Հոդված 2. Հայաստանի Հանրապետության զինանշանը
Հոդված 2. Հայաստանի Հանրապետության զինանշանը
Հայաստանի Հանրապետության զինանշանը Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներից է:
Հայաստանի Հանրապետության զինանշանն է` կենտրոնում` վահանի վրա պատկերված են Արարատ լեռը` Նոյյան տապանով և պատմական Հայաստանի թագավորություններից չորսի` վերևից ձախ` Բագրատունիների, վերևից աջ` Արշակունիների, ներքևից ձախ` Արտաշիսյանների, ներքևից աջ` Ռուբինյանների զինանշանները: Վահանը պահում են արծիվը (ձախից) և առյուծը (աջից), իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն:
Հայաստանի Հանրապետության զինանշանի հիմնական գույնն է ոսկեգույնը, պատմական Հայաստանի թագավորություններինը` վերևից ձախ` կարմիր, վերևից աջ` կապույտ, ներքևից ձախ` կապույտ, ներքևից աջ` կարմիր, և կենտրոնում` վահանի վրա պատկերված Արարատ լեռը` նարնջագույն: Նշված գույները խորհրդանշում են Հայաստանի Հանրապետության դրոշի գույները:
Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը (գունավոր) ներկայացվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելվածում:
Արգելվում է`
1) Հայաստանի Հանրապետության զինանշանի` սույն օրենքով սահմանված պատկերի, դրա կառուցվածքի, ինչպես նաև գույների փոփոխումը, բացառությամբ սույն օրենքով նախատեսված միագույն օգտագործման դեպքերի.
2) Հայաստանի Հանրապետության զինանշանի` սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պատկերի կամ դրա բաղադրիչների պատճենահանած գործածումը այլ զինանշաններում, տարբերանիշերում կամ խորհրդանիշերում:
Սույն հոդվածի 5-րդ մասի, ինչպես նաև սույն օրենքի 3-րդ հոդվածի պահանջները խախտելը համազոր է պետական խորհրդանիշն անարգելուն:
(2-րդ հոդվածը լրաց. 07.04.09 ՀՕ-77-Ն)