Հոդված 5. Տեսչական մարմնի լիազորությունները
Հոդված 5. Տեսչական մարմնի լիազորությունները
1. Տեսչական մարմինն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով իրականացնում է վերահսկողություն՝
1) կրթության բնագավառում և բարձրագույն կրթության ոլորտում կրթական ծրագրի համապատասխան մակարդակի իրականացման իրավունքի և յուրաքանչյուր որակավորման կամ կրթական ծրագրի աստիճանի լիցենզիայի համար սահմանված պայմանների պահպանման, ինչպես նաև ուսումնական հաստատությունների (բացառությամբ արտադպրոցական կրթության)՝ լիցենզավորման ենթակա գործունեությունից բխող՝ օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունների հավաստիության նկատմամբ.
2) հանրակրթության (այդ թվում՝ նախադպրոցական կրթության), նախադպրոցական ծառայությունների և արտադպրոցական կրթության նկատմամբ՝ հետևյալ ուղղություններով.
ա. նախադպրոցական կրթական ծրագրերի համապատասխանությունը նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչների պահանջներին, զարգացնող միջավայրի չափանիշներին, ըստ տարիքային խմբերի և զարգացման ոլորտների՝ սաների կրթական և զարգացման վերջնարդյունքներին ու սաներից ակնկալվող կարողունակություններին ներկայացվող պահանջներ,
բ. հանրակրթական ուսումնական հաստատությունում իրականացվող կրթական ծրագրերի համապատասխանությունը տարրական, հիմնական և միջնակարգ հանրակրթական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրերի (հանրակրթական պետական ծրագրերի) պահանջներին, ներառյալ ուսումնական պլանի ընդհանրական կառուցվածքին և ուսումնական պլանի կազմման կանոններին, առարկայական չափորոշիչներին ու ծրագրերին, տարեկան ուսումնական ժամանակացույցներին, դասացուցակներին, երաշխավորված դասագրքերի ցանկին՝ անկախ հանրակրթական պետական ծրագիրն իրականացնող կազմակերպության կազմակերպական-իրավական ձևից,
գ. հանրակրթական այլընտրանքային, այդ թվում՝ փորձարարական, հեղինակային և միջազգային հիմնական ծրագրերի համապատասխանությունը հանրակրթական, այդ թվում՝ նախադպրոցական կրթական ծրագրերին, պետական չափորոշիչների պարտադիր պահանջներին, տվյալ ծրագրի հաստատման կարգին,
դ. լիազոր մարմնի կողմից օրենքով սահմանված ուղղություններով երաշխավորված արտադպրոցական ծրագրերի պահանջների ապահովում,
ե. հանրակրթության յուրաքանչյուր կրթական ծրագրի մակարդակում փոխադրական (այդ թվում՝ էքստեռն), ավարտական, պետական ավարտական քննությունների (ստուգման) անցկացման ընթացակարգերը,
զ. պետական հանրակրթական ուսումնական հաստատության դասարանների կազմավորման համապատասխանություն սահմանված չափանիշներին (կարգին),
է. նախադպրոցական հաստատությունների սաների ընդունելության, խմբերի կազմավորման, պարապմունքների կազմակերպման, նախադպրոցական ծրագրերին և ծառայություններին ներկայացվող պահանջների և տևողության համապատասխանություն,
ը. հանրակրթական ուսումնական հաստատություն ընդգրկված և պարտադիր կրթությունից դուրս մնացած, ինչպես նաև պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկում գտնվող երեխաներին բացահայտելու և հանրակրթական ուսումնական հաստատություն ընդգրկելու գործողություններ, այդ թվում՝ սահմանված ժամկետից ուշ ընդգրկվող երեխաների կրթություն կազմակերպելու գործընթաց,
թ. ուսումնական հաստատության դպրոցական և անհատական բաղադրիչով սահմանված առարկաների ծրագրերի և խմբակների գործունեության՝ լիազոր մարմնի երաշխավորած պայմաններին համապատասխանություն,
ժ. հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների ուսումնառությունը դասարանային (խմբային), անհատական, տնային ուսուցման կամ հեռավար (դիստանցիոն) կրթության միջոցով ապահովելու, ինչպես նաև մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները ապահովելու գործընթացներ,
ժա. հանրակրթական, այդ թվում՝ նախադպրոցական կրթական ծրագրերից բխող ուսումնական նյութերի, դասագրքերի, ուսումնառության նյութերի, ուսումնամեթոդական, ուսումնաօժանդակ ձեռնարկների, ուսումնադիտողական նյութի առկայություն,
ժբ. նախադպրոցական ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական հագեցվածության պետական նորմատիվների, ներառական և երեխայակենտրոն միջավայրի չափանիշների համապատասխանություն երեխաների տարիքային և զարգացման առանձնահատկություններից բխող նորմատիվներին,
ժգ. պետական հանրակրթական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրեններին օրենքով և ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրությամբ վերապահված պարտականությունների կատարման իրավաչափություն,
ժդ. հանրակրթական, նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների թափուր տեղի համալրման (մրցույթի անցկացման, ընտրության կամ նշանակման) գործընթացներ,
ժե. հանրակրթական, նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական և վարչական աշխատողների պաշտոնների՝ սահմանված անվանացանկին, զբաղեցրած պաշտոնի նկարագրերին, իսկ պետական և համայնքային նախադպրոցական հաստատությունների դեպքում՝ նաև օրինակելի հաստիքացուցակին համապատասխանություն,
ժզ. արտադպրոցական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների և կենտրոնների մանկավարժական աշխատողների՝ պաշտոնների անվանացանկին, դրանց նկարագրերին համապատասխանություն,
ժէ. հանրակրթական, նախադպրոցական ուսումնական հաստատություններում կրթական գործընթացի կազմակերպման համար գործածվող փաստաթղթերի համապատասխանություն սահմանված անվանացանկին և ձևերին, ինչպես նաև փաստաթղթաշրջանառության ընթացքում դրանց վարման կանոնների ապահովում,
ժը. օրենսդրությամբ սահմանված այլ ուղղություններ.
3) մասնագիտական կրթության նկատմամբ՝ հետևյալ ուղղություններով.
ա. մասնագիտական ուսումնական հաստատությունում իրականացվող՝ լիցենզավորված որակավորման մոդուլային ծրագրի համապատասխանությունը մասնագիտական կրթության յուրաքանչյուր որակավորման բնութագրիչին, աշխատանքի վրա հիմնված ուսումնառության կազմակերպման պահանջներին, որակավորումը (ուղղվածությունը) ապահովող փաստաթղթերին և ուսումնամեթոդական փաթեթին,
բ. հիմնական կրթության հիմքով մասնագիտական կրթական ծրագիր իրականացնելու դեպքում՝ միջնակարգ կրթության երրորդ մակարդակի պետական բաղադրիչով սահմանված առարկաների նվազագույն ցանկի ու ծավալի ապահովման պայմաններ,
գ. յուրաքանչյուր ուսումնական տարի լրիվ կամ մասնակի կրթաթոշակի ձևով պետական կամ հանրային մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունված սովորողների թվի՝ հատկացված տեղերին (այդ թվում՝ նպատակային ուսուցման) համապատասխանություն,
դ. պետության կողմից լրիվ կամ մասնակի կրթաթոշակ տրամադրելու համապատասխանությունը սահմանված չափանիշներին և պայմաններին (դեպքը, հիմքը և չափը),
ե. մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունելության, ուսանողների՝ մեկից ավելի մասնագիտական կրթություն ստանալու, մեկ հաստատությունից այլ հաստատություն կամ մեկ որակավորման ծրագրից այլ ծրագիր տեղափոխվելու, ինչպես նաև ուսանողների ուսումնառությունը ընդհատելու, ազատելու կամ հեռացնելու միջոցով դադարեցնելու կամ ուսումնառությունը դադարեցրած անձի ուսանողական իրավունքը վերականգնելու ընթացակարգեր,
զ. պետական ամփոփիչ ստուգում անցկացնելու, վերահանձնելու, ինչպես նաև սահմանված ժամկետից շուտ կամ ուշ որակավորում շնորհելու ընթացակարգերի հիմքեր,
է. մասնագիտական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողի թափուր տեղի համար մրցույթի կարգի պահպանում, մրցույթ չհայտարարելու դեպքեր,
ը. պետական մասնագիտական ուսումնական հաստատության տնօրենի մրցութային ընտրության և նշանակման գործընթաց,
թ. պետական մասնագիտական ուսումնական հաստատության խորհրդի անդամին առաջադրելու, փոխարինելու և նրա լիազորությունները դադարելու կամ դադարեցնելու հիմքեր։
2. Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության միջոցառումներից ստացված կամ ձեռք բերված տվյալների հիման վրա տեսչական մարմինը՝
1) իրականացնում է լիցենզավորման ենթակա գործունեությունից բխող տարեկան հաշվետվությունների ուսումնասիրություն և վերլուծություն.
2) իրականացնում է բացատրական աշխատանքներ կրթության բնագավառը կարգավորող օրենսդրության կիրառման վերաբերյալ, ուսումնական հաստատություններին իրազեկում է նրանց իրավունքների և պարտականությունների մասին, իրականացնում է խորհրդատվություն, կանխարգելիչ աջակցություն.
3) կազմում է հաշվետվություններ, միջնորդագրեր, հանձնարարականներ, կարգադրագրեր, որոշումներ, ակտեր, եզրակացություններ, տեղեկանքներ, արձանագրություններ, վերլուծություններ և օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր։