Հոդված 6. ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ և ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 6. ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ և ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
1. Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական կառավարումը պետության կողմից վարվող քաղաքականության մշակումն ու իրականացումն է հետևյալ ուղղություններով`
ա) էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական (ազգային, նպատակային) ծրագրերի մշակումը, ընդունումը և իրականացումը.
բ) էներգակիրների արդյունավետ օգտագործման ուղղությամբ պետական ծրագրերով իրականացվող աշխատանքների կազմակերպումը և համակարգումը.
գ) Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման պետական ծրագրերում, համայնքների զարգացման քառամյա ծրագրերում, ինչպես նաև 50 և ավելի տոկոս պետական բաժնեմասով ընկերությունների զարգացման ծրագրերում էներգախնայողության պահանջների ընդգրկումը.
դ) սեփական վերականգնվող էներգետիկ ռեսուրսների առաջնահերթ ու արդյունավետ օգտագործման խթանման տնտեսական ու իրավական մեխանիզմների մշակման ու կիրառման ապահովումը` օրենսդրությամբ սահմանված կարգով.
ե) էներգախնայողության և էներգաարդյունավետության, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործման և շրջակա միջավայրի վրա ներգործության ստանդարտացման փաստաթղթերի մշակումը և հաստատումը.
զ) էներգատեղակայանքների համապատասխանության կամավոր հավաստման համակարգի ապահովումը.
է) էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործման ուղղությամբ գործող և կառուցվելիք օբյեկտների նախագծերի էներգետիկ փորձաքննությունների իրականացման համակարգի ստեղծումը.
ը) էներգետիկ փորձաքննության գործունեության բնագավառի զարգացման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը.
թ) էներգակիրների հաշվառման և վիճակագրության ապահովումը.
ժ) էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի զարգացման նախագծերի և ծրագրերի ֆինանսավորմանն աջակցումը.
ժա) էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման նպատակով ուսուցման կազմակերպումը, գիտատեխնիկական առաջընթացին, տեղեկատվությանը և քարոզչությանն աջակցումը.
ժբ) էներգախնայողության ծրագրերում և վերականգնվող էներգետիկայի ոլորտում միջազգային համագործակցությանն աջակցումը:
2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինները էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական կառավարմանը մասնակցում են կանոնադրությամբ իրենց վերապահված լիազորությունների շրջանակում:
3. Անտառտնտեսության տարածքներում, պետական արգելավայրերում և ազգային պարկերում դրանց պահպանության ռեժիմներին համապատասխանող և կառուցվող շենքերի ու կառուցվածքների նախագծերում կիրառվող տեխնոլոգիաների և տեխնիկական լուծումների էներգաարդյունավետության ցուցանիշները, ինչպես նաև վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառման պահանջները էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի ներկայացմամբ սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(6-րդ հոդվածը լրաց., խմբ. 14.04.11 ՀՕ-130-Ն, խմբ. 12.05.16 ՀՕ-67-Ն)