Հոդված 6. Տեղեկացման ենթակա գործարքը կամ գործարար հարաբերությունը
Հոդված 6. Տեղեկացման ենթակա գործարքը կամ գործարար հարաբերությունը
1. Հաշվետվություն տրամադրող անձը լիազոր մարմին հաշվետվություն է ներկայացնում կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության և (կամ) պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի վերաբերյալ:
2. Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվությունը տրամադրվում է հաշվետվություն տրամադրող բոլոր անձանց կողմից, ըստ հաշվետվություն տրամադրող յուրաքանչյուր անձի համար սահմանված գործարքների կամ գործարար հարաբերությունների տեսակների, անկախ դրանցում ներգրավված գումարի չափից, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով սահմանված դեպքի:
3. Պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի վերաբերյալ հաշվետվությունը տրամադրվում է հաշվետվություն տրամադրող հետևյալ անձանց կողմից` ըստ գործարքների որոշակի տեսակների և սահմանաչափերի, որոնք են՝
1) ֆինանսական հաստատությունների դեպքում՝ անկանխիկ գործարքներ, որոնց գումարը հավասար է կամ գերազանցում է 20 միլիոն դրամը, կանխիկի հետ կապված գործարքներ, որոնց գումարը հավասար է կամ գերազանցում է 5 միլիոն դրամը, ինչպես նաև կրիպտոակտիվով գործարքներ, որոնց գումարը հավասար է կամ գերազանցում է 1 միլիոն դրամը.
2) նոտարների, խաղատների, շահումով խաղերի, ներառյալ՝ ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի կազմակերպիչների, իրավաբանական անձանց գրանցող պետական մարմնի (պետական ռեգիստրի), ինչպես նաև անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող լիազոր մարմնի դեպքում՝ գործարքներ, որոնց գումարը հավասար է կամ գերազանցում է 20 միլիոն դրամը, բացառությամբ անշարժ գույքի առուվաճառքի գործարքների, որոնց դեպքում հաշվետվություն տրամադրվում է, եթե դրանց գումարը հավասար է կամ գերազանցում է 50 միլիոն դրամը:
4. Սույն հոդվածի 2-րդ և (կամ) 3-րդ մասերով սահմանված հաշվետվություն տրամադրելու պարտականությունը սույն մասի 1-5-րդ կետերով հաշվետվություն տրամադրող անձանց նկատմամբ տարածվում է հետևյալ դեպքերում`
1) նոտարների, փաստաբանների, ինչպես նաև իրավաբանական ծառայություններ մատուցող անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատեր հաշվապահների և հաշվապահական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց, աուդիտորական կազմակերպությունների և աուդիտորների նկատմամբ` միայն հետևյալ տեսակի գործարքների կամ գործարար հարաբերությունների նախապատրաստման կամ իրականացման մասով՝
ա. անշարժ գույքի առուվաճառք,
բ. հաճախորդի գույքի կառավարում,
գ. բանկային և արժեթղթային հաշիվների կառավարում,
դ. իրավաբանական անձանց հիմնադրման, գործունեության կամ կառավարման համար գույքի տրամադրում,
ե. իրավաբանական անձանց հիմնադրման, գործունեության կամ կառավարման գործառույթների իրականացում, ինչպես նաև իրավաբանական անձանց կանոնադրական (բաժնեհավաք և այլն) կապիտալում բաժնեմասի (մասնակցության, փայի և այլն) օտարում (ձեռք բերում), կամ իրավաբանական անձանց անվանական կամ շուկայական արժեքով բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի և այլն) օտարում (ձեռք բերում).
1.1) նոտարների և անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող լիազոր մարմնի նկատմամբ՝ նաև նվիրատվության գործարքների մասով՝ անկախ սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված չափերից.
2) խաղատների, շահումով խաղերի, ներառյալ՝ ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի կազմակերպիչների նկատմամբ` միայն հետևյալ դեպքերում.
ա. խաղանիշերի (վիճակախաղի տոմսերի) գնում,
բ. խաղադրույքների կատարում,
գ. շահումների վճարում կամ տրամադրում,
դ. սույն կետի «ա» - «գ» ենթակետերի հետ կապված ֆինանսական գործարքների կատարում.
3) հավատարմագրային կառավարման և իրավաբանական անձանց գրանցման ծառայություններ մատուցող անձանց նկատմամբ` միայն հետևյալ դեպքերում՝
ա. իրավաբանական անձանց գրանցման ծառայություններ մատուցելիս որպես հիմնադրող գործակալ (ներկայացուցիչ) հանդես գալը,
բ. որպես ընկերության գործունեության ընթացիկ ղեկավարումն իրականացնող պաշտոնատար անձ (մարմնի անդամ), ընկերակցության մասնակից հանդես գալը (հանդես գալու իրավասությունն այլ անձի վերապահելը) կամ իրավաբանական անձի կառավարման համանման գործառույթներ իրականացնելը,
գ. իրավաբանական անձին գտնվելու (գործունեության, թղթակցության կամ վարչական) վայր տրամադրելը,
դ. կողմերի համաձայնությամբ ձևավորված ֆինանսական միջոցների հավատարմագրային կառավարիչ հանդես գալը (հանդես գալու իրավասությունն այլ անձի վերապահելը) կամ այլ իրավաբանական կազմավորման համար համարժեք գործառույթ իրականացնելը,
ե. որպես այլ իրավաբանական անձի բաժնետեր հանդես գալը (հանդես գալու իրավասությունն այլ անձի վերապահելը).
4) իրավաբանական անձանց գրանցող մարմնի (պետական ռեգիստրի) նկատմամբ` միայն իրավաբանական անձանց կանոնադրական (բաժնեհավաք և այլն) կապիտալում բաժնեմասի (մասնակցության, փայի և այլն) օտարման (ձեռք բերման) կամ կանոնադրական (բաժնեհավաք և այլն) կապիտալի ձևավորման կամ փոփոխության հետ կապված պետական գրանցումների մասով.
5) թանկարժեք մետաղների դիլերների և թանկարժեք քարերի դիլերների նկատմամբ` միայն 5 միլիոն դրամին հավասար կամ դրան գերազանցող կանխիկ գործարքների մասով:
5. Հաշվետվություն տրամադրող անձին, նրա աշխատակիցներին (ղեկավարներին) արգելվում է այն անձին, որի վերաբերյալ հաշվետվություն կամ այլ տեղեկություններ են տրամադրվում լիազոր մարմնին, ինչպես նաև այլ անձանց, բացառությամբ ֆինանսական խմբի դեպքում՝ ֆինանսական խմբի անդամին, հայտնել հաշվետվության կամ այլ տեղեկությունների տրամադրման կամ չտրամադրման, այդ թվում՝ սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն հանձնարարականների ստացման կամ չստացման փաստի մասին:
6. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված գործարքների վերաբերյալ հաշվետվության տրամադրման պարտականությունից ազատելու դեպքերը, ըստ գործարքների տեսակների, դեպքերի և (կամ) սահմանաչափերի, սահմանում է լիազոր մարմինը:
(6-րդ հոդվածը լրաց., փոփ., խմբ. 30.06.21 ՀՕ-296-Ն, փոփ., լրաց. 25.10.23 ՀՕ-333-Ն, 29.05.25 ՀՕ-180-Ն)
(հոդվածը 12.06.24 ՀՕ-264-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքն ամբողջությամբ գործողության մեջ դրվելու օրվանից)