Հոդված 8. Մաքսային դրույթներ, հարկեր, սակագներ և վճարներ
Հոդված 8. Մաքսային դրույթներ, հարկեր, սակագներ և վճարներ
1. Պայմանավորվող կողմերից մեկի պետության տարածքում գրանցված ավտոմոբիլային փոխադրամիջոցները, ինչպես նաև տրանսպորտային միավորները, որոնք կիրառվում են համակցված փոխադրումների համար, ժամանակավորապես ընդունվում են մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում` ազատվելով ներմուծման մաքսային պարտավորություններից` պայմանով, որ դրանք վերաարտահանվելու են:
Նույն պայմանները կիրառվում են պահեստամասերի, ինչպես նաև ավտոմոբիլային փոխադրամիջոցների լրացուցիչ պարագաների և նորմալ սարքավորումների համար, որոնք անհրաժեշտ են տրանսպորտային գործառնությունների համար, և որոնք ներմուծվել ու վերաարտահանվել են նշված փոխադրամիջոցներով:
2. Պայմանավորվող կողմերից մեկի պետության տարածքում գրանցված ավտոմոբիլային փոխադրամիջոցները, որոնք կատարում են փոխադրումներ` համաձայն սույն Համաձայնագրի դրույթների, փոխադարձաբար ազատվում են փոխադրամիջոցի երթևեկության հարկի և գույքահարկի բոլոր գանձումներից, ինչպես նաև բոլոր այն հարկերից և սակագներից, որոնք գանձվում են մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում տրանսպորտային գործառնությունների համար` գործող օրենքների և կանոնների համաձայն:
3. Սույն Համաձայնագրի կիրառումից բխող բոլոր վճարումները կատարվում են փոխարկելի տարադրամով: Պայմանավորվող կողմերի միջև Վճարման համաձայնագրի կնքման դեպքում կկիրառվեն վերջինիս դրույթները:
4. Տրանսպորտային միջոցների միջազգային փոխադրումներից, ինչպես նաև դրանց հետ կապված շարժական գույքի շահագործումից ստացված եկամուտները հարկվում են այն պետությունում, որտեղ տեղակայված է տրանսպորտային ընկերության արդյունավետ ղեկավարման կենտրոնը: Պայմանավորվող կողմերի միջև կրկնակի հարկումը բացառելու մասին կոնվենցիայի կնքման դեպքում կգործեն դրա դրույթները: