Հոդված 1
Հոդված 1
Սույն համաձայնագրի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ նշանակությունը՝
նավիգացիոն կապարակնիքի ակտիվացում՝ դրված նավիգացիոն կապարակնիքը ազգային օպերատորի տեղեկատվական համակարգում հսկողության կանգնեցնելը և հետագծման օբյեկտի նկատմամբ դիտարկման սկիզբը.
նավիգացիոն կապարակնիքի ապաակտիվացում՝ դրված նավիգացիոն կապարակնիքը ազգային օպերատորի տեղեկատվական համակարգում հսկողությունից հանելը և հետագծման օբյեկտի նկատմամբ դիտարկման ավարտը.
նավիգացիոն կապարակնիքի կապարակնքման տարրի միակցում՝ ազգային օպերատորի տեղեկատվական համակարգի հնարավորությունների օգտագործմամբ նավիգացիոն կապարակնիքի կապարակնքման տարրի ամբողջականության հսկողության համակարգի միացում, որը կարող է իրականացվել ինչպես հեռավար, այնպես էլ հատուկ սարքի օգտագործմամբ.
հսկող մարմին՝ անդամ պետության պետական մարմին (կազմակերպություն), որի գործառույթների մեջ է մտնում պետական հսկողության (վերահսկողության) իրականացումը՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան.
հետագծման օբյեկտի նկատմամբ դիտարկում՝ տեղեկատվության ընդունման և մշակման գործընթաց (ներառյալ ոչ բնականոն իրավիճակների և (կամ) չարտոնված գործողությունների մասին տեղեկատվությունը), որը ստանում են նավիգացիոն կապարակնիքից ազգային օպերատորի տեղեկատվական համակարգ.
նավիգացիոն կապարակնիք՝ տեխնիկական սարքավորում, որը կազմված է կապարակնքման տարրից և էլեկտրոնային բլոկից, աշխատում է նավիգացիոն արբանյակային համակարգերի տեխնոլոգիաների հիմքով և ապահովում է հետագծման օբյեկտին առնչվող տեղեկատվության փոխանցումը.
նավիգացիոն կապարակնիք դնելը՝ գործընթաց, որը ներառում է հետագծման օբյեկտների կամ դռների փակման հարմարանքների ու այն տրանսպորտային միջոցի (բեռնարկղի) բեռնային զետեղարաններում (հատվածամասերում) փակման համակարգերի վրա նավիգացիոն կապարակնիքը ֆիզիկապես դնելը, որոնցում գտնվում են հետագծման օբյեկտները, և կապարակնքման տարրի միակցում.
ազգային օպերատոր՝ անդամ պետության իրավաբանական անձ, որը որոշվել է որպես նավիգացիոն կապարակնիքների օգտագործմամբ օբյեկտների փոխադրումների հետագծումն ապահովող ազգային օպերատոր.
նավիգացիոն կապարակնիքի չարտոնված հանում՝ նավիգացիոն կապարակնիքի հանում, որի ժամանակ կապարակնքման տարրի անջատումը տեղի է ունեցել առանց ազգային օպերատորի այն տեղեկատվական համակարգի հնարավորություններն օգտագործելու, որում այն գրանցված է, կամ սույն համաձայնագրի 10-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատված՝ ընթացքի (փոխադրման) ժամանակ նավիգացիոն կապարակնիքը հանելու մասով գործողությունների կատարման կարգի խախտմամբ՝ առանց հետագծման օբյեկտի նկատմամբ դիտարկումը դադարեցնելու.
հետագծման օբյեկտ՝ ապրանքներ (արտադրանք), որոնց փոխադրումը երկու և ավելի անդամ պետությունների տարածքներով ենթակա է հետագծման՝ նավիգացիոն կապարակնիքների օգտագործմամբ.
փոխադրման հետագծում՝ գործընթաց, որը ներառում է նավիգացիոն կապարակնիքի ակտիվացումը, երկու և ավելի անդամ պետությունների տարածքներով հետագծման օբյեկտի նկատմամբ դիտարկումը, նավիգացիոն կապարակնիքի ապաակտիվացումը և այն տվյալների փոխանցումը, որոնք ստացվել են հետագծման օբյեկտի նկատմամբ դիտարկման ընթացքում՝ սույն Համաձայնագրին համապատասխան.
նավիգացիոն կապարակնիքի կապարակնքման տարրի անջատում՝ ազգային օպերատորի տեղեկատվական համակարգի հնարավորությունների օգտագործմամբ՝ նավիգացիոն կապարակնիքի կապարակնքման տարրի ամբողջականության հսկողության համակարգի անջատում, որը կարող է իրականացվել ինչպես հեռավար, այնպես էլ հատուկ սարքի օգտագործմամբ.
նավիգացիոն կապարակնիքի հանում՝ գործընթաց, որը ներառում է նավիգացիոն կապարակնիքի կապարակնքման տարրի անջատումը և դրա՝ հետագծման օբյեկտների կամ դռների փակման հարմարանքների ու այն տրանսպորտային միջոցի (բեռնարկղի) բեռնային զետեղարաններում (հատվածամասերում) փակման համակարգերի վրայից ֆիզիկական հանումը, որոնցում գտնվում են հետագծման օբյեկտները:
Սույն համաձայնագրում օգտագործվող այլ հասկացություններ կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով և Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերով սահմանված նշանակություններով: