Հոդված 4. Գաղտնի տեղեկատվության պաշտպանության միջոցները
Հոդված 4. Գաղտնի տեղեկատվության պաշտպանության միջոցները
1. Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության օրենսդրական և այլ նորմատիվ-իրավական ակտերին համապատասխան` Կողմերը պարտավորվում են.
պաշտպանել մյուս Կողմի կողմից փոխանցված կամ Կողմերի համագործակցության ընթացքում գոյացած գաղտնի տեղեկատվությունը,
չփոխել փոխանցող Կողմի գաղտնիության դրոշմագիրը առանց նրա գրավոր համաձայնության,
մյուս Կողմի կողմից փոխանցված կամ Կողմերի համագործակցության ընթացքում ձևավորված գաղտնի տեղեկությունների հետ վարվելիս ձեռնարկել պաշտպանության նույնպիսի միջոցներ, ինչպիսիք կիրառվում են համապատասխան գաղտնիության աստիճանի սեփական գաղտնի տեղեկությունների նկատմամբ,
մյուս Կողմի պետության լիազորված մարմնից ստացված տեղեկատվությունը օգտագործել բացառապես դրա փոխանցման ժամանակ նախատեսված նպատակներով,
առանց փոխանցող Կողմի նախնական գրավոր համաձայնության երրորդ Կողմի չտրամադրել գաղտնի տեղեկատվությանը իրազեկ լինելու իրավունք:
2. Գաղտնի տեղեկատվությանը իրազեկ լինելը թույլատրվում է միայն այն անձանց, որոնց համար տվյալ տեղեկատվության իմացությունն անհրաժեշտ է ծառայողական պարտականությունների կատարման համար` դրա փոխանցման ժամանակ նախատեսված նպատակներով: Գաղտնի տեղեկություններին իրազեկ լինելու թույլտվություն տրվում է միայն այն անձանց, որոնք ունեն առնչվելու համապատասխան թույլտվություն:
3. Անհրաժեշտության դեպքում գաղտնի տեղեկատվության պաշտպանության լրացուցիչ պահանջները, որոնցում մանրամասն շարադրվում են գաղտնի տեղեկատվությանը վերաբերելու պարտավորությունները և պաշտպանության միջոցները, ներառվում են գործունեության որոշակի տեսակի մասին պայմանագրերում: