Հոդված 20. Աշխատաշուկայում անմրցունակ խմբերը և նրանց տրվող
Հոդված 20. Աշխատաշուկայում անմրցունակ խմբերը և նրանց տրվող
լրացուցիչ երաշխիքները
1. Սոցիալական պաշտպանության լրացուցիչ երաշխիքների իրավունք ունեն աշխատանքի տեղավորման գործում դժվարություններ կրող և աշխատաշուկայում հավասար մրցակցության անընդունակ աշխատանք փնտրող չզբաղված անձանց հետևյալ խմբերը.
1) հաշմանդամները.
2) ազատազրկման վայրերից կամ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառող հիմնարկներից վերադարձած և վերադառնալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, զբաղվածության պետական ծառայություն դիմած անձինք.
3) աշխատանքային տարիքի հասած առանց ծնողական խնամքի մնացած երեխաները և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք` առնվազն վեց ամիս անընդմեջ գործազուրկի կարգավիճակում գտնվելու դեպքում.
4) պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո` երեք տարվա ընթացքում, զբաղվածության պետական ծառայությունում հաշվառված անձինք` առնվազն վեց ամիս անընդմեջ գործազուրկի կարգավիճակում գտնվելու դեպքում.
5) առնվազն երեսունհինգ տարվա ապահովագրական ստաժ ունեցող գործազուրկները, որոնց տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքի լրանալուն մնացել է մինչև հինգ տարի.
6) առնվազն երեք տարի անընդմեջ գործազուրկի կարգավիճակում գտնվող անձինք.
7) փախստականները.
8) նարկոլոգիական ծառայությունում հաշվառված անձինք, որոնք դադարի (ռեմիսիայի) շրջանում են.
9) թրաֆիքինգի զոհ դարձած անձինք:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված անձանց զբաղվածությունն ապահովելու համար զբաղվածության պետական ծառայությունն իրականացնում է աշխատանքի տեղավորման աջակցության նպատակով աշխատավարձի փոխհատուցման ծրագիր:
3. Սույն հոդվածի երկրորդ մասում նշված ծրագիրն իրականացվում է սույն օրենքի 39-րդ հոդվածով նախատեսված միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով և պայմաններով:
(20-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 22.12.10. ՀՕ-23-Ն)