Հոդված 1
Հոդված 1
Սույն համաձայնագրի նպատակներով գործածվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը.
բորսա (առևտրի կազմակերպիչ)՝ իրավաբանական անձ, որը մատուցում է արժեթղթերի և ածանցյալ ֆինանսական գործիքների (պայմանագրերի կնքման, որոնք ածանցյալ ֆինանսական գործիքներ են) կազմակերպված սակարկությունների անցկացման ծառայություններ՝ այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որտեղ գրանցված է այդ իրավաբանական անձը, և այդ անդամ պետության լիազորված մարմնի կողմից տրված լիցենզիայի (թույլտվության) հիման վրա.
բրոքեր՝ իրավաբանական անձ, որն իրականացնում է բրոքերային գործունեություն՝ այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որտեղ գրանցված է այդ իրավաբանական անձը, և այդ անդամ պետության լիազորված մարմնի կողմից տրված լիցենզիայի (թույլտվության) հիման վրա.
բրոքերային գործունեություն՝ հաճախորդների հանձնարարությունների կատարմանն ուղղված՝ նրանց հետ կնքված պայմանագրերի հիման վրա իրականացվող գործունեություն՝ կապված արժեթղթերով քաղաքացիաիրավական գործարքների կատարման և (կամ) այնպիսի պայմանագրերի կնքման հետ, որոնք ածանցյալ ֆինանսական գործիքներ են.
դեպոզիտարիա, կենտրոնական դեպոզիտարիա՝ իրավաբանական անձ, որն իրականացնում է դեպոզիտարային գործունեություն՝ այն անդամ պետության լիազորված մարմնի կողմից տրված լիցենզիայի (թույլտվության) հիման վրա, որտեղ գրանցված է այդ իրավաբանական անձը, և (կամ) այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան.
դեպոզիտարային գործունեություն՝ արժեթղթերի շուկայում արժեթղթերի նկատմամբ իրավունքների հաշվառման և փոխանցման ծառայությունների մատուցման գործունեություն.
դիլեր՝ իրավաբանական անձ, որն իրականացնում է դիլերային գործունեություն այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որտեղ գրանցված է այդ իրավաբանական անձը, և այդ անդամ պետության լիազորված մարմնի կողմից տրված լիցենզիայի (թույլտվության) հիման վրա.
դիլերային գործունեություն՝ արժեթղթերի առուվաճառքի գործարքների կատարում և (կամ) այնպիսի պայմանագրերի կնքում, որոնք ածանցյալ ֆինանսական գործիքներ են՝ իր անունից և իր հաշվին, եթե այդպիսի գործարքների կատարման (պայմանագրերի կնքման) համար պահանջվում է այն անդամ պետության լիազորված մարմնի կողմից տրված լիցենզիա (թույլտվություն), որտեղ գրանցված է այդպիսի գործարքները կատարող (պայմանագրերը կնքող) անձը.
բորսայի (առևտրի կազմակերպչի) կազմակերպված սակարկություններին մասնակցության թույլտվություն՝ բորսայի (առևտրի կազմակերպչի) կողմից անցկացվող կազմակերպված սակարկություններում ուղիղ (անմիջական) մասնակցության հնարավորության ապահովում՝ արժեթղթերի և (կամ) ածանցյալ ֆինանսական գործիքների (պայմանագրերի, որոնք ածանցյալ ֆինանսական գործիքներ են) առուվաճառքի պայմանագրերի կնքման համար.
օտարերկրյա հաճախորդ՝ ֆիզիկական անձ, որն անդամ պետության քաղաքացի չէ և օգտվում է բրոքերի ծառայություններից, կամ իրավաբանական անձ, որը գրանցված է Միության անդամ չհանդիսացող պետության տարածքում և օգտվում է բրոքերի ծառայություններից.
քլիրինգ՝ կատարման ենթակա պարտավորությունների սահմանում, որոնք ծագում են կազմակերպված սակարկությունների ժամանակ կնքվող պայմանագրերից, և այդ պարտավորությունների դադարեցման և (կամ) կատարման համար հիմք հանդիսացող փաստաթղթերի (տեղեկատվության) նախապատրաստում, ինչպես նաև այդ պարտավորությունների կատարման ապահովում.
քլիրինգային գործունեություն՝ գործունեություն՝ ուղղված քլիրինգի իրականացման ծառայությունների մատուցմանը.
քլիրինգային կազմակերպություն՝ իրավաբանական անձ, որն իրականացնում է քլիրինգային գործունեություն այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որտեղ գրանցված է այդ իրավաբանական անձը.
ազգային հաճախորդ՝ անդամ պետության քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձ կամ անդամ պետության տարածքում գրանցված (հիմնադրված) իրավաբանական անձ, որն օգտվում է այդ անդամ պետության տարածքում գրանցված բրոքերի ծառայություններից.
օտարերկրյա անվանատիրոջ հաշիվ՝ մեկ անդամ պետության դեպոզիտարիայի (կենտրոնական դեպոզիտարիայի) կողմից մյուս անդամ պետության դեպոզիտարիայի (կենտրոնական դեպոզիտարիայի) կամ մյուս անդամ պետության այն բրոքերի համար բացվող հաշիվ, որը, իր պետության օրենսդրությանը համապատասխան, իրավունք ունի իրականացնելու դեպոզիտարային գործունեություն.
լիազորված մարմին՝ անդամ պետության մարմին, որին, այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, վերապահված են բորսաների (առևտրի կազմակերպիչների), բրոքերների, դիլերների, դեպոզիտարիաների (կենտրոնական դեպոզիտարիաների), քլիրինգային կազմակերպությունների գործունեության կարգավորում, լիցենզավորում, հսկողություն, վերահսկողություն իրականացնելու լիազորություններ՝ բացառությամբ այն մարմինների, որոնց վերապահված են լիազորություններ միայն անդամ պետությունների այն տարածքների շրջանակներում, որտեղ ֆինանսական ոլորտում գործում է հատուկ իրավական ռեժիմ:
Սույն համաձայնագրում գործածվող այլ հասկացություններ կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով և Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով սահմանված իմաստներով: