Հոդված 47
Հոդված 47.
Հիվանդ և վիրավոր գերիներին չեն տեղափոխի, եթե միայն նրանց անվտանգությունը չի ստիպում այդ անել, քանի որ տեղափոխումը կարող է նրանց ապաքինումը սպառնալիքի տակ դնել:
Որևէ ճամբարի ռազմաճակատի գիծը մոտենալիս, այդ ճամբարի ռազմագերիները կտեղափոխվեն միայն այն դեպքում, եթե նրանց տեղափոխումը կարող է իրականացվել բավարար անվտանգության պայմաններում, կամ էլ եթե նրանք տեղում մնալով ավելի մեծ վտանգի են ենթարկվում, քան տեղափոխվելիս:
հոդված 48.
Տեղափոխման դեպքում ռազմագերիներին պաշտոնապես կհայտնվի նրանց մեկնման և փոստային նոր հասցեի մասին, այդ հաղորդումը պետք է կատարվի նախօրոք, այնպես, որպեսզի նրանք կարողանան հավաքել-կապել իրենց իրերը և նախազգուշացնեն իրենց ընտանիքներին:
Նրանց կթույլատրվի իրենց հետ վերցնել անձնական իրերը, նամակագրությունը և նրանց հասցեով ստացված ծանրոցները, այդ իրերի քաշը, եթե տեղափոխման հանգամանքները պահանջում են, կարող է սահմանափակվել մինչև այն չափը, որ ռազմագերին կարող է նորմալ տանել, բայց թույլատրված քաշը յուրաքանչյուր մարդու հաշվով ոչ մի դեպքում չպետք է գերազանցի 25 կիլոգրամը:
Նամակագրությունը և ծանրոցները, որոնք նախորդ ճամբարի հասցեով են, նրանց կուղարկվեն առանց ուշացվելու: Ճամբարի պետը, վստահված անձի հետ համաձայնեցնելով անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի ռազմագերիների կոլեկտիվ այն գույքի և իրերի փոխադրումն ապահովելու համար, որոնք ռազմագերիները չեն կարողացել իրենց հետ վերցնել սույն հոդվածի երկրորդ պարբերությունում նախատեսված սահմանափակումների պատճառով:
Տեղափոխման ծախսերը կկատարի գերության մեջ պահող տերությունը:
մաս 3
ռազմագերիների աշխատանքի մասին
հոդված 49.
Գերության մեջ պահող տերությունը կարող է աշխատունակ ռազմագերիներին օգտագործել որպես աշխատուժ, հաշվի առնելով նրանց տարիքը, սեռը, կոչումը, ինչպես նաև ֆիզիկական ընդունակությունները, մասնավորապես, այն բանի համար, որպեսզի նրանց պահպանի ֆիզիկական և բարոյական լավ վիճակում:
Ռազմագերի ենթասպաներից կարելի է միայն պահանջել աշխատանքների հսկողության իրականացում: Այդպիսի աշխատանքի մեջ չներգրավված ենթասպաները կարող են խնդրել տալ ուրիշ` իրենց հարմար աշխատանք, որը ըստ հնարավորին նրանց կտրամադրվի:
Եթե սպաները կամ նրանց հավասարեցված անձինք խնդրում են իրենց համար հարմար աշխատանք, ապա այդպիսին պետք է նրանց տրամադրվի: Ոչ մի դեպքում նրանք չեն կարող պարտադրվել աշխատելու:
հոդված 50.
Բացի կառավարման, սարքավորման և կարգին վիճակում ճամբարի պահպանման աշխատանքներից, ռազմագերիները հարկադրական կարգով կարող են ներգրավվել միայն այն աշխատանքների մեջ, որոնք վերաբերում են ներքոհիշյալ կատեգորիաներին`
a/ գյուղատնտեսություն.
b/ արդյունաբերության արդյունահանող և վերամշակող ճյուղեր, բացառությամբ մետաղամշակման, մեքենաշինական և քիմիական արդյունաբերության, ինչպես նաև այնպիսի հասարակական աշխատանքներ և շինարարություն, որոնք կրում են ռազմական բնույթ կամ ունեն ռազմական նպատակներ:
c/ աշխատանք տրանսպորտում կամ բեռնման-բեռնաթափման աշխատանքներ, որոնք ռազմական բնույթ կամ նշանակություն չունեն.
d/ առևտրական գործունեություն, արվեստ և արհեստ.
e/ աշխատանք տնային տնտեսության մեջ.
f/ կոմունալ ծառայություններ, որոնք ռազմական բնույթ կամ նշանակություն չունեն:
B. Վերը նշված դրույթի խախտման դեպքում ռազմագերիներին թույլատրվում է օգտագործել գանգատարկման իրենց իրավունքը` 78 հոդվածին համապատասխան:
հոդված 51.
Ռազմագերիներին պետք է տրամադրվեն համապատասխան պայմաններ աշխատանքի համար, հատկապես բնակարան, սնունդ, հագուստ և հանդերձանք. այդ պայմանները չպետք է զիջեն այն պայմաններին, որոնցից օգտվում են գերության մեջ պահող տերության քաղաքացիները համանման աշխատանքներում նրանց օգտագործելիս: Հարկ է նաև ուշադրության առնել կլիմայական պայմանները:
Օգտագործելով ռազմագերիների աշխատանքը, գերության մեջ պահող տերությունը նրանց աշխատանքի տեղերում կապահովի աշխատանքի պահպանության մասին ազգային օրենքների պահպանումը և, մասնավորապես, անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանումը:
Ռազմագերիները պետք է անցնեն նախապատրաստություն, և նրանց վերաբերմամբ պետք է իրականացվեն միջոցառումներ աշխատանքի` այն աշխատանքին համապատասխան պահպանության ուղղությամբ, որ նրանք պետք է կատարեն, և համանման այն աշխատանքներին համապատասխան, որոնք տրամադրվում են գերության մեջ պահող տերության քաղաքացիներին: 52 հոդվածի դրույթները կատարելու պայմանի դեպքում ռազմագերիները կարող են ընդգրկվել սովորական այնպիսի վտանգի հետ կապված աշխատանքների մեջ, որին ենթարկվում են բանվորները` քաղաքացիական բնակչության թվից:
Ոչ մի դեպքում չի կարելի ստեղծել աշխատանքի առավել ծանր պայմաններ կարգապահական միջոցների կիրառման միջոցով: