Հոդված 2
Հոդված 2
1) Նախագծերի վերաբերյալ համաձայնագրերով Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության կողմից աջակցություն կարող է նախատեսվել հետևյալ բնագավառներում.
ա) Հայաստանի Հանրապետության կրթական, խորհրդատվական և հետազոտական հաստատությունների աջակցություն,
բ) ծրագրերի մշակման, ուսումնասիրությունների և փորձաքննությունների անցկացման աջակցություն,
գ) աջակցություն համագործակցության այլ ոլորտներում, որի վերաբերյալ համաձայնության են գալիս Կողմերը:
2) Աջակցությունը կարող է իրագործվել ստորև բերվող եղանակներով.
ա) մասնագետների` հրահանգիչների, խորհրդականների, խորհրդատուների, փորձագետների, գիտական և տեխնիկական անձնակազմի, նախագծի ընթերակաների և օժանդակ ուժերի գործուղում, այսուհետ` Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության հանձնարարությամբ գործուղված ողջ աշխատակազմի միասնական անվանումը` գործուղված մասնագետներ,
բ) նյութերի և սարքավորումների (այսուհետ` նյութեր) առաքում,
գ) հայ մասնագետների, ղեկավար աշխատողների, գիտնականների ուսուցման և վերապատրաստման միջոցառումներ Հայաստանի Հանրապետությունում, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում կամ այլ երկրներում,
դ) համապատասխան այլ եղանակներով:
3) Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունն իր կողմից խրախուսվող նախագծերի իրականացման դեպքում ստանձնում է հետևյալ պարտավորությունները, եթե նախագծերի վերաբերյալ համաձայնագրերն այլ պայմանավորվածություն չեն նախատեսում.
ա) գործուղված մասնագետների աշխատանքի վարձատրությունը,
բ) գործուղված մասնագետների և նրանց ընտանիքների անդամների տեղավորման ծախսերը, եթե գործուղված մասնագետներն իրենք չեն կրում այդ ծախսերը,
գ) գործուղված մասնագետների գործուղման ծախսերը Հայաստանի տարածքում և արտերկրում,
դ) սույն հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետում հիշատակված նյութերի մատակարարումը,
ե) սույն հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետում հիշատակված նյութերը մինչև ծրագրի իրականացման վայր տեղափոխման և ապահովագրման ծախսերը, բացառությամբ 3-րդ հոդվածի 2-րդ կետում հիշատակված վճարումների և պահեստավորման համար գանձվող տուրքերի,
զ) հայ մասնագետների, ղեկավար աշխատողների և գիտնականների մասնագիտական վերապատրաստման և կատարելագործման միջոցառումների ծախսերը` համաձայն սույնի վերաբերյալ Գերմանիայում գործող ղեկավար ցուցումներին:
4) Եթե նախագծերի վերաբերյալ համաձայնագրերով այլ պայմաններ չեն նախատեսված, ապա Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության հանձնարարությամբ նախագծի իրականացման նպատակով առաքվող նյութերը Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու պահից անցնում են Հայաստանի Հանրապետությանն ի սեփականություն: Առաջադրված խնդիրների կատարման նպատակով հիշյալ նյութերը տրամադրվում են խրախուսվող ծրագրերին և գործուղված մասնագետներին առանց սահմանափակումների:
5) Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը հայտնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը, թե որ կազմակերպություններին կամ հաստատություններին է հանձնարարում տվյալ նախագծի աջակցության միջոցառումների իրականացումը: Լիազորված իրականացնողները, կազմակերպությունները կամ հաստատությունները այսուհետ կանվանվեն «իրականացնող ատյան»: