Հոդված 2. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ
Հոդված 2. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ
1. «Բույս» տերմինն ընդգրկում է կենդանի բույսերը և նրա մասերը, այդ թվում` նաև սերմերը:
2. «Բուսական ծագում ունեցող մթերքներ» տերմինն ընդգրկում է բուսական ծագում ունեցող չմշակված նյութերը և այն մշակված մթերքները, որոնք իրենց բնույթով կամ արտադրության եղանակով կարող են վնասակար օրգանիզմների տարածման վտանգ ներկայացնել:
3. «Կարանտինային օրգանիզմ» տերմինն ընդգրկում է երկրի տարածքում գոյություն չունեցող կամ գոյություն ունեցող, սակայն լայն տարածում չունեցող կարանտինային վնասատուները, գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունները և բուսական ծագում ունեցող մթերքներն ու մոլախոտային բույսերը:
4. «Վնասակար օրգանիզմ» տերմինը նշանակում է բույսերի կամ բուսական ծագում ունեցող մթերքների համար վնասակար կամ հավանական վնասակար բոլոր տեսակի բուսական և կենդանական ծագում ունեցող կենսաձևերը կամ ցանկացած բնույթի ախտածինները:
5. Սույն Կոնվենցիան կնքվում է հիմնականում բուսական կարանտինի և կարանտինային օրգանիզմների կարանտինի նպատակների համար, որոնք կարող են տարածում գտնել հումքի և բուսական ծագում ունեցող մթերքների միջոցով` միջազգային և երկկողմանի առևտրական փոխհարաբերությունների հետևանքով:
6. Պայմանավորվող յուրաքանչյուր կողմ կազմակերպում է.
ա) հսկողություն վեգետացիայի ընթացքում գյուղատնտեսական մշակաբույսերի և անտառային զանգվածների, հումքի և բուսական ծագում ունեցող մթերքների նկատմամբ` դրանց պահպանության և փոխադրումների դեպքում` կարանտինային և տնտեսապես վտանգավոր օրգանիզմների ի հայտ գալը որոշելու և դրանց դեմ պայքարելու նպատակով,
բ) հսկողություն արտահանման համար նախատեսված բույսերի և բուսական ծագում ունեցող մթերքների խմբաքանակների նկատմամբ, նշված բեռների միջազգային ներմուծման և արտահանման համար օգտագործվող փոխադրամիջոցների նկատմամբ` մյուս Կողմի տարածք կարանտինային օրգանիզմների ներթափանցումը կանխարգելելու նպատակով,
գ) բույսերի և բուսական ծագում ունեցող մթերքների խմբաքանակների ֆումիգացիա և (կամ) ախտահանում (անհրաժեշտության դեպքում),
դ) բույսերի և բուսական ծագում ունեցող խմբաքանակների ծագման, դրանց բուսասանիտարական վիճակի մասին հավաստագիր (այսուհետև` բուսասանիտարական հավաստագիր) տալը, ինչպես նաև, լրացուցիչ տեղեկություն կամ հայտարարություն տալը (անհրաժեշտության դեպքում):
Բուսասանիտարական հավաստագրի պիտանիության ժամկետը 20 (քսան) օր է` դրանց տրվելու օրից սկսած:
7. Բուսասանիտարական հավաստագիր տալը և հսկողությունը կատարվում է միայն համապատասխան ծառայությունների լիազորված որակյալ անձանց կողմից: Բուսասանիտարական հավաստագիրը կրում է պետական այն կազմակերպության կնիքը, որին հանձնարարված է այդ գործունեությունը:
8. Բուսասանիտարական հավաստագրի շարադրանքը բնագրում պետք է լինի երկու լեզուներով` հայերեն, ռուսերեն (կամ անգլերեն) կամ բուլղարերեն, ռուսերեն (կամ անգլերեն):
Բնագրում ջնջումներ, ուղղումներ, փոփոխություններ կատարած կամ ոչ ընթեռնելի շարադրանքով հավաստագրերը անվավեր են համարվում: Բույսերի կամ բուսական ծագում ունեցող արտադրանքի տարանցման դեպքում տարանցիկ բեռների բուսասանիտարական հավաստագիրն ուղեկցվում է արտադրող երկրի բուսասանիտարական հավաստագրի բնագրով (Հավելված թիվ 2, «Բուսասանիտարական վկայականի նմուշը»):