Հոդված 20. Կենտրոնական բանկի խորհրդի իրավասությունը
Հոդված 20. Կենտրոնական բանկի խորհրդի իրավասությունը
Կենտրոնական բանկի խորհուրդը`
ա) հաստատում է Կենտրոնական բանկի կանոնադրությունը.
բ) հաստատում է Հայաստանի Հանրապետության դրամավարկային քաղաքականության ծրագիրը.
գ) հաստատում է Կենտրոնական բանկի կողմից իրականացվող բաց շուկայական գործառնությունների, տրամադրվող վարկերի և ներգրավվող ավանդների սահմանաքանակները և տոկոսադրույքները.
դ) հաստատում է բանկերի կողմից Կենտրոնական բանկում պարտադիր պահուստավորում իրականացնելու կարգն ու պայմանները.
ե) ընդունում է Կենտրոնական բանկի նորմատիվ ակտերը.
զ) Կենտրոնական բանկի նախագահի առաջարկությամբ որոշում և հաստատում է Կենտրոնական բանկի խորհրդի անդամների միջև պարտականությունների բաշխումը.
է) սահմանում է Հայաստանի Հանրապետության արժույթի (թղթադրամի ու մետաղադրամի) անվանական արժեքն ու ձևը, թողարկման և շրջանառությունից հանելու կարգն ու պայմանները, որոշում է կայացնում թղթադրամ ու մետաղադրամ թողարկելու և շրջանառությունից հետ կանչելու և հանելու մասին սահմանելով շրջանառությունից հետ կանչելու և հանելու ժամկետները.
ը) որոշում է միջազգային կազմակերպություններում Կենտրոնական բանկի անդամակցության հարցը.
թ) հաստատում է Կենտրոնական բանկի կողմից ներկայացվող հաշվետվություններն ու եզրակացությունները.
ժ) («ժ» կետն ուժը կորցրել է 25.12.06 ՀՕ-36-Ն)
ժա) հաստատում է Կենտրոնական բանկի կողմից բանկերի վարկավորման կարգը.
ժբ) հիմնադրում և լուծարում է Կենտրոնական բանկի տարածքային ստորաբաժանումները.
ժգ) հաստատում է Կենտրոնական բանկի տարեկան ծախսերի նախահաշիվը, տարեկան և այլ հաշվետվությունները.
ժդ) սահմանում է այն արժեթղթերի ցանկը, որոնք Կենտրոնական բանկը կարող է ձեռքբերել, պահել և օտարել, ինչպես նաև դրանք ձեռքբերելու, պահելու և օտարելու կարգը.
ժե) սահմանում է Կենտրոնական բանկի կողմից թողարկվող կարճաժամկետ պետական արժեթղթերի տեսակները, ինչպես նաև հաստատում է այդ արժեթղթերի թողարկման, մարման, դրանցով կատարվող գործառնությունների իրականացման կարգերը՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի հետ.
ժզ) օրենքով սահմանված կարգով տալիս է բանկային գործունեության և այլ լիցենզիաներ, ուժը կորցրած կամ անվավեր է ճանաչում դրանք, սահմանում է բանկերի և այլ անձանց լիցենզավորման կարգը.
ժէ) «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով բանկին ճանաչում է անվճարունակ, հարուցում է դրա սնանկության վարույթը, իրականացնում է այդ օրենքով նախատեսված այլ լիազորություններ, ընդունում է բանկերի վերակազմակերպման հետ կապված` օրենքով իր իրավասությանը վերապահված որոշումները.
ժը) հաստատում է Կենտրոնական բանկի խորհրդի աշխատանքի կանոնակարգը.
ժթ) հաստատում է բանկերի գործունեությունը կարգավորող նորմատիվները և դրանց հաշվարկման կարգը:
ի) նախնական համաձայնություն է տալիս կամ մերժում է բանկերի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցության ձեռքբերմանը.
իա) հաստատում է բանկերի և Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվող և վերահսկվող այլ անձանց կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների ձևերը.
իբ) սահմանում է բանկերում ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմանները.
իգ) («իգ» ենթակետն ուժը կորցրել է 23.05.06 ՀՕ-76-Ն)
իգ.1) հաստատում է պետական արժեթղթերով կատարվող գործառնությունների (այդ թվում՝ դրանց պահառության գործունեության, հաշվառման և հաշվարկների իրականացման համակարգի գործունեության, տեղաբաշխման, թերտեղաբաշխված արժեթղթերի տեղաբաշխման, երկրորդային շուկայում արժեթղթերի շրջանառության, արժեթղթերի հետգնման և մարման, ինչպես նաև արժեթղթերի գրավի հետ կապված գործառնությունների) իրականացման կարգերը՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի հետ.
իդ) ընդունում է Հայաստանի Հանրապետության վճարահաշվարկային հարաբերությունները և դրամաշրջանառությունը կանոնակարգող իրավական ակտերը.
իե) իրականացնում է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված լիազորությունները.
իզ) հաստատում է Կենտրոնական բանկի պաշտոնական և այլ պարբերականների թողարկման և հրապարակման կարգը և պայմանները.
իէ) տալիս է Կենտրոնական բանկի նորմատիվ ակտերի պարզաբանումները.
իը) սահմանում է բանկերի համար պարտադիր կատարման ենթակա վարկային ռիսկի գնահատման կանոնակարգը, այն անձանց նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կարգը և պայմանները, որոնց հաշվեկշիռներն օրենքով և Կենտրոնական բանկի իրավական ակտերով սահմանված կարգով բանկը միավորում է իր հաշվեկշռում (համախմբված հաշվեկշիռ).
իթ) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ.
լ) ընդունում է «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով վարկային կազմակերպությունների գործունեությունը կարգավորող նորմատիվ իրավական ակտերը, այդ թվում` հաստատում է վարկային կազմակերպությունների գործունեության օրինակելի կանոնակարգը, սահմանում է բանկերի հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգին` վարկային ռեգիստրին վարկային կազմակերպությունների մասնակցության կարգը և պայմանները.
լ) իրականացնում է «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված լիազորությունները:
(20-րդ հոդվածը խմբ., լրաց. 23.10.01 ՀՕ-243, խմբ. 06.11.01 ՀՕ-256, լրաց. 29.05.02 ՀՕ-371-Ն, 23.10.02 ՀՕ-427-Ն, խմբ., լրաց. 03.03.04 ՀՕ-45-Ն, խմբ. 24.11.04 ՀՕ-147-Ն, 14.12.04 ՀՕ-17-Ն, փոփ. 08.12.05 ՀՕ-245-Ն, խմբ., փոփ. 23.05.06 ՀՕ-76-Ն, փոփ. 25.12.06 ՀՕ-36-Ն)