Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 9. Տեսչության լիազորությունները

գործել է մինչև 2025-06-09Բացել ARLIS-ում

Հոդված 9. Տեսչության լիազորությունները

Տեսչությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով իրականացնում է հետևյալ լիազորությունները.

1) ստուգում և ուսումնասիրում է նախադպրոցական, հանրակրթական հիմնական, հատուկ ընդհանուր, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների կրթական գործունեությունը՝ անկախ կազմակերպաիրավական ձևից և ենթակայությունից, այդ թվում՝

ա) կրթության բովանդակությանը համապատասխան կրթական գործընթացի կազմակերպումը, ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի կատարումը, տարեկան ուսումնական ժամանակացույցերի, դասացուցակների պահպանումը,

բ) սովորողների և շրջանավարտների գիտելիքների, կարողությունների և հմտությունների ստուգման, գնահատման, ամփոփիչ ատեստավորման, քննակարգերի, աշխատակարգերի պահպանումը,

գ) ընդունելության, փոխադրման, տեղափոխման, ավարտման կարգերին համապատասխան՝ սովորողների շարժը,

դ) ավարտական պետական փաստաթղթերի ստացումը, պահպանությունը և բաշխումը, գործավարությունը, հաշվետվությունների իսկությունը,

ե) պետական կրթական չափորոշիչներին համապատասխան՝ անհրաժեշտ ուսումնագիտական, մեթոդական տեղեկատվությամբ, ծրագրերով, դասագրքերով, ուսումնական ձեռնարկներով, այլ անհրաժեշտ փաստաթղթերով ապահովվածությունը,

զ) լիազորված մարմնի կամ տարածքային կառավարման մարմնի ղեկավարի հրամանների, հրահանգների, հանձնարարականների, մեթոդական երաշխավորությունների կատարումը,

է) ուսումնական հաստատությունների ղեկավար և մանկավարժական կադրերի ընտրության, նշանակման, ինչպես նաև վերապատրաստման, որակավորման բարձրացման և վերաորակավորման գործընթացի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը,

ը) կրթության որակի նկատմամբ հաստատությունների կանոնադրական պահանջների կատարումը, հաստատությունների կառավարման մարմինների լիազորությունների իրականացումն ու պահպանումը,

թ) հանրակրթական և նախնական մասնագիտական (արհեստագործական) ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների գործունեության ամենամյա ինքնավերլուծության գնահատումը և հրապարակման ապահովումը.

2) գնահատում է ուսումնական հաստատությունների կրթական ծառայությունների արդյունավետությունը (այդ թվում` սովորողների կողմից հանրակրթական և նախնական մասնագիտական ծրագրերի յուրացումը), վերլուծում այդ հաստատությունների գործունեությունը, ներկայացնում զարգացմանը նպաստող առաջարկություններ, ինչպես նաև վերահսկում է դրանց իրականացումը.

3) ներկայացնում է հաշվետվություն լիազորված մարմին՝ կրթության բնագավառում առկա վիճակի, դրա առանձին բնութագրիչների, կրթության ցուցանիշների մասին (ընդհանուր և ըստ մարզերի).

4) լիազորված մարմնի հաստատմանն է ներկայացնում տեսչության տարեկան աշխատանքային ծրագրի նախագիծը.

5) համապատասխան հանձնարարականի դեպքում ուսումնասիրում և ստուգում է քաղաքացիների դիմումներն ու բողոքները.

6) տեսչավորման (ստուգումների, ուսումնասիրությունների) արդյունքների հիման վրա կազմում է հաշվետվություններ, ակտեր, տեղեկանքներ, զեկուցագրեր, զեկույցներ, վերլուծություններ, ամփոփագրեր և այլն.

7) վերահսկում և ուսումնասիրում է տարածքային կառավարման մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների՝ կրթության հարցերով ստորաբաժանումների գործունեության համապատասխանությունը կրթության բնագավառի օրենսդրությանը և համագործակցում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների հետ.

8) կազմում է հաշվետվություններ տեսչության (այդ թվում` դրա տարածքային մարմինների) գործունեության արդյունքների մասին.

9) տեսչավորման աշխատանքներին մասնակից է դարձնում կրթական համակարգի լավագույն մասնագետներին, կրթության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին:

(9-րդ հոդվածը փոփ. 10.07.09 ՀՕ-162-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։