Հոդված 39. Պաշտպանի աշխատակազմի ստորաբաժանումների և քարտուղարության կառավարումը և ղեկավարումը
Հոդված 39. Պաշտպանի աշխատակազմի ստորաբաժանումների և քարտուղարության կառավարումը և ղեկավարումը
1. Պաշտպանի աշխատակազմի ստորաբաժանումների և քարտուղարության կառավարումն իրականացնում է Պաշտպանը: Պաշտպանը՝
1) ղեկավարում, համակարգում և վերահսկում է Պաշտպանի աշխատակազմի ստորաբաժանումների ընթացիկ գործունեությունը, ապահովում է դրանց առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացումը.
2) արձակում է պարտադիր կատարման ենթակա հրամաններ, հանձնարարականներ, ընդունում որոշումներ.
3) հաստատում և փոփոխում է Պաշտպանի աշխատակազմի աշխատողների քանակը և հաստիքացուցակը.
4) հաստատում և փոփոխում է քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում՝ այլ պաշտոնատար անձանց պաշտոնների անձնագրերը.
5) նշանակում և պաշտոնից ազատում է քաղաքացիական ծառայողներին և Պաշտպանի աշխատակազմում այլ պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
6) սահմանում է վերապատրաստման, գործունեության գնահատման կարգը, չափանիշները և բնութագրի ձևը, Պաշտպանի աշխատակազմում պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնները, ներքին կարգապահական կանոնները և գործավարության (փաստաթղթաշրջանառության) կարգը.
7) «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի հիման վրա սահմանում է Պաշտպանի աշխատակազմում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի կարգը.
8) քաղաքացիական ծառայողներին և Պաշտպանի աշխատակազմում այլ պաշտոն զբաղեցնող անձանց իր որոշմամբ գործուղում կամ տրամադրում է արձակուրդ.
8․1) սահմանում է էթիկայի հանձնաժողովի կազմը, գործունեության կարգը և լիազորությունների շրջանակը.
9) տալիս է Պաշտպանի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ վերալիազորման իրավունքով.
10) իրականացնում է Սահմանադրությամբ և սույն օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
2. Քարտուղարության ղեկավարումն իրականացնում է գլխավոր քարտուղարը։ Գլխավոր քարտուղարը՝
1) օժանդակում է կադրային քաղաքականության, ֆինանսաբյուջետային, նյութատեխնիկական ապահովմանն ուղղված աշխատանքներին.
2) նշանակում և պաշտոնից ազատում է քարտուղարության տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
3) ապահովում է Պաշտպանի աշխատակազմի գործունեության վերլուծությունը և ամփոփումը.
4) իրականացնում է Պաշտպանին հասցեագրված բողոքների ընդունման և հաշվառման, դրանց ժամկետների պահպանման հետ կապված աշխատանքները.
5) վարում է աշխատակազմում պաշտոն զբաղեցնող անձանց անձնական գործերը.
6) ապահովում է համացանցում Պաշտպանի պաշտոնական կայքի աշխատանքները.
7) ապահովում է Պաշտպանի խորհրդակցությունների, հանդիպումների, այցերի, ինչպես նաև քաղաքացիական ծառայողների վերապատրաստման և գործուղման համար անհրաժեշտ կազմակերպական աշխատանքների իրականացումը.
8) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
3. Պաշտպանի աշխատակազմի ստորաբաժանման ղեկավարումն իրականացնում է ստորաբաժանման ղեկավարը: Ստորաբաժանման ղեկավարը`
1) ապահովում է ստորաբաժանման նպատակներից և խնդիրներից բխող գործառույթների իրականացումը.
2) համակարգում է իր պատասխանատվության ներքո գտնվող բնագավառներում անհրաժեշտ աշխատանքների իրականացումը.
3) իր պատասխանատվության ոլորտներում վերահսկողություն է իրականացնում Պաշտպանի հանձնարարականների կատարման նկատմամբ, արդյունքների մասին հաշվետվություն է ներկայացնում Պաշտպանին.
4) Պաշտպանի հաստատած կարգով ապահովում է ստորաբաժանման պատասխանատվության ոլորտին առնչվող փաստաթղթաշրջանառությունը.
5) իր իրավասության սահմաններում համագործակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
6) հանդիսանում է Պաշտպանի ներկայացուցիչը այլ մարմինների, կազմակերպությունների և քաղաքացիների հետ հարաբերություններում.
7) սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով փոխարինում է Պաշտպանին.
8) սույն օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ իրականացնում է Պաշտպանի պատվիրակած լիազորությունները.
9) իրականացնում է սույն օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
(39-րդ հոդվածը փոփ. 13.06.18 ՀՕ-355-Ն, խմբ., փոփ., լրաց. 21.01.20 ՀՕ-15-Ն)