Հոդված 12. Ռազմական կարիքների համար պետական պատվերի ձևավորումը
Հոդված 12. Ռազմական կարիքների համար պետական պատվերի ձևավորումը
1. Ռազմական կարիքների համար պետական պատվերի ձևավորման հիմք են հանդիսանում`
1) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զարգացման ծրագրերը.
2) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագիրը (պետական սպառազինման ծրագիր).
3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության և անվտանգության նպատակային պետական ծրագրերը.
4) Հայաստանի Հանրապետության հանրապետական զորահավաքային ծրագրերը.
5) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ռազմատեխնիկական համագործակցության ծրագրերը և պլանները.
6) Հայաստանի Հանրապետության պաշտպանության և անվտանգության վերաբերյալ Կառավարության, վարչապետի և Անվտանգության խորհրդի որոշումները:
2. Ռազմական կարիքների համար պետական պատվերը ձևավորվում է՝ ըստ ռազմական կարիքների համար պետական պատվերի հիմնական ցուցանիշների: Ռազմական կարիքների համար պետական պատվերի հիմնական ցուցանիշների վերաբերյալ առաջարկությունները մշակվում են`
1) պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը կազմելիս.
2) պետական պատվիրատուների առաջարկությամբ հերթական ֆինանսական տարվա և պլանային ժամանակահատվածի պետական բյուջեի նախագիծը կազմելիս:
3. Ռազմական կարիքների համար պետական պատվերում կարող են ընդգրկվել`
1) սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմատեխնիկական միջոցների, ունեցվածքի և թիկունքային գույքի մշակման, ստեղծման, արդիականացման, նորոգման (վերականգնման), արդիականացմամբ նորոգման, սպասարկման և այլ աշխատանքներ.
2) (կետն ուժը կորցրել է 16.07.20 ՀՕ-382-Ն)
3) սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմատեխնիկական միջոցների, ունեցվածքի և թիկունքային գույքի, ինչպես նաև հումքի, նյութերի, համալրող պատրաստվածքների մատակարարումը.
4) շահագործումից հանված սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմատեխնիկական միջոցների և ունեցվածքի օգտահանումը.
5) շահագործումից հանված սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմատեխնիկական միջոցների և ունեցվածքի օգտահանման համար տեխնիկական վերազինման աշխատանքները.
6) Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին համապատասխան ռազմատեխնիկական համագործակցության բնագավառում ապրանքների մատակարարման աշխատանքները.
7) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմանը համապատասխան՝ ՌԱՀ-ում օգտագործվող նյութական արժեքների, պետական պահոցում կուտակման համար ապրանքների մատակարարումը.
8) Հայաստանի Հանրապետության անվտանգության նպատակով այլ ապրանքների մատակարարումները` սույն հոդվածի առաջին մասին համապատասխան:
(12-րդ հոդվածը փոփ. 20.12.17 ՀՕ-2-Ն, խմբ. 23.03.18 ՀՕ-307-Ն, փոփ. 16.07.20 ՀՕ-382-Ն)