Հոդված 2. ՕՐԵՆՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 2. ՕՐԵՆՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
էներգաարդյունավետության ցուցանիշ` էներգատեղակայանքների համար Ազգային ստանդարտներով ամրագրված էներգակիրների օգտագործման կամ կորստի բացարձակ, տեսակարար կամ հարաբերական մեծությունը ցանկացած տեսակի արտադրանքի արտադրությունում (ծառայության մատուցման ընթացքում) կամ տեխնոլոգիական պրոցեսում.
էներգախնայողություն` իրավական, կազմակերպչական, գիտական, արտադրական, տեխնիկական և տնտեսական նպատակային գործունեություն` ուղղված էներգետիկ ռեսուրսների տեսակարար ծախսի նվազեցմանը.
էներգակիր` զանազան ագրեգատային վիճակներում գտնվող նյութ (պինդ, հեղուկ, գազային) կամ մատերիայի այլ ձևեր (պլազմա, դաշտ, ճառագայթում և այլն), որոնցում կուտակված էներգիան կարող է օգտագործվել էներգամատակարարման նպատակով.
էներգակիրների արդյունավետ օգտագործում` տեխնիկայի և տեխնոլոգիայի զարգացման ժամանակակից մակարդակով և շրջակա միջավայրի պահպանման պահանջներով պայմանավորված էներգակիրների օգտագործումը տնտեսապես շահավետ և առավելագույն արդյունավետություն ստանալու պայմանով.
էներգետիկ փորձաքննություն` խորհրդատվական ծառայություն` ուղղված իրավաբանական և ֆիզիկական անձանց էներգետիկական տնտեսությունների էներգետիկ հաշվեկշիռների և (կամ) էներգատեղակայանքներում էներգակիրների արդյունավետ օգտագործման էներգաարդյունավետության ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվություն ներառող փաստաթղթերում (այսուհետ` էներգետիկ հաշվետվություններ) առկա տեղեկատվության ստուգմանը (այդ թվում` էներգաարդյունավետության ցուցանիշների չափագրմամբ), որի արդյունքում տրամադրվում է էներգետիկ փորձաքննական եզրակացություն.
(սահմանումը հանվել է 04.06.21 ՀՕ-260-Ն)
էներգատեղակայանք` էներգիայի արտադրության, կերպափոխման, հաղորդման, կուտակման, բաշխման և սպառման համար նախատեսված սարքավորումներ կամ փոխկապակցված սարքավորումների և կառույցների համալիր.
վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ` էլեկտրական և (կամ) ջերմային էներգիայի արտադրության համար կիրառելի ոչ հանածո վերականգնվող աղբյուրներ (հողմային, արևային, ջրային, երկրաջերմային, կենսազանգվածի, կենսագազի և այլն).
հողմային էներգիայի աղբյուր` քամի.
արեգակնային էներգիայի աղբյուր` արեգակից փոխանցված ճառագայթներ.
ջրային էներգիայի աղբյուր` մակերևութային և ստորերկրյա ջրեր.
երկրաջերմային էներգիայի աղբյուր` ստորերկրյա տաք ջրեր (հիդրոթերմալ աղբյուր) կամ ապարների ջերմություն (երկրաթերմալ աղբյուր).
կենսազանգվածի էներգիայի աղբյուր` մարդու կենսաբանական կամ տնտեսական գործունեության և այլ կենդանական ծագում ունեցող օրգանական և (կամ) այրվող արգասիքներ, բուսական մնացորդներ և թափոններ, ինչպես նաև գյուղատնտեսական մշակաբույսեր.
էներգետիկ հաշվեկշիռ` սահմանված ժամանակահատվածում արդյունահանված, արտադրված, ներմուծված, վերամշակված, փոխակերպված, փոխադրված, բաշխված և պահեստավորված, արտահանված ու օգտագործված էներգակիրների քանակական բազային բնութագիր.
վերականգնվող էներգետիկա` վերականգնվող էներգետիկ ռեսուրսներից էներգակիրների և մեխանիկական էներգիայի ստացման ոլորտ:
(2-րդ հոդվածը լրաց. 12.05.16 ՀՕ-67-Ն, փոփ., խմբ. 04.06.21 ՀՕ-260-Ն)