Հոդված 9. Կրթության բնագավառում դիտարկման իրականացումը
Հոդված 9. Կրթության բնագավառում դիտարկման իրականացումը
1. Դիտարկումն իրականացվում է տեսչական մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա, որում նշվում են տեսչական մարմնի անվանումը, դիտարկում իրականացնող անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, դիտարկման հիմքերը, դիտարկման նպատակը, ժամկետը, ուսումնական հաստատության անվանումը, կրթական ծրագրի մակարդակը, հասցեն (գտնվելու վայրը): Դիտարկում իրականացնելու վերաբերյալ հրամանը տրվում է տեսչական մարմնի ծառայողի՝ տեսչական մարմնի ղեկավարին ներկայացրած հիմնավորված զեկուցագրի հիման վրա: Զեկուցագիր ներկայացվում է այն դեպքում, երբ տեսչական մարմինն ստացված գրավոր տեղեկությունների, դիմումների կամ բողոքների վերլուծության արդյունքով սովորողների կրթական իրավունքների խախտման վտանգը բարձր է գնահատում, կամ երբ նույն խնդրի վերաբերյալ ստացվել են երկու կամ ավելի գրավոր տեղեկություններ, դիմումներ կամ բողոքներ:
2. Դիտարկման ընթացքում պարզաբանվում են միայն այն հարցերը, որոնք հիմք են հանդիսացել դիտարկումն իրականացնելու համար:
3. Դիտարկումն իրականացվում է առանց նախնական ծանուցման: Դիտարկում իրականացնելու մասին հրամանը նախքան դիտարկում սկսելը ներկայացվում է ուսումնական հաստատության ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին:
4. Դիտարկման ընթացքում կարող են կիրառվել ձևաթղթեր: Դիտարկման ձևաթղթերը հաստատվում են տեսչական մարմնի ղեկավարի հրամանով: Ձևաթղթերը պարունակում են սովորողների կրթական իրավունքների ապահովման աստիճանը գնահատելու համար անհրաժեշտ հարցերը, որոնք պարզաբանվում են տվյալ դիտարկման ընթացքում:
5. Յուրաքանչյուր ուսումնական հաստատությունում մեկ դիտարկման ժամկետը կարող է սահմանվել ոչ ավելի, քան երեք անընդմեջ աշխատանքային օր:
6. Դիտարկման հրամանում նշված ժամկետն ավարտվելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, դիտարկում իրականացնող անձը կազմում է տեղեկանք, որում նշվում են դիտարկում իրականացնող մարմնի անվանումը, դիտարկում իրականացնող անձի պաշտոնը, անունը, ազգանունը, դիտարկվող ուսումնական հաստատության անունը (անվանումը), կրթական ծրագրի մակարդակը, հասցեն (գտնվելու վայրը), խախտումներ հայտնաբերելու դեպքում՝ նաև բացահայտված խախտումները, խախտումների նկարագրությունը, խախտման ժամկետը (եթե հնարավոր է որոշել) և հղումը նորմատիվ իրավական ակտի այն դրույթին (դրույթներին), որի (որոնց) պահանջները չեն կատարվել կամ խախտվել են: Տեղեկանքը երեք աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով (առձեռն կամ փոստային առաքմամբ) ներկայացվում է դիտարկվող ուսումնական հաստատության ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Դիտարկվող ուսումնական հաստատության ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը երկու աշխատանքային օրվա ընթացքում իրավունք ունի ներկայացնելու բացատրություններ և առարկություններ կազմված տեղեկանքի վերաբերյալ:
7. Դիտարկման արդյունքով տեսչական մարմնի ղեկավարը ուսումնական հաստատության ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին կարող է ներկայացնել առաջարկություններ, տալ հանձնարարականներ կամ կարգադրագրեր՝ բացահայտված խախտումները վերացնելու, օրենսդրությանը չհակասող այլ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ սահմանելով ժամկետներ:
8. Դիտարկման արդյունքով սահմանված կարգով կազմված տեղեկանքը երկու աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է Գրասենյակին, ինչպես նաև շահագրգիռ պետական կառավարման մարմիններին, մարզպետին կամ տեղական ինքնակառավարման մարմիններին՝ համաձայն սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի:
9. Դիտարկվող ուսումնական հաստատությունը տրված հանձնարարականի (կարգադրագրի) կատարման մասին պարտավոր է հանձնարարականի (կարգադրագրի) կատարման համար սահմանված ժամկետի ավարտից հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, գրավոր տեղեկացնել տեսչական մարմնին:
10. Տեսչական մարմինն իր պաշտոնական կայքում եռօրյա ժամկետում պարտադիր տեղադրում է իրականացված դիտարկումների արդյունքների մասին տեղեկատվություն, որը ներառում է դիտարկված ուսումնական հաստատության անվանումը, գտնվելու վայրը, դիտարկման առարկան, հրապարակման ենթակա դիտարկման արդյունքները:
11. Դիտարկման արդյունքներն օգտագործվում են ուսումնական հաստատության ռիսկը գնահատելիս: