ձերբակալված կամ կալանավորված անձի, իսկ նրա համաձայնության դեպքում՝ նրա պաշտպանի պահանջով.
4) ձերբակալված կամ կալանավորված անձի մոտ մարմնական վնասվածք հայտնաբերելու դեպքում:».
2) 5-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասերով.
«Բժշկական զննությանը կարող է ներկա լինել նաև ձերբակալված կամ կալանավորված անձի ընտրած բժիշկը: Սույն հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով նախատեսված դեպքում ձերբակալված կամ կալանավորված անձի ընտրած բժիշկը կարող է ներկա գտնվել բժշկական զննությանը, եթե՝
1) ձերբակալվածներին պահելու վայր է ներկայացել ձերբակալված անձին ձերբակալվածներին պահելու վայր բերելու պահից երեք ժամվա ընթացքում.
2) կալանավորվածներին պահելու վայր է ներկայացել կալանավորված անձին կարանտինային բաժանմունք տեղափոխելու պահից 24 ժամվա ընթացքում:
Բժշկական զննությունն իրականացվում է՝
1) ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի ծառայողի լսելիության, և եթե բժշկական զննությունն իրականացնող բժիշկն իր կյանքին կամ առողջությանն սպառնացող վտանգը կանխելու նպատակով հակառակը չի պահանջում, ապա նաև տեսանելիության սահմաններից դուրս.
2) անհատական սկզբունքով՝ առանձին:
Բժշկական զննության արդյունքները գրանցվում են՝
1) ձերբակալված անձի դեպքում՝ էլեկտրոնային առողջապահության համակարգում և անձնական գործում.
2) կալանավորված անձի դեպքում՝ էլեկտրոնային առողջապահության համակարգում:
Բժշկական զննության ենթարկված ձերբակալված կամ կալանավորված անձն իրազեկվում է բժշկական զննության արդյունքների մասին:
Սույն օրենքի 21.1-ին հոդվածով նախատեսված դեպքում բժշկական զննության արդյունքները գրանցվում են նաև խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական զննության արձանագրության մեջ: Բժշկական զննության արձանագրության ձևաթղթի ձևը և դրա լրացման կարգը հաստատում է առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը:
Մարմնական վնասվածք հայտնաբերելու դեպքում, եթե առկա չեն սույն օրենքի 21.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը, ձերբակալված կամ կալանավորված անձի բժշկական զննությունն իրականացրած բուժաշխատողը բժշկական զննության արդյունքների մասին 24 ժամվա ընթացքում, հնարավորության դեպքում՝ էլեկտրոնային եղանակով, իրազեկում է իրավասու քննչական մարմնին և դատախազությանը:»: