Հոդված 6. Ռազմաուսումնական հաստատությունների ստեղծումը և գործունեությունը, դրանց իրավական վիճակի առանձնահատկությունները
Հոդված 6. Ռազմաուսումնական հաստատությունների ստեղծումը և գործունեությունը, դրանց իրավական վիճակի առանձնահատկությունները
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմաուսումնական հաստատությունները (այսուհետ` ռազմաուսումնական հաստատություններ) ստեղծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
2. Ռազմաուսումնական հաստատություն ստեղծելու մասին որոշմամբ հաստատվում են ռազմաուսումնական հաստատության՝
1) անվանումը.
2) գտնվելու վայրը.
3) գործունեության խնդիրները, նպատակները և գործառույթները.
4) կանոնադրությունը.
5) կառուցվածքը, թվաքանակը, հանձնվող (ամրացվող) գույքի, այդ թվում` զենքի և ռազմամթերքի կազմը, դրա օգտագործման կարգը.
6) գործունեության հետ կապված՝ սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով սահմանված այլ նորմեր:
3. Ռազմաուսումնական հաստատություն ստեղծելու մասին որոշմամբ ռազմաուսումնական հաստատության կանոնադրության, կառուցվածքի, թվաքանակի, հանձնվող (ամրացվող) գույքի, այդ թվում` զենքի և ռազմամթերքի կազմի, դրա օգտագործման կարգի հաստատման իրավունքը կարող է վերապահվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին: Ռազմաուսումնական հաստատությանը կարող է տրվել զորամասի պայմանական համար:
4. Ռազմաուսումնական հաստատություններն իրականացնում են միջնակարգ, միջին մասնագիտական, բարձրագույն կրթական ծրագրեր` օրենքով սահմանված կարգով տրված լիցենզիայի հիման վրա: Ռազմաուսումնական հաստատությունների կողմից կրթության գործընթացը կազմակերպվում է «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` պետական կրթական չափորոշիչներին և կրթական ծրագրերին համապատասխան: Ռազմաուսումնական հաստատության գործունեության և կառավարման համակարգի առանձնահատկությունները սահմանվում են ռազմաուսումնական հաստատության կանոնադրությամբ:
5. Բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունները կարող են գործել համազորային կամ ռազմագիտական համալսարանի կամ ինստիտուտի ձևով:
6. Ռազմաուսումնական հաստատությունների գործունեության նկատմամբ տարածվում են սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված՝ զորամասերի գործունեությանը ներկայացվող պահանջները: Ռազմաուսումնական հաստատությունների կարիքների համար գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
7. Ռազմաուսումնական հաստատություններ ընդունելության, ռազմաուսումնական հաստատություններում զինվորական ծառայության կազմակերպման, զինվորական կամ պետական այլ ծառայություն անցնելու, ինչպես նաև աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են օրենքով և ռազմաուսումնական հաստատության կանոնադրությամբ:
8. Սույն հոդվածի համաձայն՝ ռազմաուսումնական հաստատությունների ստեղծմանը և գործունեությանը վերաբերող նորմերը տարածվում են նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմագիտական բնույթի հաստատությունների ստեղծման և գործունեության իրականացման վրա:
9. Ռազմաուսումնական հաստատության կարգավիճակ կարող է տրվել նաև բարձրագույն ուսումնական հաստատության կառուցվածքային ստորաբաժանմանը, որի գործունեության առանձնահատկությունները սահմանվում են բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ:
(6-րդ հոդվածը փոփ. 11.09.25 ՀՕ-299-Ն)