Հոդված 15.2. Բարձրագույն որակավորման կոմիտեն
Հոդված 15.2. Բարձրագույն որակավորման կոմիտեն
1. Բարձրագույն որակավորման կոմիտեն ապահովում է գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհուրդների ստեղծումը և դրանց աշխատանքների կազմակերպումը, ինչպես նաև գիտական աստիճանաշնորհման համակարգի պետական չափանիշների մշակումը:
2. Բարձրագույն որակավորման կոմիտեն ղեկավարում է կոմիտեի նախագահը:
3. Բարձրագույն որակավորման կոմիտեն՝
1) կազմում և համապատասխան նախարարի հաստատմանն է ներկայացնում այն գիտական մասնագիտությունների անվանացանկը, որոնց գծով շնորհվում են գիտական աստիճաններ և գիտական կոչումներ.
2) հաստատում և համապատասխան դիպլոմներով ամրագրում է գիտական աստիճանները` հիմք ընդունելով մասնագիտական խորհուրդների որոշումները և որակավորման գործի ուսումնասիրությունը.
3) հաստատում և համապատասխան դիպլոմներով ամրագրում է գիտական կոչումները` հիմք ընդունելով բուհերի և գիտական կազմակերպությունների գիտական (գիտատեխնիկական) խորհուրդների որոշումներն ու գործի ուսումնասիրությունը.
4) նախկին ԽՍՀՄ գիտական աստիճանի վկայագրերի հիման վրա հանձնում է Հայաստանի Հանրապետության գիտական աստիճանի վկայագրեր.
5) համապատասխան նախարարին ներկայացնում է եզրակացություն օտարերկրյա պետություններում ստացված գիտական աստիճանի վկայագիրը Հայաստանի Հանրապետության գիտական աստիճանի վկայագրին համապատասխանեցնելու մասին.
6) համագործակցում է օտարերկրյա պետությունների համապատասխան մարմինների հետ.
7) կազմակերպում է ատենախոսությունների և սեղմագրերի պահպանումը.
8) կազմակերպում է տեղեկագրերի հրատարակումը:
(15.2-րդ հոդվածը լրաց. 23.03.18 ՀՕ-293-Ն)