Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-07-05-ից մինչև 2020-02-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ

Հոդված 27. Քննությունների անցկացման և արդյունքների բողոքարկման կարգը

գործել է մինչև 2020-02-22Բացել ARLIS-ում

Հոդված 27. Քննությունների անցկացման և արդյունքների բողոքարկման կարգը

1. Ակադեմիայում մասնագիտական պատրաստման ընթացքում դասավանդվող առարկայական կուրսի արդյունքները, որպես կանոն, գնահատվում են գրավոր քննությունների միջոցով: Գրավոր քննության համար նախատեսված կարգից բացառություններ կարող են նախատեսվել Խորհրդի որոշմամբ այն առարկայական կուրսերից հանձնվող քննությունների համար, որոնք չեն կարող անցկացվել գրավոր եղանակով:

2. Գրավոր քննության արդյունքների ստուգումը և գնահատումը գնահատման հանձնաժողովն իրականացնում է անանուն:

3. Գրավոր քննության յուրաքանչյուր աշխատանքի ստուգումը իրականացնում են սույն օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված գնահատման հանձնաժողովի կազմից վիճակահանությամբ ընտրված երկու ստուգողները, որոնցից մեկը պետք է լինի համապատասխանաբար դատավոր, քննիչ, դատախազ, դատական դեպարտամենտի ղեկավարի, քննչական կոմիտեի նախագահի կամ գլխավոր դատախազի նշանակած անձը, իսկ մյուսը՝ գիտության համապատասխան բնագավառի մասնագետ:

4. Եթե դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում, քննիչների կամ դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ընթացքում նախատեսված գրավոր քննության՝ սույն հոդվածի 3-րդ մասին համապատասխան ստուգման արդյունքներով ստուգողների նշանակած միավորներում առկա է առնվազն 20 տոկոսից ավելի շեղում, նշանակվում է լրացուցիչ ստուգում, որին մասնակցում են գնահատման հանձնաժողովի կազմից վիճակահանությամբ ընտրված համապատասխանաբար մեկ այլ դատավոր, քննիչ կամ դատախազ և գիտության համապատասխան բնագավառի՝ արդարադատության նախարարի նշանակած մյուս մասնագետը, իսկ քննչական կոմիտեի դեպարտամենտի պետական ծառայողների, դատական ծառայողների, դատախազության աշխատակազմում պետական ծառայողների և դատական կարգադրիչների պարագայում ստուգումն իրականացնում են հանձնաժողովի կազմից վիճակահանությամբ ընտրված երկու այլ ստուգողներ:

5. Գնահատման հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի ծանոթանալու ստուգված գրավոր աշխատանքին և ներկայացնելու իր նկատառումները:

6. Ակադեմիայում գրավոր քննության ստուգման արդյունքներով վերջնական գնահատականը որոշում է գնահատման հանձնաժողովը՝ առնվազն 4 ձայնով ընդունված որոշմամբ: Եթե գնահատման հանձնաժողովը անհրաժեշտ ձայներով որոշում չի կայացնում վերջնական գնահատականի վերաբերյալ, ապա այն որոշվում է համապատասխանաբար 2, իսկ լրացուցիչ ստուգում նշանակված լինելու դեպքում՝ 4 ստուգողների նշանակած գնահատականների միջինով:

7. Ակադեմիայում քննության ժամանակ ունկնդրին տրվող հարցերը պետք է բխեն ուսումնական ծրագրի շրջանակներում մատուցված նյութից:

8. Ստուգված գրավոր աշխատանքները պետք է պարունակեն դրանցում առկա թերությունների վերաբերյալ ստուգողների կատարած համապատասխան նշումներ, որոնք հնարավորություն կտան եզրահանգումներ անելու գնահատման հիմքում ընկած հանգամանքների մասին:

9. Ունկնդիրն իրավունք ունի դիմելու և գնահատման հանձնաժողովի անդամներից ստանալու իր գնահատականի վերաբերյալ լրացուցիչ բանավոր պարզաբանումներ:

10. Յուրաքանչյուր ունկնդիր գնահատման հանձնաժողովի որոշման հրապարակման օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում կարող է դիմել բողոքարկման հանձնաժողով, եթե համարում է, որ խախտվել է քննությունների անցկացման ընթացակարգը, կամ վիճարկում է քննության գնահատականը:

11. Քննության ընթացակարգը կամ գնահատականը բողոքարկելիս ունկնդիրը հստակ նշում է բողոքի հիմքում ընկած հանգամանքները և իր հիմնավորումները:

12. Գրավոր աշխատանքը և բողոքը բողոքարկման հանձնաժողովին տրամադրվում են անանուն:

13. Բողոքարկման արդյունքներով կայացված որոշումները պատճառաբանվում են:

14. Քննության հետ կապված որոշումները կարող են բողոքարկվել վարչական դատարան միայն քննությունների անցկացման ընթացակարգի, գրավոր աշխատանքների ստուգման, գնահատման և բողոքարկման ընթացակարգային նորմերի խախտման հիմքով:

15. Ռեկտորը ապահովում է գրավոր քննությունների ողջ ընթացքի տեսաձայնագրումը:

16. Ունկնդիրն իրավունք ունի ստանալու գրավոր քննության ողջ ընթացքի տեսաձայնագրության կրկնօրինակը, ինչպես նաև գրավոր քննության ստուգված ցանկացած աշխատանքի պատճենները:

17. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը և արդարադատության նախարարը՝ դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց պարագայում, դատական դեպարտամենտի ղեկավարը՝ դատական ծառայողների և դատական կարգադրիչների պարագայում, քննչական կոմիտեի նախագահը` քննիչների, քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց և քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայողների պարագայում, իսկ գլխավոր դատախազը՝ դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց և դատախազության աշխատակազմում պետական ծառայողների պարագայում, կարող են ցանկացած ժամանակ դիմել և եռօրյա ժամկետում ստանալ քննության տեսագրության կրկնօրինակը և գրավոր քննության ստուգված աշխատանքների պատճենները:

(27-րդ հոդվածը լրաց. 19.05.14 ՀՕ-27-Ն, 13.06.18 ՀՕ-354-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։