Հոդված 16. Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, հրազեն, մարտական տեխնիկա գործադրելու հիմքերը, պայմանները և սահմանները
Հոդված 16. Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, հրազեն, մարտական տեխնիկա գործադրելու հիմքերը, պայմանները և սահմանները
1. Ոստիկանության զորքերն իրավունք ունեն գործադրելու ֆիզիկական ուժ, պահելու և օգտագործելու հատուկ միջոցներ, հաշվեցուցակային զենք և մարտական տեխնիկա միայն սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով։
2. Ոստիկանության զորքերի զինծառայողները պարտավոր են անցնել հատուկ պատրաստություն, ինչպես նաև պարբերաբար անցնել ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, հրազենի, մարտական տեխնիկայի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու ունակությունը որոշող ստուգումներ: Միայն համապատասխան պատրաստություն անցնելուց հետո ոստիկանության զորքերի զինծառայողն իրավունք ունի պահելու և կրելու, ինչպես նաև գործադրելու (կիրառելու) հրազեն, հատուկ միջոցներ և մարտական տեխնիկա: Ոստիկանության զորքերի զինծառայողների անհատական և կոլեկտիվ հատուկ պատրաստություն անցնելու ծրագիրը հաստատում է ոստիկանության զորքերի հրամանատարը:
3. Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, հրազեն, մարտական տեխնիկա գործադրելիս ոստիկանության զորքերի զինծառայողը պարտավոր է՝
1) դրանք գործադրելու մասին նախազգուշացնել իրավախախտողներին՝ բավարար ժամանակ տալով նրանց իր պահանջները կատարելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, զենք կամ մարտական տեխնիկա գործադրելու հապաղումը վտանգի տակ է դնում իր, քաղաքացիների, զինծառայողների կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության աշխատակիցների կյանքն ու առողջությունը, կարող է այլ ծանր հետևանքներ առաջացնել, կամ ստեղծված իրավիճակում այդպիսի նախազգուշացումն անհնարին է.
2) ապահովել մարմնական վնասվածքներ ստացած անձանց առաջին բուժօգնությունը.
3) Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կողմից սահմանված կարգով զեկուցել ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, հրազեն, մարտական տեխնիկա գործադրելու յուրաքանչյուր դեպքի մասին։
4. Ոստիկանության զորքերի հրամանատարը պարտավոր է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և դատախազին անհապաղ տեղեկացնել ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, հրազեն, մարտական տեխնիկա գործադրելու հետևանքով վիրավորվածների կամ մահվան բոլոր դեպքերի մասին։
5. Օրենքով չնախատեսված դեպքերում ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, հրազեն, մարտական տեխնիկա գործադրելը կամ սահմանների անցումով դրանց գործադրելն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: