Հոդված 1
Հոդված 1
Սույն Համաձայնագրի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը.
«ներքին ջրային ուղիներ»՝ անդամ պետությունների բնական կամ արհեստականորեն ստեղծված ջրային հաղորդակցության ուղիները, որոնք նշվում են տեղորոշման նշաններով կամ այլ եղանակով և օգտագործվում են նավագնացության նպատակով.
«երկկողմ փոխադրումներ»՝ բեռների, ուղևորների և նրանց ուղեբեռի փոխադրումներ, նավի դրոշի քարշակում անդամ պետություններից մեկի ներքին ջրային ուղիների նավահանգիստներից (դեպի այդ նավահանգիստներ) դեպի մյուս անդամ պետության ներքին ջրային ուղիների նավահանգիստներ (այդ նավահանգիստներից).
«նավապետ»՝ անդամ պետություններից մեկի քաղաքացի, որը նավի դրոշի անդամ պետության օրենսդրությանը համապատասխան թեստավորվել և նշանակվել է այդ պաշտոնին, իրականացնում է նավի կառավարումը, այդ թվում՝ նավավարումը, նավի ընթացքի անվտանգության ապահովումը, նավի վրա կարգուկանոնի պահպանումը, ջրային միջավայրի պաշտպանությունը, նավին, նավի վրա գտնվող մարդկանց և բեռին վնաս հասցնելը կանխելու միջոցների ձեռնարկումը, և նավատիրոջ ներկայացուցիչն է.
«հարակից ներքին ջրային ուղիներ»՝ անդամ պետությունների ներքին ջրային ուղիների տեղամասեր, որոնք մտնում են երկու կամ ավելի սահմանակից անդամ պետությունների տարածքներում միաժամանակ տեղակայված մեկ ջրային օբյեկտի ավազանի մեջ.
«նավ»՝ անդամ պետություններից մեկի դրոշի ներքո նավարկող ցանկացած նավ, որը, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, ներառված է ազգային նավային ռեեստրում կամ նավերի այլ համապատասխան պաշտոնական ցանկում և օգտագործվում է նավագնացության նպատակով։ Նշված հասկացությունը չի ներառում սպորտային առագաստանավերն ու զբոսաշրջային նավերը, ռազմական նավերը, սահմանային և մաքսային հսկողություն իրականացնող մարմինների նավերը, պարեկային նավերը և պետական սահմանին իրավակարգի պահպանման համար օգտագործվող նավերը, ինչպես նաև ոչ առևտրային նպատակներով շահագործվող այլ պետական նավեր.
«նավատեր»՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան գրանցված իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որն իր անունից շահագործում է նավը՝ անկախ այն հանգամանքից՝ նա այդ նավի սեփականատերն է, թե օգտագործում է այն այլ օրինական հիմքով.
«նավագնացություն»՝ նավերի՝ բեռների, ուղևորների և նրանց ուղեբեռի փոխադրման, նավերի և այլ լողացող օբյեկտների քարշակման հետ կապված գործունեություն.
«ներքին ջրային ուղիներով տարանցում»՝ անդամ պետություններից մեկի նավերի նավարկումը մյուս անդամ պետության ջրային ուղիներով՝ առանց մյուս անդամ պետության ներքին ջրային ուղիներում բեռների բեռնման և դատարկման, ուղևորների նստեցման և իջեցման, եթե այդ նավարկումն սկսվում և ավարտվում է անդամ պետության պետական սահմանի հատմամբ.
«անձնակազմի անդամ»՝ ցանկացած անձ, որն ուղերթի ընթացքում նավի վրա փաստացի զբաղված է նավի շահագործման կամ սպասարկման, այդ թվում՝ ուղևորների սպասարկման հետ կապված պարտականությունների կատարմամբ, և որն ընդգրկված է նավի անձնակազմի ցուցակում։
Սույն Համաձայնագրում օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերով սահմանված իմաստներով: