Հոդված 46. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք ստացած անձի իրավունքները և պարտականությունները
Հոդված 46. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք ստացած անձի իրավունքները և պարտականությունները
1. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք ստացած անձը իրավունք ունի`
1) կատարելու բացառիկ իրավունքով տրամադրված տարածքի սահմաններում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ.
2) տրամադրված օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման համար ներգրավել երրորդ անձանց` քաղաքացիաիրավական պայմանագրի կնքմամբ.
3) առաջնահերթությամբ ստանալ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ընդերքի այն տեղամասի նկատմամբ, որի վերաբերյալ սեփական միջոցների հաշվին ստացել է երկրաբանական տեղեկություն:
2. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք ստացած անձը պարտավոր է`
1) աշխատանքներն իրականացնել` համաձայն լիազոր մարմնի հետ համաձայնեցված աշխատանքային ծրագրի.
2) լիազոր մարմնին տեղեկացնել արդյունաբերական նշանակություն ունեցող օգտակար հանածոների հայտնաբերման մասին դրանց հայտնաբերումից հետո` 14 օրվա ընթացքում.
3) մետաղական օգտակար հանածոների քանակի, որակի և այլ հատկությունների վերաբերյալ տեղեկատվության արժանահավատությունն ապահովելու նպատակով փորձանմուշները հսկողական անալիզի ենթարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
4) յուրաքանչյուր տարվա ավարտից հետո` 60 օրվա ընթացքում, լիազոր մարմին ներկայացնել միջանկյալ հաշվետվություն` մանրամասնելով կատարված երկրաբանական աշխատանքները.
5) երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների արդյունքում ստացած տեղեկատվությունը հանձնել լիազոր մարմնին՝ սահմանված կարգով.
6) տալ շրջակա միջավայրի ազդեցության գնահատականը, այդ թվում` բնապահպանական կառավարման պլանը և մշտադիտարկումների ծրագրերի կազմումը.
7) կրել սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված այլ պարտականություններ:
(46-րդ հոդվածը փոփ. 21.06.14 ՀՕ-112-Ն)
(46-րդ հոդվածի 2-րդ մասը 18.10.16 ՀՕ-161-Ն օրենքի 11-րդ հոդվածի լրացմամբ ուժի մեջ կմտնի 04.05.2017 թ.)