Հոդված 3
Հոդված 3
Անդամ պետությունների ռեզիդենտների արժութային գործառնությունները
1. Անդամ պետության տարածքում հաշվարկներ կատարելիս արտարժույթի օգտագործումն արգելվում է՝ բացառությամբ սույն համաձայնագրով և այդ պետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
2. Անդամ պետությունները չեն կիրառում արժութային սահմանափակումներ անդամ պետությունների ռեզիդենտների կողմից իրականացվող հետևյալ արժութային գործառնությունների նկատմամբ՝
1) Միության մաքսային տարածքի սահմաններում ապրանքների փոխանցման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման և տեղեկությունների փոխանցման հետ կապված հաշվարկներ՝ մեկ անդամ պետության ռեզիդենտների և մյուս անդամ պետության ռեզիդենտների միջև.
2) մեկ անդամ պետության ռեզիդենտների կողմից մյուս անդամ պետության ռեզիդենտ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում (կանոնադրական ֆոնդում) մասնակցությունն ապահովելու նպատակով բաժնետոմսերի, բաժնեմասերի ձեռքբերման, ավանդների (փայերի) ներդրման հետ կապված գործառնությունների մասով հաշվարկներ.
3) անդամ պետությունների կազմակերպված շուկաների (բորսաների) միջոցով անդամ պետությունների ռեզիդենտների կողմից թողարկված պետական և այլ արժեթղթերի ձեռքբերման հետ կապված հաշվարկներ՝ մեկ անդամ պետության ռեզիդենտների և մյուս անդամ պետության ռեզիդենտների միջև.
4) մեկ անդամ պետության ռեզիդենտների կողմից մյուս անդամ պետության օրենսդրությանը համապատասխան գրանցված անշարժ գույքի ձեռքբերման հետ կապված գործառնությունների մասով հաշվարկներ.
5) մեկ անդամ պետության ռեզիդենտների՝ մյուս անդամ պետության լիազորված կազմակերպությունների հետ համապատասխան պայմանագրերի համաձայն վարկերի և փոխառությունների տրամադրման, ստացման և վերադարձի, տոկոսների և տուգանային պատժամիջոցների գումարների վճարման հետ կապված գործառնությունների մասով հաշվարկներ.
6) մեկ անդամ պետության ռեզիդենտների` մյուս անդամ պետության լիազորված կազմակերպությունների բանկային երաշխիքների ստացման և կատարման, ինչպես նաև այդ լիազորված կազմակերպությունների հետ կնքված երաշխավորության և գրավի պայմանագրերի համաձայն՝ պարտավորությունների կատարման հետ կապված գործառնությունների մասով հաշվարկներ.
7) ֆիզիկական անձանց կողմից Միության մաքսային տարածքի սահմաններում իրականացվող դրամական միջոցների փոխանցումներ:
3. Անդամ պետության օրենսդրությամբ կարող են նախատեսվել այլ արժութային գործառնություններ, որոնց նկատմամբ այդ պետության տարածքում արժութային սահմանափակումներ չեն կիրառվում:
4. Անդամ պետությունների ռեզիդենտներն իրավունք ունեն իրականացնելու արժութային գործառնությունների մասով հաշվարկներ՝ առանց լիազորված կազմակերպություններում բանկային հաշիվների օգտագործման՝ Միության մաքսային տարածքի սահմաններում ֆիզիկական անձանց միջև վճարումները և դրամական միջոցների փոխանցումներն անդամ պետությունների ազգային արժույթներով իրականացվելու դեպքում:
Անդամ պետության օրենսդրությամբ կարող են նախատեսված լինել այդ պետության տարածքում, առանց լիազորված կազմակերպություններում բանկային հաշիվների օգտագործման, արժութային գործառնությունների մասով հաշվարկների իրականացման այլ դեպքեր:
5. Արժութային գործառնությունների իրականացման կարգը սահմանվում է այն անդամ պետության արժութային օրենսդրությամբ, որի տարածքում կատարվում է արժութային գործառնությունը, եթե սույն համաձայնագրով այլ բան նախատեսված չէ: