Հոդված 44. ․ Անցումային դրույթներ
Հոդված 44․ Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո բոլոր լիցենզավորված կրթական ծրագրեր իրականացնող բուհերը պարտավոր են օրենքով սահմանված կարգով, սույն օրենքի 14-րդ և 16-րդ հոդվածների դրույթներին համապատասխան, մինչև 2028 թվականը դիմել բուհի և ծրագրային լիցենզավորման համար: Համապատասխան լիցենզիա ստացած բուհերը համարվում են առաջին անգամ լիցենզավորված և ենթակա են հավատարմագրման սույն օրենքի 19-րդ հոդվածով սահմանված ժամանակահատվածում և պայմաններով:
2. Մինչև Կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի 978-Ն որոշման ընդունումը շնորհված հավատարմագրման վկայականները վավեր են մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը:
3. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը լիցենզիա ունեցող կրթական ծրագրերը, բացառությամբ Կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի 978-Ն որոշմամբ սահմանված կարգով ծրագրային հավատարմագրում չանցած բժշկական մասնագիտություններով որակավորում շնորհող ծրագրերի, սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո համարվում են նախահավատարմագրված, և դրանց շրջանավարտներին շնորհված որակավորումները ճանաչվում են պետության կողմից:
4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից գիտությունների թեկնածուի և գիտությունների դոկտորի գիտական աստիճանները հավասարեցվում են սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան շնորհված դոկտորի գիտական աստիճանին:
5. Սույն օրենքի 27-րդ հոդվածի դրույթներին համապատասխան՝ գիտական կազմակերպությունների հոգաբարձուների խորհուրդները ձևավորվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ ութ ամսվա ընթացքում, իսկ սույն օրենքի 27-րդ հոդվածի 7-րդ մասը գործելու է 2028 թվականից:
6. Մինչև սույն օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված պայմաններն ուժի մեջ մտնելը`
1) հանրային բուհի հոգաբարձուների խորհուրդը ձևավորվում է բուհի ակադեմիական կազմից, ուսանողության ներկայացուցիչներից, ինչպես նաև հիմնադրի և Լիազոր մարմնի ներկայացուցիչներից.
2) հանրային բուհի հոգաբարձուների խորհրդի անդամներից հինգին առաջադրում է Լիազոր մարմինը, իսկ հինգին՝ հիմնադիրը.
3) հանրային բուհի հոգաբարձուների խորհրդի անդամներից տասին բուհի կանոնադրությամբ սահմանված կարգով ներկայացնում է բուհը, որոնցից հինգին՝ ակադեմիական կազմի ներկայացուցիչներից (ներառյալ բուհի կառուցվածքում գործող գիտական կազմակերպություններից՝ առավելագույնս ապահովելով բուհի տարբեր ակադեմիական միավորների ներկայացվածությունը), իսկ հինգին՝ ուսանողական ներկայացուցչական մարմնի ներկայացուցիչներից:
7. Սույն օրենքի 26-րդ հոդվածի 7-րդ մասը և 28-րդ հոդվածի 12-րդ մասի 6-րդ կետը պարտադիր չեն սույն հոդվածի 6-րդ մասի հիմքով ձևավորվող հոգաբարձուների խորհրդի հիմնադրի և Լիազոր մարմնի ներկայացուցիչների համար:
8. Սույն օրենքի 9-րդ հոդվածով հանրային գիտական կազմակերպությունների պատվավոր առաջատար և պատվավոր գլխավոր գիտաշխատողներին վերաբերող դրույթները գործելու են 2027 թվականից: Մինչև այդ, սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, հաստատվում է Ակադեմիայի կանոնադրությունը, և սահմանված ժամկետներում կազմակերպվում է Ակադեմիայի նոր անդամների ընտրությունը և ձևավորվում Ակադեմիայի նախագահությունը, որի անդամներն առաջադրվում են Ակադեմիայի կողմից՝ սույն օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները բավարարող անձանցից: Ակադեմիայի նախագահությունը կազմակերպում է Ակադեմիայի նախագահի ընտրությունը, նախագահի ներկայացմամբ հաստատում Ակադեմիայի կառուցվածքն ու ղեկավար կազմը՝ սույն օրենքով Ակադեմիային վերապահված գործառույթները կազմակերպելու և իրականացնելու նպատակով:
9. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից Ակադեմիայի համակարգի կազմակերպություններն անցնում են կրթության և գիտության ոլորտների պետական կառավարման լիազոր մարմնի ենթակայության տակ, որոնց վրա չեն տարածվում սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 27-րդ հոդվածի 19-րդ մասի կարգավորումները մինչև Կառավարության որոշմամբ և սույն օրենքի կարգավորումներով համապատասխան խոշորացված հանրային հետազոտական համալսարանների կազմում ներառվելը կամ սույն օրենքով սահմանված գիտական կազմակերպությունների տեսակներին համապատասխանեցվելը:
10. Սույն օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված երկու անգամ անընդմեջ ընտրվելու սահմանափակումը գործում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո և չի տարածվում մինչև այդ ընտրված ռեկտորների վրա:
11. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո բոլոր լիցենզավորված կրթական ծրագրերը և լիցենզավորված կրթական ծրագրեր իրականացնող բուհերը համարվում են նախահավատարմագրված և պարտավոր են սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում անցնել ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրում:
12. Խոշորացված հետազոտական համալսարանների ձևավորման ժամանակ բուհին կամ գիտական կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը բուհի կամ գիտական կազմակերպության վերակազմավորման արդյունքով համապատասխանաբար անցնում է հանրային բուհի կամ հանրային գիտական կազմակերպության տնօրինմանը:
13. Ակադեմիական քաղաքի տարածքից դուրս արգելվում է բուհական նոր ենթակառուցվածքների ստեղծումը, եթե դա պայմանավորված չէ ենթակառուցվածքի բաղադրիչի կոնկրետ բնակլիմայական կամ աշխարհագրական առանձնահատկություններով: Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը լիցենզիա ունեցող բուհերը իրենց գործունեությունը կարող են շարունակել իրենց տրված լիցենզիայում նշված գործունեության վայրում: Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կրթական ենթակառուցվածքների ընդլայնում հնարավոր է միայն Կառավարության հաստատած ակադեմիական քաղաքի հայեցակարգի հետ համապատասխանության պարագայում, որի վերաբերյալ եզրակացությունը տալիս է Լիազոր մարմինը` «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի կարծիքի հիման վրա:
14. Ակադեմիական քաղաք տեղափոխված հանրային բուհերին և գիտական կազմակերպություններին անհատույց տրամադրված անշարժ գույքը սեփականության իրավունքով տրամադրվում է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամին տրամադրված գույքի շահագործումն իրականացնելու համար՝ համաձայն Կառավարության հաստատած գույքի շահագործման ռազմավարության, որը մշակվում է միջազգային հեղինակավոր ընկերությունների խորհրդատվությամբ: Ենթակառուցվածքների շահագործումից առաջացող ամբողջ եկամուտն ուղղվում է «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացմանը կամ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի անձեռնմխելի կապիտալի համալրմանը:
15. Բուհերում ընտրական անկախ մարմնի ձևավորումից հետո՝ երեք ամսվա ընթացքում, կազմակերպվում են նոր ուսանողական ներկայացուցչական մարմնի և ակադեմիական խորհրդի ընտրություններ։ Գործող ուսանողական խորհուրդների և գիտական խորհուրդների գործունեությունը դադարում է համապատասխան ընտրությունների ավարտից հետո՝ տասներորդ օրը:
(44-րդ հոդվածը լրաց., փոփ. 06.05.26 ՀՕ-198-Ն)
Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան
2025 թ. հոկտեմբերի 9
Երևան
ՀՕ-285-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հոկտեմբերի 2025 թվական: