Հոդված 5
Հոդված 5
1) Հայաստանի Հանրապետության կառավարությունը երաշխավորում է գործուղված մասնագետների և նրանց ընտանիքների անդամների անձի և ունեցվածքի պաշտպանությունը, այդ թվում` մասնավորապես`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարությունը երաշխավորություն է ստանձնում գործուղված մասնագետների կողմից սույն Համաձայնագրով հանձնարարված խնդիրների կատարման ընթացքում պատճառած վնասների դեպքում: Սույնով բացառվում է գործուղված մասնագետներին վնասի հատուցման պահանջի ներկայացումը: Հայաստանի Հանրապետության կողմից գործուղված մասնագետներին փոխհատուցման պահանջ, որպիսին էլ լինի վերջինիս իրավական հիմքը, կարող է ներկայացվել միմիայն կանխամտածված կամ կոպիտ անփութության հետևանքով առաջացած վնասների պարագայում:
բ) Երաշխավորում է, որ 1-ին նախադասության մեջ հիշատակված անձինք ենթակա չեն ձերբակալման կամ կալանքի` սույն Համաձայնագրով նրանց հանձնարարված խնդիրներից մեկի կատարման ընթացքում կատարած գործողությունների կամ բացթողումների, այդ թվում` բանավոր կամ գրավոր արտահայտությունների համար:
գ) Ապահովում է 1-ին նախադասության մեջ հիշատակված անձանց անարգել ելումուտը երկիր ցանկացած ժամանակ:
դ) 1-ին նախադասության մեջ հիշատակված անձանց տալիս է վկայական, որը թույլ է տալիս, ելնելով Համաձայնագրի դրույթներից, վայելել Հայաստանի Հանրապետության կառավարության հատուկ պաշտպանությունը և աջակցությունը:
2) Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
ա) չի գանձում հարկեր և պետական այլ տուրքեր Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջոցներից գործուղված մասնագետներին սույն Համաձայնագրի շրջանակում կատարած աշխատանքի դիմաց վճարած վարձատրություններից: Հարկերից և տուրքերից ազատումը տարածվում է նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության հանձնարարությամբ սույն Համաձայնագրի շրջանակում օժանդակ միջոցառումների իրականացման համար ֆիրմաներին վճարվող վարձատրությունների վրա:
բ) 1-ին պարբերության 1-ին նախադասության մեջ հիշատակված անձանց թույլատրում է իրենց կացության ընթացքում առանց հարկեր գանձելու և երաշխավորություններ պահանջելու ներկրել և արտահանել անձնական օգտագործման նշանակության իրեր, այդ թվում` յուրաքանչյուր ընտանիքի համար մեկական ավտոմեքենա: Առանց հարկեր գանձելու և երաշխավորություններ պահանջելու ներկրման և արտահանման թույլտվությունը տարածվում է նաև ոչ գործածական դարձած կամ կորստի ենթարկված իրերի փոխարեն նորերը ներկրելու և արտահանելու վրա:
գ) 1-ին կետի 1-ին նախադասության մեջ հիշատակված անձանց թույլատրում է Հայաստան ներկրել դեղորայք, սննդամթերք, խմիչք և սպառողական այլ ապրանքներ` անձնական սպառման պահանջների բավարարման սահմաններում:
դ) 1-ին կետի 1-ին նախադասության մեջ հիշատակված անձանց առանց տուրքեր գանձելու և երաշխավորումներ պահանջելու տրամադրում է վիզաներ, ինչպես նաև աշխատանքի և կացության արտոնագրեր: