Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Հոդված 8. Տեսչավորման իրականացումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8. Տեսչավորման իրականացումը

1. Տեսչավորումն իրականացվում է տեսչական մարմնի գործունեության տարեկան ծրագրի մաս կազմող տեսչավորման տարեկան ծրագրին (այսուհետ՝ Ծրագիր) համապատասխան:

2. Ծրագիրը կազմվում է՝ հիմք ընդունելով տեսչական մարմնի գործունեության տարեկան ծրագրով նախատեսված առաջնահերթությունները և կրթության բնագավառում առկա ռիսկերը:

3. Ծրագիրը ներառում է տեսչավորման ենթակա հանրակրթական կամ նախադպրոցական ուսումնական հաստատության լրիվ անվանումը, գտնվելու վայրը (հասցեն), վերջին տեսչավորման ավարտի տարին, ամիսը, ամսաթիվը, մասնագիտական կրթության որոշակի մակարդակում տվյալ որակավորումը հիմնական կրթության հիմքով կազմակերպելու դեպքում՝ տվյալ որակավորման անվանումը։

4. Ծրագրում փոփոխությունները կատարվում են տեսչական մարմնի կառավարման խորհրդի համաձայնությամբ:

5. Ծրագիրը և դրանում կատարված փոփոխությունները տեղադրվում են տեսչական մարմնի պաշտոնական կայքում դրանց հաստատումից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:

6. Տեսչավորումն իրականացվում է տեսչական մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա, որում նշվում են տեսչական մարմնի անվանումը, ուսումնական հաստատության լրիվ անվանումը, տեսչավորում իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, տեսչավորման գործընթացում ներգրավված մասնագետների անունը, ազգանունը, տեսչավորման ձևաթղթով նախատեսված այն հարցերի շրջանակը, որոնք անհրաժեշտ է պարզաբանել տվյալ տեսչավորման ընթացքում, տեսչավորման ժամկետը, տեսչավորմամբ ընդգրկվող ժամանակահատվածը և իրավական հիմքերը:

7. Տեսչավորում իրականացնելու մասին հրամանը նախքան տեսչավորումն սկսելը ներկայացվում է ուսումնական հաստատության ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի ստորագրմանը: Տեսչավորման ենթակա ուսումնական հաստատության ղեկավարի կամ նրան փոխարինող անձի՝ տեսչավորման վայրում չգտնվելու կամ տեսչավորում իրականացնելու վերաբերյալ հրամանն ստորագրությամբ ստանալու փաստը չհավաստելու դեպքում տեսչավորումն իրականացնող պաշտոնատար անձն այդ մասին նշում է կատարում տեսչավորում իրականացնելու մասին հրամանում և ստորագրում:

8. Տեսչավորման ընթացքում կիրառվում են ուսումնական հաստատության կրթական գործընթացի գնահատման ձևաթղթեր, որոնք հաստատվում են տեսչական մարմնի ղեկավարի հրամանով:

9. Ձևաթղթերը պարունակում են ուսումնական հաստատության տեսչավորման ենթակա կրթական գործընթացի գնահատման համար անհրաժեշտ հարցեր:

10. Տեսչավորման գործընթացում կարող են ներգրավվել նաև մասնագետներ: Մասնագետների վճարումը կատարվում է օրենսդրությամբ սահմանված կարգով՝ տեսչական մարմնի տարեկան բյուջեի միջոցներից՝ առնվազն օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափով: Մասնագետներին ներկայացվող պահանջները և ներգրավման կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ:

11. Տեսչավորման ընթացքում կարող են իրականացվել հետևյալ գործողությունները.

1) գրավոր առաջադրանքների, թեստերի կամ այլ միջոցներով սովորողների գիտելիքների գնահատում.

2) ուսումնական պարապմունքների (դասերի) լսումներ.

3) ուսումնական հաստատությունում բարոյահոգեբանական մթնոլորտի վերլուծության կամ կրթական գործընթացի կազմակերպման առանձին խնդիրների պարզաբանման նպատակով տեսչավորման ընթացքում սովորողների, նրանց ծնողների (օրինական ներկայացուցիչների), պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ուսումնական հաստատության աշխատողների հետ հանդիպումների կամ վերջիններիս շրջանում հարցումների իրականացում.

4) սույն մասի 1-3-րդ կետերով կատարված գործողությունների արդյունքների հիման վրա ուսուցչի (դաստիարակի)՝ տվյալ առարկայի դասավանդման բնութագրի կազմում՝ ըստ ձևաթղթերի:

12. Ուսումնական հաստատությունում տեսչավորման առավելագույն ժամկետը տասնհինգ աշխատանքային օր է: Տեսչավորումն սկսված է համարվում սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու պահից:

13. Տեսչավորումն իրականացնող պաշտոնատար անձի գրավոր հիմնավորմամբ տեսչավորում իրականացնելու մասին հրաման տված պաշտոնատար անձի որոշմամբ սույն հոդվածի 12-րդ մասով սահմանված ժամկետը կարող է երկարաձգվել մինչև տասն աշխատանքային օրով:

14. Տեսչավորման ընթացքը կասեցվում է, եթե՝

1) տեսչավորման իրականացումն անհնար է առանց այնպիսի տեղեկության ճշտման կամ ձեռքբերման, որն անհրաժեշտ է տեսչավորման հետագա ընթացքի համար.

2) գործում է անհաղթահարելի ուժ, կամ առկա է տեսչավորման իրականացումն անհնար դարձնող այլ հանգամանք, որը ժամանակավորապես խոչընդոտում է տեսչավորման ընթացքը.

3) առկա են օրենքով նախատեսված այլ հիմքեր:

15. Տեսչավորման ընթացքը կասեցվում է տեսչավորումն իրականացնող պաշտոնատար անձի հիմնավորված զեկուցագրի հիման վրա՝ տեսչավորում իրականացնելու մասին հրաման տված պաշտոնատար անձի որոշմամբ, մինչև այն կասեցնելու հիմք հանդիսացած հանգամանքների վերանալը: Դրանք վերանալուց հետո տեսչավորում իրականացնելու մասին հրաման տված պաշտոնատար անձի որոշմամբ տեսչավորումը վերսկսվում է:

16. Տեսչավորման ավարտից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, կազմվում է եզրակացություն, որն ստորագրում են տեսչավորումն իրականացրած տեսչական մարմնի ծառայողը և տեսչավորմանը մասնակցած մասնագետը: Եզրակացությունն ստորագրելուց հրաժարվելու դեպքում մասնագետը ներկայացնում է հատուկ կարծիք: Հատուկ կարծիքի առկայության դեպքում այդ մասին մասնագետն ստորագրությամբ նշում է կատարում տեսչավորման եզրակացության մեջ, և հատուկ կարծիքը նրա ստորագրությամբ կցվում է եզրակացությանը՝ որպես եզրակացության անբաժանելի մաս:

17. Տեսչավորման եզրակացությունում նշվում են՝

1) կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը և համարը.

2) տեսչական մարմնի անվանումը, տեսչավորման ժամկետը, տեսչավորմամբ ընդգրկվող ժամանակահատվածը.

3) տեսչավորում իրականացնելու մասին հրամանի վավերապայմանները.

4) տեսչավորումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը.

5) տեսչավորմանը մասնագետների մասնակցության դեպքում՝ նրանց անունը, ազգանունը (հատուկ կարծիքը՝ առկայության դեպքում).

6) ուսումնական հաստատության անվանումը, համապատասխան կրթական ծրագրի մակարդակը, այդ թվում՝ մասնագիտական կրթության մակարդակի որակավորումը, հիմնական կրթության հիմքով իրականացվելու դեպքում՝ նաև որակավորումը.

7) ուսումնական հաստատության ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի անունը, ազգանունը.

8) տեսչավորման ձևաթղթի անվանումը, հերթական համարը:

18. Տեսչավորման եզրակացությունը պարունակում է նաև ուսումնական հաստատության ուժեղ և զարգացման ենթակա կողմերի, հայտնաբերված խնդիրների և ռիսկային գործոնների, ուսումնական հաստատությանը ներկայացված առաջարկությունների, ուսումնական հաստատության կրթության որակի ընդհանուր և ըստ բաղադրիչների գնահատականների, ինչպես նաև ներգրավված մասնագետների իրականացրած գործառույթների ամփոփ նկարագրությունը և սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված գործողությունների վերաբերյալ տեղեկությունները:

19. Տեսչավորման եզրակացությունը կարող է պարունակել նաև այլ տեղեկություններ, որոնք տեսչական մարմնի գնահատմամբ կարող են նշանակություն ունենալ ուսումնական հաստատությունում կրթության որակի բարձրացման համար: Տեսչավորման եզրակացությանը կցվում են տեսչավորման ընթացքում կիրառված ձևաթղթերը։

20. Տեսչավորման եզրակացությունն ստորագրվելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, պատշաճ ձևով (առձեռն, պաշտոնական կամ տեսչավորված ուսումնական հաստատության ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի հայտնած էլեկտրոնային փոստի հասցեով կամ փոստային առաքմամբ) ներկայացվում է տեսչավորված ուսումնական հաստատության ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Ուսումնական հաստատության ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը եզրակացությունն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, եզրակացության վերաբերյալ կարող է ներկայացնել առարկություններ կամ դիտողություններ, որոնք կցվում են եզրակացությանը և կազմում դրա անբաժանելի մասը:

21. Տեսչավորման եզրակացությունն ստորագրվելուց հետո՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում, տրամադրվում է նաև լիազոր մարմնին և հրապարակվում է տեսչական մարմնի պաշտոնական կայքում:

22. Մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 25-ը տեսչական մարմնի պաշտոնական կայքում տեղադրվում, ինչպես նաև լիազոր մարմնին և վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակին (այսուհետ՝ Գրասենյակ) է տրամադրվում տեսչական մարմնի կողմից նախորդ տարվա ընթացքում իրականացված տեսչավորումների վերաբերյալ հաշվետվությունը, որի ձևը հաստատում է Գրասենյակի ղեկավարը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։