Հոդված 22. Ուսումնառության ժամաքանակը և ժամկետները
Հոդված 22. Ուսումնառության ժամաքանակը և ժամկետները
1. Ուսումնառության ժամաքանակի չափման միավորը մեկ ակադեմիական ժամն է, որի տևողությունը 40 րոպե է:
2. Դատավորների, դատախազների և դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց պարտադիր վերապատրաստման ուսումնառության ժամաքանակը կազմում է առնվազն 80, բայց ոչ ավելի, քան 120 ակադեմիական ժամ:
2.1. Քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման, քննչական կոմիտեի քննիչների, քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայողների վերապատրաստման, ինչպես նաև ըստ ատեստավորման կամ գնահատման արդյունքների` լրացուցիչ վերապատրաստման ուսումնառության ժամաքանակը և ուսումնառության ժամկետի տևողությունը սահմանում է քննչական կոմիտեի նախագահը: Մասնագիտական պատրաստման, վերապատրաստման ժամաքանակը և ուսումնառության ժամկետի տևողությունը չեն կարող գերազանցել սույն հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով նախատեսված պահանջները 30 տոկոսից ավելի չափով:
2.2. Հատուկ քննչական ծառայության քննիչների վերապատրաստման, ինչպես նաև ըստ ատեստավորման կամ գնահատման արդյունքների` լրացուցիչ վերապատրաստման ուսումնառության ժամաքանակը և ուսումնառության ժամկետի տևողությունը սահմանվում են «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
3. Դատական ծառայողների, դատական կարգադրիչների և դատախազության աշխատակազմում պետական ծառայողների վերապատրաստման, ինչպես նաև ըստ ատեստավորման կամ գնահատման արդյունքների` լրացուցիչ վերապատրաստման կարիք ունեցող դատական ծառայողների, դատական կարգադրիչների և դատախազների, դատախազության աշխատակազմում պետական ծառայողների ուսումնառության ժամաքանակը սահմանում են համապատասխանաբար Բարձրագույն դատական խորհուրդը և հանրապետության գլխավոր դատախազը:
4. Դատավորների թեկնածուների հավակնորդների և դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց ուսումնառության ժամկետի տևողությունը առնվազն 7 ամիս է, բայց ոչ ավելի, քան 10 ամիս, բացառությամբ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածի 11-րդ մասով և 124-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված գործնական հմտությունների զարգացման մասով ուսուցման, որի ժամկետները սահմանում է Խորհուրդը:
5. Դատավորների թեկնածուների հավակնորդների, քննիչների և դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման գործընթացը, որպես կանոն, սկսվում է թեկնածուների և թեկնածությունների ցուցակների համալրումն ավարտվելու ամսվան հաջորդող ամսվանից:
6. Դատավորների թեկնածուների մասնագիտական պատրաստումը, որպես կանոն, սկսվում է Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ցուցակում ընդգրկված` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետով նախատեսված անձանց ցուցակի համալրումն ավարտելուն հաջորդող ամսվանից:
(22-րդ հոդվածը լրաց. 19.05.14 ՀՕ-27-Ն, փոփ., խմբ., լրաց. 13.06.18 ՀՕ-354-Ն)