Հոդված 6. Ֆինանսական համակարգի այլ մասնակիցների նկատմամբ կարգավորման և վերահսկողության գործառույթների փոխանցման կարգը և պայմանները
Հոդված 6. Ֆինանսական համակարգի այլ մասնակիցների նկատմամբ կարգավորման և վերահսկողության գործառույթների փոխանցման կարգը և պայմանները
1. 2006 թվականի հունվարի 1-ից արժեթղթերի հանձնաժողովը լուծարվում է, և նրա բոլոր լիազորությունները, այդ թվում՝ ինքնակարգավորվող կազմակերպությունների, հաշվետու թողարկողների գործունեության կարգավորման և վերահսկողության, ինչպես նաև արժեթղթերի շուկայի կարգավորման բնագավառի այլ լիազորություններն ամբողջովին իրավահաջորդությամբ վերապահվում են կենտրոնական բանկին: Կենտրոնական բանկի խորհուրդը ձեռք է բերում «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով արժեթղթերի հանձնաժողովին վերապահված լիազորությունները, իսկ կենտրոնական բանկի նախագահը՝ արժեթղթերի հանձնաժողովի նախագահի լիազորությունները:
2. Կենտրոնական բանկի խորհուրդը և նախագահը «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված որոշումները կայացնում են «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընթացակարգերով, եթե «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով այլ ընթացակարգեր սահմանված չեն:
3. 2006 թվականի հունվարի 1-ից դադարում են պետական իրավասու մարմնի լիազորությունները՝ կապված ապահովագրական գործունեություն իրականացնողների, գրավատների լիցենզավորման, կարգավորման և վերահսկողության հետ, որոնք ամբողջովին իրավահաջորդությամբ վերապահվում են կենտրոնական բանկին:
4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից կենտրոնական բանկը ձեռք է բերում կուտակային կենսաթոշակային ապահովագրություն իրականացնող կազմակերպությունների նկատմամբ կարգավորման և վերահսկողական գործառույթները և հանդիսանում է դրանց գործունեությունը կարգավորող և վերահսկող մարմին: