Հոդված 11. Տեսչական մարմնի փաստաթղթերի ծանուցման կարգը
Հոդված 11. Տեսչական մարմնի փաստաթղթերի ծանուցման կարգը
1. Տեսչական մարմնի հաշվետվությունները, միջնորդագրերը, հանձնարարականները, ակտերը, եզրակացությունները, տեղեկանքները, արձանագրությունները և վերլուծությունները (այսուհետ՝ թղթակցություն) ուղարկվում են փոստային առաքմամբ կամ հանձնվում են առձեռն, իսկ սույն հոդվածով նախատեսված դեպքերում ուղարկվում են էլեկտրոնային փոստի հասցեով կամ հաղորդակցության այլ միջոցներով:
2. Թղթակցությունը փոստային առաքմամբ ուղարկվում է վարույթի մասնակիցներին նրանց՝ վարչական վարույթի ընթացքում հայտնած հասցեով, իսկ դրա բացակայության դեպքում՝ իրավաբանական անձի գրանցման կամ ֆիզիկական անձի հաշվառման հասցեով: Թղթակցությունն ուղարկվում է պատվիրված նամակով՝ հետադարձ ծանուցմամբ։
3. Առձեռն հանձնելու դեպքում թղթակցությունը հանձնվում է վարչական վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին՝ ծանուցվողի ստորագրությամբ:
4. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին թղթակցությունն ուղարկվում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով, իսկ դրա բացակայություն դեպքում՝ նրանց պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով, եթե նրանք այլ էլեկտրոնային փոստի հասցե չեն տրամադրել: Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին, իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող հասցեատիրոջը թղթակցությունն ուղարկվում է էլեկտրոնային փոստի կամ հաղորդակցության այլ միջոցներով, եթե այդ մասին միջնորդել է հասցեատերը:
5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերում էլեկտրոնային փոստով կամ հաղորդակցության այլ միջոցներով ուղարկվելու անհնարինության պարագայում թղթակցությունն ուղարկվում է փոստային առաքմամբ կամ հանձնվում է առձեռն՝ ծանուցվողի ստորագրությամբ:
6. Թղթակցությունը փոստային առաքմամբ ուղարկվելու դեպքում վարչական վարույթին կցվում է հասցեատիրոջն ուղարկվելու մասին ծանուցվողի կողմից ստացվելու վերաբերյալ ապացույցը:
7. Թղթակցությունն առձեռն հանձնելու դեպքում վարչական վարույթին կցվում է այն հանձնելու փաստը հաստատող փաստաթուղթ:
8. Թղթակցությունը պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկվելու դեպքում վարչական վարույթի նյութերին կցվում է ծանուցումն ստանալու մասին էլեկտրոնային հավաստումը, իսկ հաղորդակցության այլ միջոցների կիրառման դեպքում վարչական վարույթի նյութերին կցվում են ծանուցումն ուղարկվելու (հաղորդվելու) փաստը հաստատող ապացույցները (արձանագրությունը, հեռախոսագիրը, ձայնագրությունը և այլն):
9. Թղթակցությունը էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկվելու դեպքում հասցեատերն ստանում է ծանուցման տեքստը կամ համապատասխան էլեկտրոնային հղումը, որի միջոցով ծանուցումը կարող է հասանելի դառնալ հասցեատիրոջը:
10. Տեսչական մարմնի կողմից իրականացվող վարչական վարույթի մասնակիցները պարտավոր են տեսչական մարմնին անհապաղ հայտնել վարչական վարույթի ընթացքում իրենց հասցեի, ներառյալ էլեկտրոնային փոստի հասցեի կամ հաղորդակցության այլ միջոցի փոփոխության մասին: Նման հաղորդման բացակայության դեպքում թղթակցությունն ուղարկվում է այն հասցեով կամ հաղորդակցության միջոցով, որով վարչական վարույթի շրջանակում կատարվել է ծանուցումը, և հասցեատիրոջ վերջին հայտնի հասցեով ուղարկվելու ուժով այն համարվում է պատշաճ հանձնված:
11. Այն դեպքում, երբ հասցեատերը հրաժարվել է փոստային առաքմամբ ուղարկված թղթակցությունն ստանալուց կամ թղթակցության ստացումը հավաստող փաստաթուղթն ստորագրելուց, կամ նրա նշած հասցեով ուղարկված փոստային առաքանին վերադարձվել է, կամ պատվիրված նամակով՝ հետադարձ ծանուցումով ուղարկվելու դեպքում ուղարկվելու օրվանից հետո՝ երկշաբաթյա ժամկետում, տեսչական մարմինը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ վարչական վարույթի մասնակցի հասցեն անհայտ է, ապա թղթակցությունը համարվում է հասցեատիրոջը պատշաճ հանձնված՝ տեսչական մարմնի կողմից http://www.azdarar.am հասցեում և իր պաշտոնական կայքում հասցեատիրոջը հասցեագրված թղթակցության առկայության և դրա բովանդակությանը ծանոթանալու հնարավորության վերաբերյալ հայտարարություններից վերջինը հրապարակվելու օրվան հաջորդող երրորդ օրը: