Հոդված 16. Գլխավոր կատարողի իրավասությունները
Հոդված 16. Գլխավոր կատարողի իրավասությունները
1. Գլխավոր կատարողը`
1) ռազմական կարիքների համար պետական պատվերի ձևավորման (ճշգրտման) ընթացքում, պետական պատվիրատուի հարցումով, կատարողների մասնակցությամբ տրամադրում է ապրանքի գինը, իսկ պետական պատվիրատուի հարցումով, կատարողների մասնակցությամբ սահմանում է ապրանքի մատակարարման կարգը և ժամկետները (ամբողջովին և առանձին փուլերով), որոշում է կատարողների կազմը, ֆինանսավորման ժամկետները և պայմանները.
2) պետական պայմանագրի պայմաններին համապատասխան՝ ապահովում է ապրանքի մատակարարումը.
3) կազմակերպում և անցկացնում է տեխնիկական փաստաթղթերով նախատեսված սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմատեխնիկական միջոցների, ունեցվածքի և թիկունքային գույքի փորձնական նմուշների, հատային և սերիական արտադրված ապրանքների խմբաքանակների (համալիրների, համակարգերի), ինչպես նաև համալրող սարքերի և նյութերի փորձարկումներ.
4) ապահովում է ռազմական ապրանքի և գույքի համապատասխանությունը պետական պատվիրատուի կողմից ներկայացված պահանջներին.
5) ապահովում է մատակարարվող ռազմական ապրանքների և գույքի որակը` պետական պատվիրատուի նորմատիվ և իրավական այլ ակտերի ու փաստաթղթերի պահանջներին, ինչպես նաև պետական պայմանագրի պայմաններին համապատասխան.
6) ապահովում է պետական պատվիրատուի իրավասու մարմնի կողմից պետական պայմանագրի կատարման հսկողությունը.
7) պետական պատվիրատուի պահանջով պետական պատվիրատուի իրավասու մարմին տեղեկատվություն է ներկայացնում ռազմական կարիքների համար պետական պատվերի կատարման ընթացքում կատարված ծախսերի վերաբերյալ.
8) պետական պատվիրատուին է ներկայացնում պետական պայմանագրի գնի փոփոխման անհրաժեշտ հիմնավորում: Պետական պայմանագրի գնի ավելացման դեպքում ներկայացնում է նաև ծախսերի կրճատմանն ուղղված միջոցառումների ցանկ.
9) (կետն ուժը կորցրել է 16.07.20 ՀՕ-382-Ն)
10) պետական պատվիրատուին տեղեկացնում է ՌԱՀ-ի ամփոփ ցուցակում գրանցված ու 50% և պակաս պետական բաժնեմաս ունեցող ռազմական կարիքների համար պետական պատվեր կատարող կազմակերպության արտադրական հզորությունների կրճատման, վերացման կամ աշխատանքի բնույթի փոփոխման մասին, եթե հերթական տարվա և պլանային ժամանակաշրջանում բացակայում կամ դադարեցվում է ռազմական ապրանքի և գույքի մատակարարման ռազմական պետական պատվերը.
11) գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մրցույթի արդյունքների հիման վրա պայմանագրի կնքումից հետո՝ 5-օրյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով, դիմում է ներկայացնում պետական լիազոր մարմին` ՌԱՀ-ի ամփոփ ցուցակում գրանցվելու համար:
(16-րդ հոդվածը փոփ., լրաց. 16.07.20 ՀՕ-382-Ն)