Հոդված 126
Հոդված 126.
Հովանավոր տերությունների ներկայացուցիչներին կամ պատվիրակներին կթույլատրվի այցելել բոլոր այն տեղերը, որտեղ գտնվում են ռազմագերիները, մասնավորապես, ներկալման, կալանման և աշխատանքի վայրերը, և նրանք մուտք կունենան դեպի ռազմագերիների կողմից օգտագործվող բոլոր շենքերը, հավասարապես նրանց կթույլատրվի այցելել մի տեղից մյուս տեղ փոխադրվող գերիների փոխադրման, տարանցիկ ուղևորման կամ ժամանման վայրերը: Առանց վկաների նրանք կարող են զրուցել գերիների և, մասնավորապես, նրանց վստահված անձանց հետ` թարգմանչի օգնությամբ, եթե դա անհրաժեշտ է:
Հովանավոր տերությունների ներկայացուցիչներին և պատվիրակներին կտրամադրվի այն տեղերը ընտրելու լրիվ ազատություն, որոնք նրանց կցանկանան այցելել. այդ այցելությունների տևողությունը և քանակը չեն սահմանափակվի: Դրանք կարող են արգելվել միայն պարտադիր ռազմական անհրաժեշտության բերումով և միայն որպես բացառություն և ժամանակավորապես:
Գերության մեջ պահող տերությունը և այն տերությունը, որին պատկանում են ռազմագերիները, որոնց ցանկանում են այցելել, կարող են համապատասխան դեպքերում պայմանավորվել այդ գերիների հարազատներին թույլ տալ մասնակցելու այդ այցելություններին:
Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն օգտվում են նույնպիսի իրավունքներից: Այդ ներկայացուցիչների նշանակումը կախված է այն տերության համաձայնությունից, որի իշխանության տակ են գտնվում ռազմագերիները, որոնց ցանկանում են այցելել:
հոդված 127.
Բարձր Պայմանավորվող Կողմերը պարտավորվում են ինչպես խաղաղ ժամանակ, այնպես էլ պատերազմի ժամանակ որքան հնարավոր է լայնորեն տարածել սույն Կոնվենցիայի տեքստը իրենց երկրներում և, մասնավորապես, դրա ուսումնասիրումը մտցնել զինվորական և, եթե դա հնարավոր է, քաղաքացիական կրթության ուսումնական ծրագրերի մեջ այն հաշվով, որ դրա սկզբունքներին ծանոթ լինեն նրանց բոլոր զինված ուժերը և ընդհանուր առմամբ` ամբողջ բնակչությունը:
Զինվորական և մյուս իշխանությունները, որոնք պատերազմի ժամանակ կրում են պատասխանատվություն ռազմագերիների համար, պետք է ձեռքի տակ ունենան Կոնվենցիայի տեքստը և հատուկ ծանոթանան դրա դրույթներին:
հոդված 128.
Բարձր Պայմանավորվող Կողմերը շվեյցարական դաշնակցային խորհրդի միջնորդությամբ, իսկ պատերազմական գործողությունների ժամանակ հովանավոր տերությունների միջոցով միմյանց կհանձնեն սույն Կոնվենցիայի թարգմանությունների պաշտոնական տեքստերը, ինչպես նաև այն օրենքները և որոշումները, որոնք Կոնվենցիայի կիրառման նպատակով նրանք կարող են ընդունել:
հոդված 129.
Բարձր Պայմանավորվող Կողմերն իրենց վրա պարտավորություն են ստանձնում գործողության մեջ դնել օրենսդրություն, որն անհրաժեշտ է այն անձանց քրեական արդյունավետ պատիժների ապահովման համար, որոնք կատարել կամ հրամայել են կատարել սույն Կոնվենցիայի` հաջորդ հոդվածում նշված այս կամ այն լուրջ խախտումները:
Յուրաքանչյուր Բարձր Պայմանավորվող Կողմ պարտավորվում է գտնել այն անձանց, ովքեր մեղադրվում են այն բանում, որ նրանք կատարել կամ հրամայել են կատարել հիշատակված լուրջ խախտումներից այս կամ այն խախտումը, ինչպիսին էլ լինի նրանց քաղաքացիությունը, նրանց հանձնել իրենց դատարանին: Բարձր Պայմանավորվող Կողմը նաև կարող է, եթե նա այդ ցանկանա, իր օրենսդրության դրույթներին համապատասխան, դատավարության համար նրանց հանձնել մյուս Բարձր Պայմանավորվող Կողմին այն դեպքում, եթե այդ Պայմանավորվող Կողմն ունի ապացույցներ, որոնք հիմքեր են տալիս այդ անձանց մեղադրելու համար: Յուրաքանչյուր Բարձր Պայմանավորվող Կողմ կձեռնարկի միջոցներ, որոնք անհրաժեշտ են սույն Կոնվենցիայի դրույթներին հակասող բոլոր այլ գործողությունները խափանելու համար` հաջորդ հոդվածում թվարկված լուրջ խախտումներից անկախ:
Բոլոր հանգամանքներում մեղադրվող անձինք կօգտվեն դատարանական պատշաճ ընթացակարգի երաշխիքներից և պաշտպանության իրավունքից, որոնք չեն կարող նվազ նպաստավոր լինել, քան նրանք, որոնք նախատեսված են 105 հոդվածում և սույն Կոնվենցիայի հաջորդ հոդվածներում:
հոդված 130.
Նախորդ հոդվածում հիշատակված լուրջ խախտումների թվին են պատկանում այն խախտումները, որոնք կապված են ստորև նշված գործողություններից որևէ մեկի հետ. այն դեպքերում, երբ այդ գործողություններն ուղղված են անձանց կամ ունեցվածքի դեմ, որոնց վրա տարածվում է սույն Կոնվենցիայի հովանավորությունը. կանխամտածված սպանությունը, խոշտանգումը կամ անմարդկային վարվելակերպը, ներառյալ կենսաբանական փորձարկումները, միտումնավոր կերպով ծանր տանջանք և լուրջ խեղում պատճառելը, առողջությանը վնաս հասցնելը, ռազմագերուն ստիպելը ծառայելու հակառակորդ տերության զինված ուժերում կամ նրան զրկելը անաչառ և նորմալ դատավարության իրավունքից, որը նախատեսվում է սույն Կոնվենցիայով:
հոդված 131.
Ոչ մի Բարձր Պայմանավորվող Կողմի չի թույլատրվի իրեն կամ որևէ այլ Բարձր Պայմանավորվող Կողմի ազատել այն պատասխանատվությունից, որ դրվում է նրա կամ այլ Բարձր Պայմանավորվող Կողմի վրա` նախորդ հոդվածում նախատեսված խախտումների հետևանքով:
հոդված 132.
Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերից մեկի խնդրանքով Կոնվենցիայի խախտման ցանկացած պնդման մասին պետք է սկսվի հետաքննություն այն ընթացակարգով, որ ենթակա է սահմանման շահագրգիռ կողմերի միջև:
Քննության ընթացակարգի հարցի առթիվ համաձայնության չհասնելու դեպքում կողմերը, փոխադարձ պայմանավորվածությամբ, ընտրում են արբիտր, որը որոշում է ընթացակարգի հարցը:
Հենց որ խախտումը բացահայտվի, կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը կկասեցնեն այն և միջոցներ կձեռնարկեն հնարավոր կարճ ժամկետում պատժելու դրա համար:
մաս 2
եզրափակիչ դրույթներ
հոդված 133.
Սույն Կոնվենցիան կազմված է ֆրանսերեն և անգլերեն լեզուներով: Երկու տեքստերն էլ հավասարապես նույնական են:
Շվեյցարական դաշնակցային խորհուրդը կապահովի Կոնվենցիայի պաշտոնական թարգմանությունները ռուսերեն և իսպաներեն լեզուներով:
հոդված 134.
Սույն Կոնվենցիան Բարձր Պայմանավորվող Կողմերի միջև հարաբերություններում փոխարինում է 1929 թվականի հուլիսի 27-ի Կոնվենցիան:
հոդված 135.
Ցամաքում պատերազմի օրենքների և սովորույթների մասին հաագայի Կոնվենցիայով կապված տերությունների միջև հարաբերություններում, ինչպես որ 1899 թվականի հուլիսի 29-ի կամ 1907 թվականի հոկտեմբերի 13-ի Կոնվենցիան, և որոնք հանդիսանում են սույն Կոնվենցիայի մասնակիցներ, վերջինս լրացնում է վերոհիշյալ Հաագայի Կոնվենցիաներին կցված Ռեգլամենտի 2-րդ գլուխը:
հոդված 136.
Սույն Կոնվենցիան, թվարկված սույն թվով, կարող է մինչև 1950 թվականի փետրվարի 12-ը ստորագրվել տերությունների անունից, որոնք ներկայացված են այն կոնֆերանսում, որը բացվել է Ժնևում 1919 թվականի ապրիլի 21-ին, ինչպես նաև այն տերությունների կողմից, որոնք չեն ներկայացված այդ կոնֆերանսում, բայց մասնակցում են 1929 թվականի հուլիսի 27-ի Կոնվենցիային:
հոդված 137.
Սույն Կոնվենցիան կվավերացվի հնարավորության սահմաններում արագորեն և վավերագրերը կհանձնվի ի պահ Բեռնում:
Յուրաքանչյուր վավերագրի հանձնման մասին կկազմվի արձանագրություն, որի հաստատված պատճենը Շվեյցարական Դաշնակցային Խորհրդի կողմից կհանձնվի այն բոլոր տերություններին, որոնց անունից կստորագրվի Կոնվենցիան կամ հայտարարություն կարվի միանալու մասին:
հոդված 138.
Սույն Կոնվենցիան ուժի մեջ կմտնի վեց ամիս անց այն բանից հետո, երբ առնվազն երկու վավերագրեր կհանձնվեն ի պահ:
Հետագայում Կոնվենցիան յուրաքանչյուր Բարձր Պայմանավորվող Կողմի համար ուժի մեջ կմտնի նրա վավերագիրը ի պահ տալուց վեց ամիս անց:
հոդված 139.
Ուժի մեջ մտնելու օրից սույն Կոնվենցիան բաց է դրան միանալու համար ամեն մի տերության առջև, որի անունից այս Կոնվենցիան չի ստորագրվել:
հոդված 140.
Ամեն մի միանալու մասին գրավոր կհայտարարվի Շվեյցարական Դաշնակցային խորհրդին, և այդ միացումը ուժի մեջ կմտնի վերջինիս կողմից այն ստանալու օրից վեց ամիս անց:
Միանալու մասին Շվեյցարական Դաշնակցային խորհուրդը կհաղորդի բոլոր այն տերություններին, որոնց անունից ստորագրվել է Կոնվենցիան կամ հայտարարություն է արվել միանալու մասին:
հոդված 141.
2 և 3 հոդվածներում նախատեսված դեպքերն անմիջապես ուժի մեջ կդնեն ի պահ հանձնված վավերացումները, ինչպես նաև այն միացումները, որոնց մասին հայտարարվել է կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի կողմից մինչև ռազմական գործողությունները կամ օկուպացումը, կամ դրանցից հետո: Շվեյցարական Դաշնակցային խորհուրդը ամենաարագ ձևով կհաղորդի կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի անունից ստացված վավերացումների և միացումների մասին:
հոդված 142.
Բարձր Պայմանավորվող Կողմերից յուրաքանչյուրը հնարավորություն կունենա չեղյալ հայտարարելու սույն Կոնվենցիան:
Չեղյալ հայտարարելու մասին պետք է գրավոր ձևով հայտնվի Շվեյցարական Դաշնակցային խորհրդին, որն այդ մասին կհաղորդի Բարձր Պայմանավորվող բոլոր Կողմերի կառավարություններին:
Չեղյալ լինելն ուժի մեջ կմտնի Շվեյցարական Դաշնակցային խորհրդին արված հայտարարությունից հետո միայն մեկ տարի անց: Սակայն չեղյալ լինելը, որի մասին հայտարարությունն արվել է այն ժամանակ, երբ չեղյալ հայտարարող պետությունը մասնակցել է կոնֆլիկտին, ուժ չի ունենա մինչև հաշտություն կնքելը և, համենայնդեպս, մինչև այն ժամանակ, քանի դեռ չեն ավարտվել սույն Կոնվենցիայի հովանավորությունից օգտվող անձանց ազատման և հայրենադարձման օպերացիաները:
Չեղյալ լինելն ուժ կունենա միայն չեղյալ հայտարարող տերության վերաբերմամբ: Այն ոչ մի կերպ չի ազդի այն պարտավորությունների վրա, որոնք կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերը պարտավոր են կատարել միջազգային իրավունքի բերումով, քանի որ դրանք բխում են քաղաքակիրթ ժողովուրդների միջև սահմանված սովորույթներից, մարդկայնության օրենքներից և հասարակական խղճի հրամայականից:
հոդված 143.
Շվեյցարական Դաշնակցային խորհուրդը սույն Կոնվենցիան կգրանցի Միավորված Ազգերի Կազմակերպության քարտուղարությունում: Շվեյցարական Դաշնակցային խորհուրդը Միավորված Ազգերի Կազմակերպության քարտուղարությանը կհաղորդի նաև բոլոր այն վավերացումների, միացումների և չեղյալ լինելու մասին, որոնք նա կստանա այս Կոնվենցիայի կապակցությամբ:
Ի հավաստումն սույնի` ներքոստորագրյալները, ներկայացնելով համապատասխան լիազորություններ, ստորագրեցին սույն Կոնվենցիան:
Արված է Ժնևում 1949 թվականի օգոստոսի 12-ին ֆրանսերեն և անգլերեն լեզուներով. սույն Կոնվենցիայի բնագիրը կպահվի Շվեյցարական Դաշնության արխիվներում, իսկ Կոնվենցիայի հաստատված պատճենները Շվեյցարական Դաշնության խորհրդի կողմից կհանձնվեն Կոնվենցիան ստորագրած կամ դրան միացած յուրաքանչյուր պետության:
հավելված 1
տիպարային համաձայնագիր վիրավոր ԵՎ հիվանդ ռազմագերիների անմիջական հայրենադարձման ԵՎ չեզոք երկրում հոսպիտալացման հարցի առթիվ
(տես հոդված 110)
1. Անմիջական հայրենադարձման և չեզոք երկրում հոսպիտալացման սկզբունքները
A. Անմիջական հայրենադարձումը
Անմիջական հայրենադարձման ենթակա են.
1. բոլոր ռազմագերիները, որոնք վնասվածության հետևանքով ստացել են հետևյալ խեղումները. մի վերջավորության կորուստ, կաթված, հոդերի հաշմություն և այլ հաշմություններ, պայմանով, որ դրանք իրենցից ներկայացնում են առնվազն մեկ ձեռքի կամ մեկ ոտքի կորուստ, կամ դրանք հավասարազոր են մեկ ձեռքի կամ մեկ ոտքի կորստի:
Ձեռքի կամ ոտքի կորստին հավասար կարող են համարվել հետևյալ դեպքերը (սա, սակայն, չի նշանակում, թե չի կարող տրվել այդ դեպքերի առավել լայն մեկնաբանում):
a/ ձեռքի, մեկ ձեռքի բոլոր մատների կամ ցուցամատի և մեծ մատի կորուստ, մեկ ոտքի կամ ոտքի բոլոր մատների և մեկ ոտքի ոտնաթաթի ոսկորների կորուստ.
b/ անկիլոզ, ոսկրային հյուսվածքի կորուստ, սպիի նեղացում, որը խախտում է մեկ ձեռքի մեծ հոդերից մեկի կամ մատների բոլոր հոդերի շարժումը.
c/ երկար ոսկորների ոլորված հոդ.
d/ խեղում, որ հանդիսանում է ջարդվածքի կամ այլ վնասվածքի հետևանք և ուղեկցվում է գործունեության կամ ծանրություն կրելու ընդունակության նվազեցմամբ:
2. Բոլոր վիրավոր ռազմագերիները, որոնց վիճակն ստացել է խրոնիկական բնույթ, ընդսմին, դատելով կանխատեսումից, առողջության վերականգնման հնարավորությունը մեկ տարվա ընթացքում` հաշված վիրավորվելու օրվանից, չնայած բուժմանը, հավանաբար, բացառվում է, ինչպես օրինակ, հետևյալ դեպքերում.
a/ արկի բեկորը սրտի մեջ է, եթե անգամ բժշկական խառը հանձնաժողովը չի կարողացել զննության ժամանակ հայտնաբերել ծանր խանգարումների առկայություն.
b/ մետաղե բեկորն ուղեղի կամ թոքերի մեջ է, եթե անգամ բժշկական խառը հանձնաժողովը չի կարողացել զննության ժամանակ հայտնաբերել տեղական կամ ընդհանուր ռեակցիայի առկայություն.
c/ ոսկրածուծի բորբոքում, որի բուժումը վիրավորվելուն հաջորդող մեկ տարվա ընթացքում չի կարելի ակնկալել և որը, հավանաբար կհանգեցնի անդամահատման կամ ձեռքի և ոտքի կորստի հավասարազոր այլ վնասվածքների.
d/ վերքեր, որոնք ներթափանցում են հիվանդ հոդի մեջ և հարուցում դրա թարախակալումը.
e/ գանգի վնասվածքը` մաշկի բջիջների կորստով կամ տեղաշարժով հանդերձ.
f/ դեմքի վնասվածքը կամ այրվածքը` հյուսվածքի կորստով և ֆունկցիաների վնասվածքներով.
1. Բոլոր վերոհիշյալ պայմանները պետք է մեկնաբանվեն
h/ ծայրամասերի ներվերի վնասվածքը, որի հետևանքները հավասարազոր են ձեռքի կամ ոտքի կորստին,
i/ ծայրամասային նյարդերի վնասվածքը, որոնց հետևանքները հավասարազոր են մեկ ձեռքի կամ ոտքի կորստի, և որի բուժումը պահանջում է մեկ տարուց ավելի ժամանակ` վիրավորվելուց հետո: Օրինակ, ուսի կամ գոտկատեղի-գավակոսկրի հյուսվածքի, միջնային կամ նստույքի նյարդի վնասվածքը, ինչպես նաև մեծոլոքային նյարդի վնասվածքը` նրբոլոքային նյարդի հետ մեկտեղ: Ճաճանչոսկրային և արմնկոսկրային, նրբոլոքային և մեծոլոքային ներվերի մեկուսացված վնասվածքի դեպքում վիրավորները ենթակա չեն հայրենադարձման, բացառությամբ կոնտրակտուրների կամ նյարդատրոֆիկ խանգարումների դեպքերի.
j/ միզապարատի վնասվածքը, որը լրջորեն խախտում է դրա գործունեությունը:
3. Բոլոր հիվանդ ռազմիկները, որոնց հիվանդությունն ընդունել է քրոնիկական բնույթ, ընդսմին, դատելով բժշկական կանխատեսումից, ապաքինման հնարավորությունը հիվանդացման սկզբից հաշված մեկ տարվա ընթացքում, չնայած բուժմանը, ըստ երևույթին, բացառվում է, ինչպես, օրինակ, հետևյալ դեպքերում.
a/ ցանկացած զարգացող պալարախտը, որը, դատելով բժշկական կանխատեսումից, չի կարող հանգեցնել ապաքինման կամ, համենայնդեպս, զգալի բարելավման` չեզոք երկրում բուժելիս.
b/ թոքամիզի արտածորական բորբոքում.
c/ շնչառական օրգանների ոչ պալարախտային բնույթի լուրջ հիվանդացումները, որոնք համարվում են անբուժելի ինչպես, օրինակ, թոքերի ծանր էմֆիզեման (բրոնխիտով կամ առանց դրա), քրոնիկական ասթման # , քրոնիկական բրոնխիտը#, որը գերության մեջ գտնվելու ժամանակ շարունակվում է մեկ տարուց ավելի, բրոնխոէքտազիան # և այլն.
d/ արյան շրջանառության օրգանների քրոնիկական վնասվածքները, ինչպես, օրինակ, սրտի փականների և միոկարդի# վնասվածքները` դեկոմպենսացիայի նշաններով, որոնք հայտնաբերվել են գերության մեջ եղած ժամանակ, եթե անգամ բժշկական խառը հանձնաժողովը քննություն անցկացնելիս չի կարող ի հայտ բերել այդ նշաններից ոչ մեկը, պերիկարդի և անոթների վնասվածքները (Բյուրգերի հիվանդություն, խոշոր անոթների անեվրիզմներ) և այլն.
e/ մարսողական օրգանների քրոնիկական վնասվածքները, ինչպես, օրինակ, ստամոքսի և տասներկումատյա աղիքի խոցը, գերության մեջ եղած ժամանակ ստամոքսի մասում կատարված վիրահատության հետևանքները, քրոնիկական գաստրիտը, էնտերիտը և կոլիտը, որոնք շարունակվում են տարուց ավելի և խստորեն վատթարացնում առողջական վիճակը, լյարդի ցիրոզային բորբոքումը, քրոնիկական խոլեցիստոպատիաները և այլն.
f/ միզասեռական օրգանների քրոնիկական ծանր վնասվածքները, օրինակ քրոնիկական նեֆրիտը` հետագա խանգարումներով. պալարախտով հիվանդ երիկամի հեռացումը, քրոնիկական պիելիտը կամ ցիստիտը, հիդրո և պիոնեֆրոզը, ծանր քրոնիկական գինեկոլոգիական հիվանդացումները, հղիության և դրա հետ կապված հիվանդագին երևույթներն. այն դեպքում, եթե հնարավոր չէ հոսպիտալացումը չեզոք երկրում և այլն.
__________________________
# Բժշկական խառը հանձնաժողովի որոշումը պետք է զգալի չափով հիմնվի ճամբարային բժիշկների և ռազմագերիների հայրենակից բժիշկների տվյալների և գերության մեջ պահվող տերության մասնագետ բժիշկների զննության վրա:
g/ կենտրոնական և ծայրամասային ներվային համակարգի ծանր քրոնիկական հիվանդացումները, օրինակ
h/ կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգի քրոնիկական ծանր հիվանդությունները` այսպես, ավելի բացահայտ արտահայտված հոգեգարությունը և պսիխոնևրոզները, այնպիսիք, ինչպիսիք են` ծանր հիստերիան, ծանր պսիխոնևրոզը` գերության մեջ գտնվելու հողի վրա, հարկ եղածին պես հայտնաբերված ճամբարի բժշկի կողմից, ուղեղի արտերիոսկլերոզը, տարուց ավելի շարունակվող քրոնիկական նևրիտը և այլն.
i/ վեգետատիվ նյարդային համակարգի ծանր քրոնիկական հիվանդությունները, որոնք ուղեկցվում են ֆիզիկական և մտավոր ընդունակությունների զգալի նվազեցումով` քաշի նկատելի կորստի և ընդհանուր հյուծվածության զուգակցմամբ:
j/ երկու աչքերի կուրությունը կամ մեկ աչքի կուրությունը այն դեպքում, եթե մյուս աչքի տեսողությունը չի հասնում միավորի` չնայած կարգավորվող ակնոցների գործածությանը, տեսողության սրության նվազումը, որ հնարավոր չի վերականգնել մինչև 1/2 թեկուզ մեկ աչքում, աչքի մյուս լուրջ վնասվածքները, որոնցից են գլաուկոման, ակնածիածանի բորբոքումը, անոթավոր թաղանթի բորբոքումը, տրախոման և այլն.
k/ լսողության խանգարումը, ինչպես օրինակ, միակողմյան լիակատար խլությունը, եթե մյուս ականջը չի տարբերում մեկ մետր տարածությունից սովորական ձայնով արտասանված բառերը և այլն#
l/ նյութափոխանակության ծանր հիվանդությունները, ինչպես օրինակ, ինսուլինով բուժում պահանջող շաքարախտը և այլն.
m/ ներքին սեկրեցիայի գեղձերի ծանր հիվանդացումները, ինչպես օրինակ, տիրեոտոքսիկոզը, հիպոտիերոզը, ադիսոնի հիվանդությունը, սիմոնդսի կախեքսիան, տետուպիան և այլն.
n/ արյունաստեղծ օրգանների ծանր քրոնիկական հիվանդությունները.
օ/ քրոնիկական ծանր թունավորումները, արճճային թունավորումը, թունավորումը սնդիկից, մորֆինիզմը, կոկաինիզմը, ալկոհոլիզմը, թունավորումը գազերից կամ տարբեր ճառագայթների գործողության հետևանքով և այլն.
p/ շարժիչ օրգանների քրոնիկական խանգարումները` ֆունկցիաների պարզորոշ արտահայտված խախտումներով. օրինակ` ձևախեղող արտրոզները, քրոնիկական զարգացող պոլիարտրիտները, առաջնային և երկրորդական, ռևմատիզմը` կլինիկական ծանր երևույթներով և այլն:
q/ մաշկի քրոնիկական ծանր հիվանդացումները, որոնք բուժման չեն ենթարկվում.
r/ բոլոր չարորակ նորագոյացումները.
s/ քրոնիկական ինֆեկցիոն ծանր հիվանդությունները, որոնք հիվանդացման սկզբից հաշված տևում են մեկ տարի, ինչպես օրինակ, մալարիան` պարզորոշ արտահայտված օրգանական փոփոխություններով, ամյոբային կամ բացիլային դիզինտերիան` լուրջ խանգարումներով, երրորդ կարգի վիսցերալային սիֆիլիսը, որ ենթակա չէ բուժման, բորոտությունը և այլն.
t/ ծանր ավիտամինոզները և դիստրոֆիաները.
Հոսպիտալացումը չեզոք երկրում:
Չեզոք երկրում հոսպիտալացման համար կառաջարկվեն`
1. Բոլոր այն վիրավոր ռազմիկները, որոնք անբուժելի են գերության մեջ, բայց որոնք կարող են ապաքինվել, կամ որոնց վիճակը կարող է լրջորեն բարելավվել չեզոք երկրում հոսպիտալացվելիս:
2. Այն ռազմագերիները, որոնք տառապում են տուբերկուլյոզի ցանկացած ձևից, ինչպիսին էլ լինի վնասված օրգանը, բացառությամբ առաջին կարգի տուբերկուլյոզի, որը բուժվել է մինչև գերի վերցնելը, որոնց բուժումը չեզոք երկրում, ըստ երևույթին, պետք է որ հասցնի լրիվ ապաքինման կամ գոնե զգալի բարելավման:
3. Այն ռազմագերիները, որոնք տառապում են շնչառական, արյան շրջանառության, մարսողության, ներվային համակարգի օրգանների, զգայական, միզասեռական, մաշկային համակարգի օրգանների և շարժման օրգանների և այլնի` բուժում պահանջող ցանկացած հիվանդությամբ, որոնց բուժումը բացահայտորեն ավելի լավ արդյունք կտա չեզոք երկրում, քան գերության մեջ:
4. Այն ռազմագերիները, որոնք գերության մեջ կրել են երիկամի հեռացման վիրահատություն` ոչ տուբերկուլյոզային բնույթի վնասվածքի հետևանքով, տառապում են բուժման ստադիայում կամ թաքուն վիճակում գտնվող օստեոմիելիտով, ինսուլտով բուժում չպահանջող շաքարախտով և այլն:
5. Այն ռազմագերիները, որոնք տառապում են պատերազմի կամ գերության հարուցած նևրոզով:
Գերության հարուցած նևրոզով հիվանդները, չեզոք երկրում հոսպիտալացվելուց երեք ամիս հետո չեն առողջացել կամ բացահայտորեն չեն գտնվում ապաքինման ճանապարհին, այդ ժամկետը լրանալիս պետք է հայրենադարձվեն:
6. Քրոնիկական թունավորումով (գազերից, մետաղներից, ալկալոիդներից) տառապող բոլոր ռազմագերիները, որոնց վերաբերմամբ ապաքինման հեռանկարը չեզոք երկրում հատկապես նպաստավոր է:
7. Բոլոր հղի ռազմագերի կանայք, կրծքի երեխա և փոքր երեխա ունեցող մայրերը:
Չեզոք երկրում հոսպիտալացվելուց բացառվում են`
1. Քրոնիկական փսիխոզների` հարկ եղած ձևով հաստատված դեպքերը:
2. Ներվային համակարգի օրգանական և ֆունկցիոնալ հիվանդացումների այն դեպքերը, որոնք անբուժելի են ճանաչվել:
3. Ինֆեկցիոն հիվանդությունների բոլոր դեպքերը այն ժամանակաշրջանում, երբ դրանք վարակիչ են, բացառությամբ տուբերկուլյոզի:
2. Ընդհանուր նկատառումներ
1. Բոլոր վերոհիշյալ պայմանները պետք է մեկնաբանվեն առհասարակ և ըստ հնարավորին կիրառվեն դրանց ամենալայն հասկացության ոգով:
Այդպես պետք է լինի մոտեցումը հատկապես պատերազմի կամ գերության մեջ գտնվելու հետևանքով առաջացած նյարդախտության կամ պսիխոզետիայի վիճակի նկատմամբ, ինչպես նաև բոլոր աստիճանների տուբերկուլյոզի դեպքում: այն ռազմագերիների նկատմամբ, որոնք ստացել են բազմաթիվ վերքեր, որոնցից առանձին վերցրած ոչ մեկը չի կարող հիմք ծառայել հայրենադարձման համար, պետք է կիրառվի նույն սկզբունքը, ուշադրության առնելով հոգեկան այն ցնցումները, որոնց հանգեցնում է վերքերի մեծ քանակը:
2. Բոլոր այն անվիճելի դեպքերը, որոնք անմիջական հայրենադարձման իրավունք են տալիս, ինչպես անդամահատությունն է, լրիվ կուրացումը և խլությունը, բաց թոքախտը, հոգեկան հիվանդությունը, չարորակ նորագոյացումները և այլն, քննության և ըստ հնարավորին հայրենադարձման նշանակման են ենթակա ճամբարի բժիշկների և գերության մեջ պահող տերության նշանակած զինվորական բժշկական հանձնաժողովների կողմից:
3. Մինչև պատերազմն ստացած վերքերը և հիվանդությունները, որոնց վիճակը չի բարելավվում, ինչպես նաև պատերազմի ժամանակ ստացած վերքերը, որոնք չեն խանգարել վերադառնալու զինվորական ծառայության, անմիջական հայրենադարձման իրավունք չեն տալիս:
4. Կոնֆլիկտի մեջ գտնվող բոլոր պետությունները սույն որոշումները կմեկնաբանեն և կկիրառեն միատեսակ: Շահագրգիռ տերությունները և իշխանությունները խառը բժշկական հանձնաժողովներին կտրամադրեն բոլոր հնարավորությունները, որոնք անհրաժեշտ են նրանց խնդիրները կատարելու համար:
5. 1-ին թվի տակ վերը նշված օրինակները հանդիսանում են միայն տիպարային օրինակներ: Այն դեպքերը, որոնք ոչ լրիվ են համապատասխանում այդ որոշումներին, պետք է քննության առնվեն սույն Կոնվենցիայի 110 հոդվածի որոշումների և սույն համաձայնագրերի սկզբունքների ոգով:
հավելված 2
կանոնադրություն բժշկական խառը հանձնաժողովների մասին
(տես հոդված 112)
հոդված 1.
Կոնվենցիայի 112 հոդվածում նախատեսված բժշկական հանձնաժողովները կկազմվեն երեք անդամներից, որոնցից երկուսը պետք է լինեն չեզոք երկրի քաղաքացիներ, իսկ երրորդը նշանակվում է գերության մեջ պահող տերության կողմից: Հանձնաժողովում կնախագահի վերը նշված երկու չեզոք անդամներից մեկը:
հոդված 2.
Երկու չեզոք անդամները նշանակվում են Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի կողմից` հովանավոր տերության հետ համաձայնեցնելով գերության մեջ պահող տերության խնդրանքով: Նրանք կարող են բնակվել ինչպես իրենց հայրենիքում, այնպես էլ ուրիշ չեզոք երկրում կամ գերության մեջ պահող տերության տարածքում:
հոդված 3.
Չեզոք անդամների թեկնածությունները պետք է արժանանան կոնֆլիկտի մեջ գտնվող շահագրգիռ կողմերի հավանությանը, որոնք իրենց համաձայնության մասին կհաղորդեն, Կարմիր խաչի Միջազգային կոմիտեին և հովանավոր տերությանը: Ծանուցման պահից այդ անձինք համարվում են հանձնաժողովի հիրավի նշանակված անդամներ:
հոդված 4.
Նաև կնշանակվի անդամների տեղակալների բավարար քանակ այն բանի համար, որպեսզի անհրաժեշտության դեպքում փոխարինվեն հանձնաժողովի իսկական անդամները: Այդ նշանակումը կատարվում է իսկական անդամների նշանակման հետ միաժամանակ, համենայն դեպս, դրանից հետո հնարավոր առավել կարճ ժամկետում: