Հոդված 12. Թիկնապահի և պահնորդի իրավական կարգավիճակը
Հոդված 12. Թիկնապահի և պահնորդի իրավական կարգավիճակը
1. Թիկնապահը և պահնորդն աշխատում են աշխատանքային պայմանագրի հիման վրա, և նրանց վրա տարածվում են աշխատանքային օրենսդրության պահանջները:
2. Թիկնապահի և պահնորդի աշխատանքին հավակնող անձը աշխատանքային պայմանագիր կնքելիս աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերի հետ մեկտեղ պարտավոր է ներկայացնել իր կողմից հատուկ պատրաստություն (որակավորում) անցնելը հավաստող փաստաթուղթ:
3. Թիկնապահի և պահնորդի կարգավիճակ ձեռք բերելու և թիկնապահական և պահնորդական գործառույթներ իրականացնելու (այդ թվում` զենքի օգտագործմամբ և հատուկ միջոցների գործադրմամբ) իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն թիկնապահի կամ պահնորդի որակավորում:
4. Թիկնապահի և պահնորդի կարգավիճակ ձեռք բերելու և թիկնապահական և պահնորդական գործառույթ իրականացնելու իրավունք չունեն այն անձինք, ովքեր`
1) դատական կարգով ճանաչվել են անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) հոգեկան հիվանդության, հարբեցողության կամ թմրամոլության պատճառով հաշվառման են կանգնած բուժհիմնարկներում.
3) դատապարտվել են դիտավորյալ հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով մարված կամ վերացված չէ.
4) խուսափել են ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից:
(12-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-194-Ն)