Հոդված 27. Գործարքի կամ գործարար հարաբերության իրականացման մերժումը կամ դադարեցումը
Հոդված 27. Գործարքի կամ գործարար հարաբերության իրականացման մերժումը կամ դադարեցումը
1. Այն դեպքում, երբ հնարավոր չէ իրականացնել սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-7-րդ մասերով նախատեսված պարտականությունները, կամ սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն գործարքի կամ գործարար հարաբերության իրականացման մերժման հանձնարարականի ստացման դեպքերում հաշվետվություն տրամադրող անձը պետք է մերժի գործարքի կամ գործարար հարաբերության իրականացումը և դիտարկի այն սույն օրենքի 7-րդ հոդվածի համաձայն կասկածելի որակելու հարցը:
2. Այն դեպքում, երբ սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա գործարար հարաբերություն հաստատելուց հետո հնարավոր չէ իրականացնել այդ հոդվածի 1-7-րդ մասերով նախատեսված պարտականությունները կամ սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն գործարքի կամ գործարար հարաբերության դադարեցման հանձնարարականի ստացման դեպքերում հաշվետվություն տրամադրող անձը պետք է դադարեցնի գործարքը կամ գործարար հարաբերությունը և դիտարկի այն սույն օրենքի 7-րդ հոդվածի համաձայն կասկածելի որակելու հարցը:
3. Դրամական փոխանցում իրականացնող ֆինանսական հաստատությունը պետք է մերժի նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկին հավասար կամ դրան գերազանցող անդրսահմանային դրամական փոխանցման ցանկացած պահանջ, եթե բացակայում է սույն օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկատվությունը, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկը չգերազանցող անդրսահմանային դրամական փոխանցման ցանկացած պահանջ, եթե բացակայում են սույն օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված տեղեկությունները և դիտարկի դրանք սույն օրենքի 7-րդ հոդվածի համաձայն կասկածելի որակելու հարցը: