Հոդված 1. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Հոդված 1. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
գիտական և գիտատեխնիկական գործունեություն` ձեռք բերած գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտելիքների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեություն, ներառյալ`
ա) հիմնարար գիտական հետազոտություններ` բնության օրենքների, մարդու գործունեության, հասարակության կառուցվածքի և զարգացման հիմնական օրինաչափությունների մասին ունեցած գիտելիքների ընդլայնմանն ու նոր գիտելիքների ձեռքբերմանն ուղղված տեսական կամ փորձարարական գործունեություն,
բ) կիրառական գիտական հետազոտություններ` հիմնականում գործնական նշանակություն ունեցող, որոշակի խնդիրների լուծմանը նպատակաուղղված հետազոտություններ.
փորձարարական մշակումներ` գիտական հետազոտությունների կամ գործնական փորձի միջոցով ձեռք բերված գիտելիքների վրա հիմնված և մարդու կյանքի ու առողջության պահպանմանը, նոր նյութերի, արտադրանքի, ծառայությունների, համակարգերի կամ մեթոդների ստեղծմանը և դրանց հետագա կատարելագործմանն ուղղված գործունեություն.
ինովացիոն գործունեություն` գիտական արդյունքների օգտագործմանը, նոր արդյունքների ստացմանը, թողարկվող արտադրանքի որակի բարձրացմանը և ծախսերի նվազեցմանն ուղղված գործունեություն.
գիտական և գիտատեխնիկական պետական քաղաքականություն` պետության քաղաքականության բաղկացուցիչ մաս, որն արտահայտում է պետության վերաբերմունքը գիտական ու գիտատեխնիկական գործունեության նկատմամբ, որոշում այդ բնագավառում պետական մարմինների գործունեության հիմնական նպատակները, սկզբունքները, ուղղությունները և եղանակները.
գիտական և (կամ) գիտատեխնիկական արդյունք` նոր գիտելիքներ կամ լուծումներ բովանդակող ու տեղեկատվության ցանկացած կրիչի վրա գրանցված գիտական և (կամ) գիտատեխնիկական գործունեության արդյունք, որը կարող է ներդրվել հասարակական կյանքի տարբեր ոլորտներում.
գիտնական` գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող սուբյեկտ, որն զգալի ներդրում ունի գիտության մեջ.
գիտական աշխատող` գիտական կազմակերպություններում, հիմնարկներում, բարձրագույն ուսումնական հաստատություններում, գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական, գիտամանկավարժական, փորձատեխնոլոգիական, նախագծակոնստրուկտորական, նախագծատեխնոլոգիական, հետախուզական աշխատանքներ կատարող անձ.
գիտական կամ գիտատեխնիկական կազմակերպություն (այսուհետ` գիտական կազմակերպություն)` կազմակերպություն, որը, անկախ իր կազմակերպական-իրավական ձևից, հիմնականում իրականացնում է գիտական կամ գիտատեխնիկական գործունեություն, զբաղվում է գիտական կադրերի պատրաստմամբ: