Հոդված 6. Գիտական կազմակերպությունը
Հոդված 6. Գիտական կազմակերպությունը
1. Գիտական կազմակերպությունը կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 51 հոդվածով, ինչպես նաև սույն հոդվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված ցանկացած առևտրային և ոչ առևտրային կազմակերպության կազմակերպական-իրավական ձև կամ լինել հիմնարկ:
2. Գիտական կազմակերպություններն ստորաբաժանվում են գիտահետազոտական կազմակերպությունների, բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների գիտական ստորաբաժանումների, փորձակոնստրուկտորական, նախագծակոնստրուկտորական, նախագծատեխնոլոգիական կամ գիտական և գիտատեխնիկական գործունեություն ծավալող այլ կազմակերպությունների:
3. Գիտական կազմակերպության գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման կարգը սահմանվում է օրենսդրությամբ:
Առևտրային կազմակերպության կարգավիճակ ունեցող գիտական կազմակերպությունները կարող են լինել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, ինչպես նաև բաց կամ փակ բաժնետիրական ընկերության կազմակերպական-իրավական ձևերով: Առևտրային գիտական կազմակերպությունների կանոնադրություններն ընդունվում են այդ կազմակերպությունների կողմից: Դրանք օրենքով սահմանված կարգով գրանցում է հիմնադիրը:
Ոչ առևտրային գիտական կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող իրավաբանական անձ է, որի կանոնադրությունն ընդունվում է այդ կազմակերպությունում և, օրենքով սահմանված կարգով, հաստատվում հիմնադրի կողմից:
4. Գիտական պետական կազմակերպությունը ոչ առևտրային, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն է, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 129 հոդվածի, սույն օրենքի, այլ օրենքների ու նորմատիվ ակտերի հիման վրա և դրանցում նախատեսված կարգով ու սահմանված հիմքով ձեռք է բերում իր խնդիրների իրականացման համար անհրաժեշտ իրավունքներ և պարտականություններ: Գիտական պետական կազմակերպության կանոնադրությունը հաստատում է հիմնադիրը, իսկ նրա գույքը չի կարող օտարվել մասնավորեցման կարգով:
5. Պետական հիմնարկ հանդիսացող գիտական կազմակերպությունը սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև իր հիմնադրի հաստատած կանոնադրությամբ սահմանված կարգով տիրապետում, օգտագործում, տնօրինում է իրեն տրամադրված գույքը` դրա նշանակությանը համապատասխան: Հիմնարկն ունի հաշվեկշիռ, նախահաշիվ, բանկային հաշիվ և զինանշանով կնիք: Պետական հիմնարկ հանդիսացող գիտական կազմակերպության գույքը սեփականության իրավունքով պատկանում է պետությանը և չի կարող օտարվել մասնավորեցման կարգով: Հիմնարկի իրավական վիճակի այլ առանձնահատկությունները սահմանվում են օրենքով և հիմնարկի կանոնադրությամբ:
6. Գիտական կազմակերպությունը կարող է գիտական կամ գիտատեխնիկական համագործակցություն իրականացնել օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ` օրենսդրությամբ սահմանված կարգով:
7. Բարձր որակավորմամբ գիտական աշխատողներ և մասնագետներ ունեցող գիտական կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ` կառավարություն) կարող է տալ գիտական կենտրոնի կարգավիճակ: Կենտրոնը համալիր ուսումնասիրություն կատարող, ինչպես նաև բարձր որակավորման աշխատողներ և մասնագետներ ունեցող գիտական կազմակերպություն է կամ դրա առանձնացված տարածքային միավորում:
8. Գիտական կազմակերպությունն ստեղծվում, վերակազմակերպվում և լուծարվում է օրենսդրությամբ սահմանված կարգով: