Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԶՈՐԱՄԱՍԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 4. Զորամասի գործունեությունը և իրավական վիճակի առանձնահատկությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. Զորամասի գործունեությունը և իրավական վիճակի առանձնահատկությունները

1. Զորամասի գործունեության իրավական հիմքն են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, սույն օրենքը և այլ օրենքները, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերը և կարգադրությունները, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանները:

2. Զորամասում զինվորական կամ պետական այլ ծառայություն անցնելու, ինչպես նաև աշխատանքային հարաբերությունները սահմանվում են օրենքներով և այլ իրավական ակտերով:

3. Զորամասի գտնվելու վայրը նրա մշտական տեղաբաշխման վայրն է:

4. Զորամասն ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և զորամասի պայմանական համարով կլոր կնիք, կարող է ունենալ զորամասի պայմանական համարով ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ: Զորամասն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

5. Զորամասի գույքը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից զորամասին հանձնված (ամրացված) գույքից, որը հաշվառվում է զորամասի հաշվեկշռում:

6. Զորամասի կողմից իրեն հանձնված (ամրացված) գույքի նկատմամբ իրավունքը ներառում է գույքն ինքնուրույն օգտագործելու և տիրապետելու իրավունքը: Զորամասն իրավունք չունի իրեն հանձնված (ամրացված) գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարել, գրավ դնել, հանձնել վարձակալության կամ անհատույց օգտագործման կամ հավատարմագրային կառավարման: Սույն մասով նախատեսված գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու սահմանափակումը չի տարածվում օրենքով սահմանված զինծառայողների հանդերձանքի ապահովության վրա:

7. Զորամասին հանձնված (ամրացված) գույքին հասցված վնասի վերականգնման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և «Զինծառայողների նյութական պատասխանատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

8. Զորամասի պահպանման ծախսերը ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից, ինչպես նաև օրենքով չարգելված այլ ֆինանսական աղբյուրներից: Զորամասի ֆինանսական գործառնություններն իրականացվում են «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ֆինանսական կառավարման և հսկողության գործընթացը կարգավորող այլ օրենքներով ու իրավական ակտերով սահմանված կարգով:

9. Զորամասերի կարիքների համար գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

10. Զորամասի պաշտոնատար անձանց իրավունքները և պարտականությունները սահմանվում են «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ օրենքներով, զորամասի կանոնադրությամբ:

11. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի կողմից վերապահված իրավասությունների սահմաններում զորամասը Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող, զինվորական ծառայության կամ աշխատանքային իրավահարաբերություններում հանդես գալ կնքվող համապատասխան պայմանագրի կողմ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։