Հոդված 6
Հոդված 6
1. Պետական հսկողությանը (վերահսկողությանը) ուղղված միջոցառումներ անցկացնելիս պետական հսկողության (վերահսկողության) մարմիններն իրավունք չունեն պահանջելու իրավաբանական անձից կամ անհատ ձեռնարկատիրոջից ներկայացնել այնպիսի տեղեկատվություն, որը նախկինում ներկայացվել է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան կամ որը պետական հսկողության (վերահսկողության) մարմինները, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, կարող են ստանալ Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերին ու ակտերին և անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան ձևավորված ու գործող պետական տեղեկատվական համակարգերից, ռեեստրներից ու ռեգիստրներից:
2. Պետական հսկողության (վերահսկողության) շրջանակներում կիրառվում են հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ, որոնք պարունակվում են այն ստանդարտներում կամ այլ փաստաթղթերում, որոնք ներառված են հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկերում, որոնք անհրաժեշտ են Միության համապատասխան տեխնիկական կանոնակարգերի կիրառման ու կատարման և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության ստուգում իրականացնելու համար, և որոնք հաստատվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից (այսուհետ՝ Հանձնաժողով)՝ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կարգավորման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 4-րդ կետի հինգերորդ պարբերությանը համապատասխան (այսուհետ՝ ստանդարտների ցանկեր):
Պետական հսկողության (վերահսկողության) շրջանակներում հետազոտությունները (փորձարկումները) և չափումներն անցկացվում են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան հավատարմագրված փորձարկման լաբորատորիաներում (կենտրոններում):
Պետական հսկողության (վերահսկողության) շրջանակներում չի թույլատրվում անցկացնել արտադրանքի նմուշների հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ այն փորձարկման լաբորատորիայում (կենտրոնում), որում տվյալ արտադրանքը գնահատվել (հաստատվել) է Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության մասով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ անդամ պետության տարածքում որպես իրավաբանական անձ գրանցված է պետական հսկողության (վերահսկողության) համար անհրաժեշտ փորձարկումներ անցկացնող միայն մեկ փորձարկման լաբորատորիա (կենտրոն):
Պետական հսկողության (վերահսկողության) շրջանակներում անցկացված հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արդյունքների մասով տարաձայնությունների կարգավորման համար կիրառվում են չափումների ռեֆերենտային մեթոդիկաներ (մեթոդներ), որոնք որոշվում են որպես չափումների ռեֆերենտային մեթոդիկա (մեթոդ) ընդունվող՝ չափումների մեթոդիկայի (մեթոդի) հավատարմագրման՝ Հանձնաժողովի կողմից հաստատվող կարգին համապատասխան՝ ստանդարտների ցանկերում ներառվածների թվից:
3. Պետական հսկողության (վերահսկողության) մարմիններն իրավունք ունեն պետական հսկողությանը (վերահսկողությանը) ուղղված միջոցառումների անցկացմանը ներգրավելու փորձագետներ և (կամ) փորձագիտական կազմակերպություններ՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով: Նշված միջոցառումներն իրականացվում են՝ հաշվի առնելով արտադրողներից, վաճառողներից, կատարողներից և ձեռք բերողներից (այդ թվում՝ սպառողներից) նշված փորձագետների և փորձագիտական կազմակերպությունների անկախության սկզբունքը:
4. Արտապլանային ստուգումները կարող են անցկացվել պետական հսկողության (վերահսկողության) մարմինների կողմից հետևյալ դեպքերում՝
1) պետական հսկողության (վերահսկողության) մարմնի կողմից, անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով, պետական մարմիններից Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների խախտումների վերաբերյալ տեղեկատվություն ստանալը.
2) մարդու կյանքին և (կամ) առողջությանը, կենդանիների ու բույսերի կյանքին և (կամ) առողջությանը, շրջակա միջավայրին վնաս հասցնելու վտանգի առաջացումը և (կամ) վնաս հասցնելը.
3) անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում: