Հոդված 13. Գիտական և գիտատեխնիկական գործունեության կառավարումը
Հոդված 13. Գիտական և գիտատեխնիկական գործունեության կառավարումը
1. Գիտական և գիտատեխնիկական գործունեության կառավարումն իրականացվում է պետական կարգավորման և այդ գործունեության սուբյեկտների ինքնակառավարման սկզբունքների զուգակցմամբ:
2. Պետական մարմինները, գիտական և գիտատեխնիկական կազմակերպությունները, իրենց իրավասության շրջանակներում, որոշում են գիտության և տեխնիկայի զարգացման ոլորտում գերակա ուղղությունները, ապահովում գիտական համակարգի զարգացումը, գիտական և գիտատեխնիկական գործունեության միջճյուղային համակարգումը, գիտական ու գիտատեխնիկական ծրագրերի և նախագծերի մշակումն ու իրականացումը, գիտության և արտադրության ինտեգրման ձևերի զարգացումը, գիտության և տեխնիկայի նվաճումների իրացումը:
3. Գիտական պետական կազմակերպությունների հիմնադիրները`
ա) հաստատում են գիտական պետական կազմակերպությունների կանոնադրությունները.
բ) վերահսկողություն են իրականացնում պետության կողմից գիտական պետական կազմակերպություններին տրամադրված գույքի արդյունավետ օգտագործման, տիրապետման և պահպանման նկատմամբ.
գ) իրենց իրավասության շրջանակներում իրականացնում են այլ լիազորություններ:
ԳԱԱ և գիտական այլ կազմակերպությունների ղեկավարները նշանակվում կամ ընտրվում են օրենսդրությամբ և իրենց կանոնադրություններով սահմանված կարգով: