Հոդված 18. Հատուկ միջոցներ գործադրելը
Հոդված 18. Հատուկ միջոցներ գործադրելը
1. Ոստիկանության զորքերի զինծառայողներն անձամբ կամ ստորաբաժանման կազմով իրավունք ունեն հատուկ միջոցներ գործադրելու հետևյալ դեպքերում.
1) քաղաքացիների, զինծառայողների, Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողների վրա կատարվող հարձակումը խափանելիս.
2) ոստիկանության զորքերի զինծառայողների նկատմամբ իրենց պարտականությունները կատարելիս ցուցաբերվող դիմադրությունը խափանելիս.
3) իրավախախտման պահին բռնված և փախուստի փորձ կատարող անձանց ձերբակալելիս.
4) երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ տվյալ անձը կամ անձինք պատրաստվում են զինված դիմադրություն ցույց տալ.
5) ձերբակալված անձանց Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային մարմիններ բերման ենթարկելիս, երբ նրանք իրենց վարքագծով հիմք են տալիս ենթադրելու, որ կարող են դիմել փախուստի, վնաս հասցնել շրջապատին կամ իրենց կամ դիմադրություն ցույց տալ ոստիկանության զորքերի զինծառայողներին.
6) զինվորական բնակավայրերի, շարժակազմերի և շարասյուների, պահպանվող օբյեկտների, կառույցների և բեռների վրա կատարվող հարձակումները խափանելիս.
7) առևանգված, ապօրինաբար ազատությունից զրկված և բռնի կերպով պահվող անձանց, զավթած կառույցները, շենքերը, շինությունները, տարածքներն ու տրանսպորտային միջոցներն ազատելիս.
8) տրանսպորտի, կապի հիմնարկների, կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) աշխատանքները խանգարող, ինչպես նաև զանգվածային անկարգությունները և խմբակային գործողությունները խափանելիս:
2. Ոստիկանության զորքերի զինծառայողները որպես հատուկ միջոցներ կարող են գործադրել՝
1) ռետինե մահակներ՝ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված դեպքերում.
2) արցունքաբեր գազ՝ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված դեպքերում.
3) ձեռնաշղթաներ՝ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 8-րդ կետերով նախատեսված դեպքերում: Ձեռնաշղթաների բացակայության դեպքում ոստիկանության զորքերի զինծառայողն իրավունք ունի կապելու նպատակով օգտագործելու ձեռքի տակ եղած այլ միջոցներ.
4) ուշադրություն շեղող լուսաձայնային միջոցներ՝ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 4-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված դեպքերում.
5) արգելքները քանդելու միջոցներ՝ սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված դեպքերում.
6) տրանսպորտային միջոցների հարկադիր կանգնեցման միջոցներ՝ սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ և 8-րդ կետերով նախատեսված դեպքերում.
7) ջրանետեր, զրահամեքենաներ՝ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 4-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված դեպքերում, և միայն ոստիկանության զորքերի հրամանատարի կամ նրա տեղակալի հրամանով՝ դրանց գործադրման պահից 24 ժամվա ընթացքում այդ մասին ծանուցելով դատախազին.
8) էլեկտրահարող սարքեր, կայծային պարպիչներ՝ սույն հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով նախատեսված դեպքերում.
9) ծառայողական շներ՝ սույն հոդվածի 1-ին մասի 1-8-րդ կետերով նախատեսված դեպքերում:
3. Հատուկ միջոցները օգտագործելու և ոստիկանության զորքերի զինծառայողներին հատկացնելու կարգը, ինչպես նաև դրանց պահպանման ժամկետները սահմանվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով:
4. Հատուկ միջոցների բոլոր տեսակները կարող են գործադրվել նաև սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում:
5. Արգելվում է հատուկ միջոցներ գործադրել հղիության նկատելի նշաններով կանանց, ակնհայտ հաշմանդամների և անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված հարձակում գործելու, զինված դիմադրության, մարդկանց կյանքին և առողջությանը սպառնացող խմբակային հարձակման դեպքերի:
6. Անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության վիճակում ոստիկանության զորքերի զինծառայողը հատուկ միջոցների կամ հրազենի բացակայության դեպքում իրավունք ունի օգտագործելու ձեռքի տակ եղած բոլոր հնարավոր միջոցները: